Հայաստանում հոգևոր դասը վաղուց քաղաքական գործընթացներում ոչ թե կանգնում է հանրության կողքին և նրա հետ միաբանված հորդորում իշխանություններին արդարացի լուծումներ տալ խնդիրներին, այլ իշխանության «ասեղը թելելով»` կոչ է անում հանրությանը ենթարկվել նրա պահանջներին։ Եթե անգամ հանրային պահանջներն ինչ-որ առումով խոցելի են, ապա առավել ևս պետք է մարդկանց կողքին լինել ու հանդուրժողականություն սերմանել։ Սակայն հոգևոր դասն ամեն անգամ իշխանության կողքին կանգնելով, «վերևից» խոսելով իր «հոտի» հետ` ավելի է բորբոքում իրավիճակն ու ավելի մեծացնում հանրային անվստահությունը հոգևորականության հանդեպ։
Հերթական առիթը նախօրեին եղավ։ Սուրբծննդյան պատարագի ժամանակ Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Գուգարքի թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող ընդդիմադիրներին միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում։ Ի դեպ, պատարագին ներկա են եղել երկու կողմերն էլ՝ և քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, և «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամները, ինչպես նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հոգևորականի այս կոչը միանշանակ չի ընդունվել. շատերը կարծում են, թե սա հոգևոր դասի միջամտությունն է քաղաքական հարցերին, այն էլ՝ եկեղեցու խորանը օգտագործելով։
Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հոգևորականը դիմում ընդդիմադիրներին նահանջի կոչով, ոչ թե գործող քաղաքապետին, ում ընտրությունը բավականին հակասական է համարվում։ Ի վերջո, կարող էր նաև երկու կողմերին հանդուրժողականության կոչ անել, ոչ թե միայն ընդդիմադիր ավագանու անդամներին։ Եվ վերջում. մի՞թե Սուրբծննդյան պատարագը լավագույն առիթ էր նման հարցերը բարձրացնելու և քաղաքական «պատվիրաններ» հնչեցնելու համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ