BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Բողոքելու փոխարեն թող լավ ծառայեն, դուռ-դուռ ընկնեն, մարդկանց եկեղեցի բերեն, որ աղանդավոր չդառնան»

«Բողոքելու փոխարեն թող լավ ծառայեն, դուռ-դուռ ընկնեն, մարդկանց եկեղեցի բերեն, որ աղանդավոր չդառնան»
22.06.2018 | 10:37

Հայաստանում հեղափոխական փոփոխությունների շղթան շարունակվում է: Տևական ժամանակ է` նոր շարժում է ստեղծվել նաև կաթողիկոսի հրաժարականի պահանջով: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կոչով բողոքի ակցիաներ են կազմակերպվում, սակայն հոգևորականների զգալի հատվածն անընդունելի է համարում այս պահանջը: Նման դիրքորոշում ունի նաև Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, որը մեզ հետ զրույցում դատապարտեց կաթողիկոսի դեմ այս ակցիաները:
Տեր Ահարոնը պատմեց, որ իր նախաձեռնությամբ անցած 4-5 տարում 3 խոնարհված եկեղեցի է վերականգնվել, Քաջարանում 1 եկեղեցու գմբեթ է կառուցվել և 3 եկեղեցի սպասքով, վարագույրներով ու նստարաններով կահավորվել, երկու եկեղեցի հիմնանորոգվել:

«Այս ամենն անելու համար կաթողիկոսն իմ ձեռքը չի բռնել, չէ՞: Սրանք ինչու՞ եմ թվարկում, որովհետև անհիմն մեղադրանքներ են հնչում, թե կաթողիկոսն անգործության է մատնված»,- վստահեցրեց տեր Ահարոնը, ընդգծելով, որ երբ Գորիսի հոգևոր հովիվ է նշանակվել, սկզբում ընդամենը 5 տատիկ էր պատարագի մասնակցում, հիմա 30 անգամ այդ մարդկանց թիվն ավելացել է: «Ասել է՝ այս հարցում էլ կաթողիկոսն ինձ երբեք չի ասել, թե ինչու եմ գնում համալսարան, քոլեջ, դպրոցներ, ինչու եմ համադպրոցական ծնողական ժողովներ անում, ինչու եմ գնում մարդկանց տներն օրհնում ու նրանց բերում եկեղեցի, ինչու եմ ստեղծում երիտասարդական միություն, տիկնանց միություն… Եթե իրենց պետք է բողոքել, թող բողոքեն ծույլ մարդկանց դեմ, ովքեր չեն ցանկանում որևէ բան անել: Եթե կաթողիկոսը ցանկանար հակաքրիստոնեական քայլեր անել, ինչպես իրենք են ասում, պետք է թեմակալ առաջնորդների միջոցով փորձեր ինչ-ինչ հարցերում խոչընդոտներ ստեղծել: Եթե նա նման բան չի արել, ավելին, իր օրհնությամբ աջակցել է մեր գործերին ու ամեն հոգևորականի ծառայության հաջողության համար ուրախացել է, էլ ինչու՞ են ամեն ինչ գլխիվայր շուռ տված ներկայացնում: Դեմ գնալ կաթողիկոսին ու ասել, թե նա հակաօրինական է, սխալ է և դատապարտելի»,- ասաց հոգևոր հովիվը:


Մեր զրուցակիցը նաև հավաստիացնում է, որ նման բողոքները մարզերում վատ ազդեցություն են թողնում հատկապես այն մարդկանց վրա, ովքեր նոր-նոր են Աստծո ճանաչողության քայլերն անում, ովքեր իրենց հոգում ունեն Քրիստոսին: Դիտարկմանը, թե կաթողիկոսին շատ են մեղադրում այն հարցում, որ ժողովրդի կողքին լինելու փոխարեն օրվա իշխանությունների հետ է, տեր Ահարոնը հակադարձեց, թե կողքից դատելը միշտ հեշտ է, մինչդեռ, ըստ նրա, կաթողիկոսը տեղյակ է հասարակության խնդիրներին, յուրաքանչյուր թեմակալ առաջնորդ նրան մշտապես տեղեկացնում է իր համայնքի խնդիրներին: Ավելին, շատ հարցեր են լուծվել անաղմուկ, ու ամենևին պարտադիր չի եղել այդ մասին հրապարակավ ասել բոլորին, hիմա կան ներքին խողովակներով լուծվող հարցեր, որոնք անհայտ են մնում հասարակության համար, և մարդիկ միայն դրական արդյունքն են տեսնում: Տեր Ահարոնը, Գարեգին Բ-ին վերագրվող բողոքների ձևը, կերպը սխալ ու հակաօրինական որակելով, ներկայացրեց մի պատմություն: Մի հավատավոր կնոջ Հիսուսն է հայտնվում, կինը գալիս է քահանայի մոտ և ասում, թե տեսել է Հիսուսին:

Քահանան խորհուրդ է տալիս, երբ հաջորդ անգամ տեսնի Հիսուսին, հարցնի իր գործած մեղքերի մասին: Որոշ ժամանակ անց նորից գալիս է կինը քահանայի մոտ և ասում, թե Հիսուսը հայտնվել է իրեն, և նա հարցրել է տեր հոր մեղքերի մասին: Ի՞նչ ասաց՝ հարցնում է քահանան: Կինն էլ, թե. «Ասաց, որ ես նրա մեղքերը չեմ հիշում»: Քահանան հավելում է. «Իսկապես քեզ Հիսուսն է հայտնվել»: Քահանա Մելքումյանը կարծում է, որ ոչ ոք չգիտի մարդու հոգում ու մտքում ինչ է կատարվում, կողքից դատելը հեշտ է, իսկ իրավիճակի մեջ մտնելը՝ դժվար: Հիսուսի գալստյան իմաստն այն էր, որ նա մտավ մարդու հոգեվիճակի մեջ, որպեսզի ճիշտ հասկանա նրան և փորձի հանել այդ վիճակից: Հիսուսն ասում է, թե «աչքիդ տեսածով մի՛ դատեք»: Եվս մեկ պատմությամբ տեր Ահարոնը փորձեց իր ասածն ավելի համոզիչ ներկայացնել, հավելելով, որ այս պատմությունը վերաբերում է բոլորիս, ոչ միայն բողոքի ակցիա իրականացնողներին:


Մի ընտանիք է լինում՝ ամուսիններ, փոքրիկ երեխա և հավատարիմ շուն: Հարևանը հյուր է կանչում, երեխան քնած է լինում, որպեսզի նրան չարթնացնեն, թողնում են շան մոտ ու գնում: Որոշ ժամանակ հետո վերադառնում են: Շունը, տեսնելով տիրոջը, պոչն ուրախ խաղացնելով վազում է նրան ընդառաջ: Տերը տեսնում է, որ շունն ամբողջությամբ արյունոտված է, մտածում է, որ երեխային ինչ-որ բան է արել, ատրճանակով գնդակահարում է կենդանուն: Երբ տուն են մտնում, տեսնում են տանը հսկա վիշապ օձ է սատկած: Պարզվում է, որ օձը եկել է երեխային վնասելու, իսկ շունը կռիվ է տվել ու երեխային պաշտպանել: «Այն, ինչ դու տեսնում ես, չի նշանակում, որ քո տեսածը ճշմարտությունն է: Պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել ու դատել: Այսօր մեր եկեղեցու դեմ մեծ ճնշումներ կան՝ այլասերվածություն, աղանդավորություն, հակաքրիստոնեական երևույթներ, որոնք փորձում են մեր երկիրը ներսից պայթեցնել: Փոխանակ կենտրոնանանք այդ երևույթների դեմ պայքարի վրա, ստեղծում ենք մի վիճակ, թե մեր եկեղեցում Սուրբ Հոգի չկա... Այսինքն, դատում ենք մի բանի մասին, որն իրականության հետ կապ չունի»,- շեշտեց քահանան:


Տեր Ահարոնին անհանգստացնում է նաև այն, որ իր հոտի անդամները հաճախ են այս օրերին հարցնում, թե ինչու են նման բաներ կատարվում, այն դեպքում, երբ իրենք ջանքեր են գործադրում աղանդավորներին դարձի բերելու, ժողովրդի հոգևոր-բարոյական նկարագիրը բարձրացնելու ուղղությամբ: Աղանդավորության խնդիրն ավելի խորքային դիտարկելով, տեր հայրը նշեց. «Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ նաև աղանդավորների պատճառով, ինչի մասին բազմաթիվ վկայություններ կան: 1846-ին սուլթան Աբդուլ Մեջիթը ավետարանական սրբապիղծներին բերեց Հայաստան, փողն ու ոսկին տվեց ու ասաց՝ սրանց կրոնափոխ արեք, որովհետև հայերի ոչնչացման միակ տարբերակը դավանանքը փոխելն է: Դրա պատճառով էր նաև, որ 1915-ի ցեղասպանությունը եղավ, որովհետև այլևս զենք վերցնող չկար, պայքարող չկար»,- փաստեց քահանան և ավելացրեց, որ աղանդների հոգևոր գիտակցման ամրապնդումն ու այլերասերվածության դեմ պայքարը ազգային անվտանգության խնդիր են:


Հավարտ ասվածի, Գորիսի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե այս շարժումն ինչ ավարտ է ունենալու: «Ենթադրենք, որ կաթողիկոսը հրաժարական է տալիս, հետո ի՞նչ պետք է լինի, նոր ընտրությու՞ն»,- հռետորական հարցադրում արեց մեր զրուցակիցը և կրկին խոսքը համեմեց մի գեղեցիկ պատմությամբ: Մի թեմի առաջնորդից ժողովուրդը բողոքում է, և նրան հեռացնում են, հետո մի ճգնավոր մարդու են բերում նրա փոխարեն: Սկզբում նա առարկում է, հետո համաձայնում: Ժամանակի ընթացքում տեսնում է, թե որքան լավ է այդ կարգավիճակը, մտածում է՝ Աստված գնահատեց այդքան տարիների ճգնությունը և այդ կարգավիճակին արժանացրեց: Այս մտքերի մեջ էր, երբ նրան հրեշտակն է հայտնվում ու ասում. «Ա՛յ անմիտ մարդ, ի՞նչ ես մտածում, բոլոր խուցերը ման եկա, քեզնից անպետք մեկին չգտա, որ այս աթոռին նստեցնեմ: Այս ժողովուրդը, վանականները մեծ մեղքեր են գործել, քեզ բերել են, որ քո ձեռքով կործանեն ամեն ինչ»: «Հիմա նույն կե՞րպ են ուզում վարվել այս բողոքավորները: Աստված չանի, որ մի չարիք գա ու մեր եկեղեցին ներսից թուլացնի: Դրա փոխարեն թող լավ ծառայեն, դուռ-դուռ ընկնեն, մարդկանց եկեղեցի բերեն, որ աղանդավոր չդառնան: Ի վերջո, երբ Կայիափան կենդանի էր, Հիսուսը խաչվեց: Ինչքան էլ աղանդավորական ախտով տառապողները դատափետում են մեր Վեհափառին և մեզ` հոգևորականներիս մեծ մասին, իսկ իրենց միակ ճշմարիտ հովիվներ հայտարարում, բողոքելու փոխարեն թող խաչվեն նրա և ազգի համար իրենց բարի ու աստվածաշնչյան գործերով, ոչ թե լրատվական կայքերից առանց լուրջ ապացույցների վերցնեն անմիտ բամբասանքներ ու կուրացած խելագարի պես անպատվեն առաքելական սուրբ եկեղեցին և նրա ազգընտիր Վեհափառին»,- եզրափակեց Գորիսի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ