Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պաշտոնյան Հայաստանին որ երկրի «տեղն» է դրել

Պաշտոնյան Հայաստանին որ երկրի «տեղն» է դրել
24.05.2016 | 16:38

Կառավարության ղեկավարի հայտարարած կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին այսօր նույն կառույցի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ուշագրավ նրբերանգներ է հաղորդել: Հետևելով այդ մարտին, կարելի է ասել, որ Հայաստանում ամենակոռումպացված ու մենաշնորհային «ոլորտը» պետական ապարատն է: Քանի որ կառավարությունը որոշել է, որ այդ «ահասարսուռ» պատերազմի առաջին զոհերը պետք է լինեն պետական ապարատի ներկայացուցիչները: Ակնհայտ է, որ աշխատանքից հաստատապես կզրկվեն նրանք, ովքեր թիկունք, հովանավորներ ու լավ ԽԾԲ-ներ չունեն: Այսինքն, էլի ամենախոցելի ու անպաշտպան հատվածն է լինելու թիրախում: Մինչդեռ ծառայողական մեքենաների կրճատման առնչությամբ Դավիթ Հարությունյանը «հուսադրել» է «ազգով-տակով» դրանցով երթևեկող պաշտոնյաներին: Կրճատվելու են հիմնականում, այսպես ասած, «անպիտան» մեքենաները:

«Դրանց հետ կապված ունենք երկու հնարավոր մոտեցում: Դրանք տեղափոխում ենք այն մարմիններ, որտեղ կա պակասուրդ և պետք է նոր մեքենա գնեին: Մենք ասում ենք՝ եկեք նոր մեքենայի գումարը տնտեսենք, ձեզ օգտագործված մեքենա տանք: Երկրորդ տարբերակը հետևյալն է՝ ենթադրենք, մի մարմին մենք ֆինանսավորում ենք 7 մեքենայի հաշվարկով, բայց մարմնում առկա է 9 մեքենա: Կախված նրանից, թե այդ 7 մեքենաների վիճակն ինչպիսին է, երբ են դրանք սպառելու իրենց ռեսուրսները, մենք կարող ենք որոշում կայացնել, երկու մեքենան կոնսերվացնել, թույլ չտալ ֆինանսական որևէ ծախս անել դրանց վրա: Երբ հերթական մեքենան շարքից դուրս կգա, նոր մեքենա չենք գնի, կփոխարինենք դրանցով»,- նշել է պաշտոնյան: Կասկածից վեր է, չէ՞, որ այս առումով ոչ մի պայքար, այն էլ սրբազան, չի լինելու: Ժողովրդի հաշվին էլի շարունակելու են պաշտոնյաներն իրենց ծառայողական մեքենաներով «վոյաժներ» անել: Այն դեպքում, որ նրանցից յուրաքանչուրը նվազագույնը երկու գերժամանակակից, թանկարժեք մեքենա ունի: Բայց ավելորդ «պատառը», այն էլ ոչ իրենց գրպանի հաշվին, հաստատ հայ պաշտոնյայի աչքը չի ծակի:

Դավիթ Հարությունյանը ևս մեկ ուշագրավ համեմատությունն է արել. «Մեր պետական համակարգի վրա արվող ծախսը պետք է համեմատվի այլ երկրների ծախսի հետ, և դուք կտեսնեք, որ Հայաստանը ոչ թե ուռճացված է, այլ հակառակը՝ գտնվում է սանդղակի ամենաներքևում»:

Հետաքրքիր է` Դավիթ Հարությունյանը ո՞ր երկրների հետ է Հայաստանը համեմատել, որ պարզել է, թե մենք «ամենաներքևում» ենք, ու արդյոք ներքևի և վերևի խնդիր է դրվում մի երկրում, որտեղ ժողովրդի գրեթե կեսն աղքատ է, իսկ կառավարության «յուղոտած» պաշտոնյաները ապրում են «շեյխերի» կյանքով: Եթե Հայաստանը զարգացած երկրների հետ է համեմատում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ապա վաղը ևեթ պետք է հեծանիվով աշխատանքի գնա: Ընդ որում` նման կոչով դիմի նաև կառավարության բոլոր անդամներին: Թող համեմատի` արդյոք նմանություն կա՞ պետական բյուջեի հաշվին միլիոններ մսխող պաշտոնյաների և, օրինակ, վարչապետի թեկնածու շվեդ այն պաշտոնյայի միջև, ով սխալմամբ պետական քարտով խանութից թոռան համար ընդամենը մի կոնֆետ էր գնել և դրա պատճառով «զրկվեց» վարչապետի պաշտոնից: Կարելի է շատ հակադրությունների մասին խոսել, ոչ համեմատությունների, որոնց շուրջ մեր կառավարությունը սիրում է անընդհատ շաղակրատել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ