Ապրիլյան պատերազմի առաջին օրերին Հայաստանի քաղաքացիները պարենամթերք, հագուստ և տարբեր պարագաներ էին ինքնակամ տանում Արցախ, հետո այդ աշխատանքների կազմակերպումը կառավարությունը «դրեց» արտակարգ իրավիճակների նախարարության վրա: Այս պահի դրությամբ կա՞ն թվային տվյալներ, թե ով որքան ծանրոց է ուղարկել Արցախ: Արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ նախարարությունը որոշակի տվյալներ ունի, սակայն դժվարացավ հանպատրաստից ներկայացնել դրանք, նաև վստահեցրեց, որ այդ ամենը մեկ առ մեկ ներկայացվել է Արցախի կառավարությանը: Ե՛վ Հայաստանում, և՛ սփյուռքում շատերը թերահավատ են, որ իրենց օգնությունը տեղ է հասնում և հասցեական է:
Այս մտահոգությունը փարատեց Արմեն Երիցյանը, վստահեցնելով, որ ամեն ինչ տեղ է հասնում. «Համենայն դեպս, մեր նախարարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մեզ մոտ հաշվառված օգնությունը փաստաթղթերով հանձնվել է Ղարաբաղի մեր գործընկերներին»: Հավելենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը զբաղվել է միայն պարենամթերքի, հագուստի ու այլ պարագաների փոխանցմամբ, իսկ դրամական փոխանցումների հետ գործ չունի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ