BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հռոմի պապի հետ ավելի հեշտ է հանդիպել, քան Աջափնյակի թաղապետի»

«Հռոմի պապի հետ ավելի հեշտ է հանդիպել, քան Աջափնյակի թաղապետի»
09.06.2017 | 01:19

Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ քաղաքապետը պետք է արդյունավետ կառավարիչ լինի, շփվի հանրության հետ, մշտապես հասանելի լինի: Համաձայն ենք, բայց գործող քաղաքապետը գիտի՞, թե ինչպես են իր ենթակա համայնքապետերը շփվում իրենց բնակիչների հետ: «Հռոմի պապի հետ ավելի հեշտ է հանդիպել, քան համայնքապետի»,- այս եզրահանգումն են արել Աջափնյակ համայնքի Մարգարյան 29/1, բն. 4 հասցեի բնակիչները, երբ իրենց խնդրով փորձել են դիմել թաղապետին: Սակայն` ամեն ինչ հերթով:

Արդեն երկու ամիս է` Մարգարյան 29/1 շենքի հարևանությամբ թաղապետարանը որոշել է, իբր հանգստի գոտի, հրապարակ կառուցել: Սակայն սա ուղեկցվում է օրենքների խախտմամբ: «Հանգստի գոտին» իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար: Իրենց առարկությունները 2 ամիս անդադար փորձել են ներկայացնել և՛ թաղապետին, և՛ շինկազմակերպության ղեկավարին, սակայն ապարդյուն. աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են: Իսկ բնակիչն ունի բողոքի իր պատճառները:
1. Չի պահպանվել տարածություն բնակչի ննջասենյակի և կառուցվող հրապարակի միջև, այդպիսով խախտվել է համակեցության օրենքը (ՀՀ կառավարության հաստատած քաղաքաշինության նորմերի 72-րդ կետում նախատեսվում է, թե ինչ հեռավորության վրա պետք է կառուցվի խաղահրապարակը կամ հանգստի վայրը` բնակչի պատուհանից առնվազն 10-12 մետր հեռու):
2. Բնակչի անվտանգության ապահովման հարց ևս առաջանում է: Հրապարակը կառուցելու համար քանդել են ցանկապատը, որը պարարտ հող է ստեղծում գողությունների համար: 1-ին հարկի բնակչի տուն հանգիստ կարող են մտնել, քանի որ պատուհանը ցածր է, ու ձեռքի հպումով կարելի է բացել:
3. Չի ապահովվում տվյալ բնակչի հանգստի իրավունքը: Անմիջապես ննջարանի կողքին կառուցվում է քայլուղի, կանաչ տարածք, որը ենթադրում է ողջ օրը երեխաների, բնակիչների ակտիվ ներկայություն: Ավելին, հենց այդ ննջասենյակում է ապրում սահմանափակ կարողություններով բնակիչը, որին, բնականաբար, աղմուկը խիստ նյարդայնացնում է:
Այս առարկություններով բնակիչը ձեռնափայտի օգնությամբ գնացել է Աջափնյակի թաղապետարան` խնդիրը թաղապետին ներկայացնելու: Քանի որ չի կարողացել երեք հարկ բարձրանալ և թաղապետի ընդունարանում հայտնվել, խնդրել է, որ վերջինս իր հետ հանդիպի առաջին հարկում: Թաղապետին, սակայն, սազական չէ երկու հարկ իջնել ու հանդիպել իր համայնքի սահմանափակ կարողություններ ունեցող բնակչի հետ: Եթե այս մասին անմիջապես ասեին բնակչին, նա գուցե այնքան չվրդովվեր, որքան 5 ժամ 20 րոպե սպասեցնելուց հետո, երբ քարտուղարի օգնականանման մեկը հայտարարում է. «Ասենք, դու ինչպես ես պատկերացնում, որ թաղապետն իջնի 1-ին հարկ ու քեզ ընդունի՞»: Սա այն դեպքում, երբ քաղաքացին տեղեկացրել է, որ առանց թեքահարթակի ու վերելակի 3 հարկ բարձրանալն անհնարին է, և խնդրել է, որ ներքևում ընդունելություն կազմակերպվի: Աբսուրդն այն է, որ նրան ասել են` սպասիր, հետո էլ նման վերաբերմունքի են արժանացրել: Իսկ թաղապետի գործը ո՞րն է, եթե ոչ իր բնակչի հետ հանդիպումն ու նրա խնդրի քննարկումը, թե՞ Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի պատվից վեր է սահմանափակ կարողություններով քաղաքացու հետ հանդիպելը, դրա համար նրան հինգ ժամ պիտի սպասեցնել, հետո կոպիտ, վիրավորական տոնով տուն ուղարկել: Իսկ երբ բնակչուհին դժգոհել է` եթե հանդիպում չէր լինելու, ինչո՞ւ էին իրեն սպասեցնում, գործավարուհին հակադարձել է. «Դու հասկանալու հետ խնդի՞ր ունես»: Իհարկե, դեռ հարց է, թե ով իրականում հասկանալու և իրեն մարդավարի պահելու խնդիր ունի: Բայց ենթադրենք, թաղապետը գործերի մեջ խեղդված էր ու տասը րոպե չէր գտել իր շենքում քաղաքացի ընդունելու համար, իսկ մի ողջ աշխատակազմ ինչի՞ համար է, չկա՞ն տեղակալներ, աշխատակիցներ, որ բարեհաճեին լսել քաղաքացուն: Ինչո՞ւ են հարկատուներիս հաշվին թաղապետարանի աշխատակազմ պահում, որի իրական «գործը» ժամերով ընդմիջում անելն է ու քաղաքացիների հետ անվայել խոսելը:


Մի կողմ թողնելով թաղապետարանի անպատասխանատու աշխատաոճը, հուսալով, որ քաղաքապետը հետևություններ կանի իր ենթակաների պահվածքից, վերադառնանք Մարգարյան 29/1 հասցեի բնակչի խնդրին:
Կան մի քանի պարզ հարցեր, որոնց պատասխանը պատկան մարմինը ոչ մի կերպ չի տալիս քաղաքացուն: Օրինակ, ի՞նչ սկզբունքով է ընտրվել այդ տարածքը հրապարակի, կանաչ գոտու կամ հանգստի գոտու վերածելու համար, եթե տարածքն իր չափերով ու տեղակայությամբ հարմար չէ: Ինչո՞ւ ուժ չունի հենց թաղապետարանից տրված տարածքի անժամկետ օգտագործման իրավունքը, որի համար քաղաքացին վճարում է արել: Եթե ուժ չուներ, ապա ինչո՞ւ են տվել (տե՛ս նկարը):


Ինչո՞ւ մինչև նախագծի հաստատումը շինկազմակերպությունը ոչ մի անգամ քաղաքացուն չի տեղեկացրել, թե ինչ է նախատեսում կառուցել անմիջապես նրա ննջասենյակի «քթի տակ»:
Հավելենք, որ այս հասցեի բնակիչներն այդ տարածքը ժամանակին աղբից մաքրել ու գեղեցիկ փոքրիկ այգի են հիմնել: «Նման փոքր ու մեծ հարցերն են, որ ստիպում են քաղաքացուն զգալ անօգնական, զգալ, որ օրենքը համաչափ չի կիրառվում բոլորի համար, քանզի անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե հարակից, նաև ամբողջ շրջանի 1-ին հարկի բնակիչներն ինչպես են մուտքեր բացել, վերցրել 5 անգամ մեծ տարածքներ` անձնական օգտագործման համար: Հարց է ծագում` ապրել այս երկրում ու պայքարե՞լ սեփական իրավունքների ու արժանապատվության, օրենքի տառի համար, թե՞ արտագաղթել»,- դժգոհեց բնակչուհի Նարինե Թեքնաջյանը:


Խնդրի առնչությամբ դիմեցինք նաև թաղապետարան` պարզելու, թե ինչու են կանոնների խախտմամբ հրապարակ ու այգի հիմնում։ Թաղապետարանից մեզ փոխանցեցին, որ ոչ մի օրենքի խախտում էլ չկա, ավելին, թաղապետի հետ հանդիպում է եղել օրերս, և եկել են համաձայնության։ «Խնդրին լուծում է տրվել. համակեցության կանոնների խախտում չկա, շինարարական աշխատանքները կատարվում են փորձաքննություն անցած նախագծի նորմերին համապատասխան։ Խնդիր կա «թարմայի» հետ կապված, բնակչի պահանջով այն կմնա իր տեղում»,- փոխանցեցին թաղապետարանի մամուլի բաժնից։
Բնակչուհի Նարինե Թեքնաջյանը մեզ հետ զրույցում հեգնեց. «Ինչի՞ն ենք համաձայնել, քանդելո՞ւն։ Իսկ Արտավազդ Սարգսյանը ստիպված է եկել հանդիպման, երբ թաղապետարանում աղմուկ է բարձրացել, թե սահմանափակ կարողություններով քաղաքացուն հինգ ժամ սպասեցրել են։ Եկավ «ֆռֆռաց», գնաց։ Ասաց` չեն քանդի, անմիջապես դրանից հետո քանդեցին։ Էս է մեր երկրի չինովնիկների աշխատաոճը. խնդիրը ներկայացնել իրենց ուզած ձևով ու ջրից չոր դուրս գալ»։ Իսկ «թարմայի» մասին թաղապետարանի հավաստումը, ըստ բնակչի, ծայրից ծայր սուտ է, քանդվել է նաև այն։
Պարզվում է, թաղապետի խոսքն էլ կշիռ չունի, էլ ո՜ւր մնաց բնակչին տված խոստումն իրականություն դառնա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ