Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հանուն ինչի՞

Հանուն ինչի՞
26.04.2017 | 19:18

Արդեն երկու օր է` ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքների վիճարկման մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։ ԿԸՀ-ն հնչեցրած մեղադրանքները համարում է սուբյեկտիվ, իսկ ՀԱԿ-ն աներեր է՝ կատարվել է մեծածավալ խախտումներ։ «Դաշինքի դիմումում ներկայացված դեպքերը չունեն առաջնային նշանակություն, և դրանք ոչ թե փաստեր են, այլ ուրիշի պատմածի վերարտադրություն»,- հայտարարել է ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ 38- էջանոց դիմումից միայն 25 էջն է բովանդակային բնույթ կրում։ Տիգրան Մուկուչյանի խոսքով, ներկայացված փաստաթղթերի 95 տոկոսից ավելին անգամ մեծ վերապահումով չեն կարող փաստաթուղթ կոչվել։ Մի կողմ թողնենք, թե ընդհանրապես ԿԸՀ-ի և ՍԴ-ի համար ցանկացած ընտրություններում որ խախտումները կարող են ծանրակշիռ և լուրջ համարվել, որովհետև բոլորը գիտեն, որ Հայաստանի իրավական համակարգը իշխանության սցենարով է առաջնորդվում։

Ակնհայտ է, որ ՍԴ-ն այս դիմումը ևս կմերժի։ Այն, որ քաղաքական ներկայիս դասավորությունները Սահմանադրական դատարանին թույլ չեն տա անկախ և արդար որոշում կայացնել, հասկանալի է, բայց սա կանխավ իմանալով, հետաքրքիր է, թե ինչու է ընդդիմությունը հերթական անգամ գնում այս քայլին։ Կոնգրեսն ինչու է նման քննարկումների մեջ մտել։ Քաղաքական կենսունակությո՞ւնն է ուզում պահպանել։ Ի՞նչ հարց է սրանով փորձում իր համար լուծել ՀԱԿ-ը։ Հանրային տեսանկյունից ոչ մի ազդակ չկար ՍԴ դիմելու, այսինքն, չկային հանրային պահանջ, բողոքներ, հանրահավաքներ, հստակ գործողություններ, որոնք կստիպեին այս քաղաքական ուժին մեծ «ալիբի» ունենալ դատարանում։
Չունենալով ըմբոստ քաղաքացիների պահանջ, պարզ գիտակցելով, որ իրենց հայցը մերժվելու է, ՀԱԿ-ը ստանձնել է ի վերուստ տապալված գործընթաց, հանուն ինչի՞։
Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում ընդդիմադիրները գործընթացներ են սկսում միայն սկսելու համար, արդյունքն ու հաղթական ավարտը նրանց բացառապես չեն հետաքրքրում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ