Զարմանալի ազգ ենք, հենց վտանգը չոքում է մեր դռանը, իշխանության երեկվա ամենասուր քննադատները մոռանում են բոլոր հակասությունները, խնդիրները մի կողմ են թողնում, մի բուռ են դառնում ու միավորվում բանակին։ Երեկ միշտ բացասական էներգիայով ողողված ֆեյսբուքյան հարթակում այլ տրամադրություններ էին։ Բոլորի մտքերն ու աղոթքները զինվորի ու բանակի հետ էին (չնայած պղտոր ջրում ձուկ որսացողներ էլի կային)։
Հակառակորդը կրկին Տավուշի ուղղությամբ սադրիչ գործողություններ էր արել, հրետակոծել էր հայկական դիրքերը, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով սահմանը խախտելու փորձ կատարել։ ՈՒշագրավ է, որ Ադրբեջանն ակտիվացել է հայկական, ոչ թե արցախա-ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը նշանակում է պատերազմի մեջ մտնել հենց Հայաստանի հետ, որը ՀԱՊԿ անդամ երկիր է։ Ճակատագրի հեգնանքով այսօր թշնամու դեմ փառքով պայքարում է այն հրամանատարը, որի հորը՝ Յուրի Խաչատուրովին, այս իշխանությունը 2 տարի առաջ մեծ սկանդալով ՀԱՊԿ քարտուղարությունից հետ կանչեց, գործ հարուցեց ու մինչև այսօր չի կարողանում որևէ բան ապացուցել։ Իսկ նրա որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, գործով ապացուցում է, թե ինչ է հայկական բանակն ու ինչպես պետք է պայքարել հակառակորդի դեմ։ Այսինքն, այս 2 տարին ինչ-որ առումով նաև փորձության շրջան էր, ով է հասկանում, թե ինչ է պաշտպանությունը, հայրենիքն ու սահմանը, ով է այդ ամենը ծառայեցնում քաղաքական նպատակահարմարությանը։ Ի դեպ, երբ այս օրերին շատերը ՀԱՊԿ-ի արձագանքին են սպասում, գոնե հասկանու՞մ են, թե այդ կառույցի, նրա անդամ երկրների վարկանիշի հետ այս իշխանությունն ինչպես խաղաց։ Հիմա ինչու՞ են հիշում այդ կառույցի կարևորության մասին, չէ՞ որ Փաշինյանի իշխանությունը, ժամանակին ոչ մեկին բանի տեղ չդնելով, իբր արդարադատություն էր փորձում իրականացնել ՀԱՊԿ-ի հաշվին։ Ստացվե՞ց։ Փոխարենն այս սկանդալը դեռ շատ երկար կհիշեցնեն Հայաստանին, իսկ Հայաստանն էլ դեռ երկար պիտի կարողանա մարսել այն, ինչ որոշ անմիտ ղեկավարներ չմտածված արեցին։
Սակայն չպետք է թերագնահատել Նիկոլ Փաշինյանին, նա իր համոզմունքին ազնվորեն ծառայում է, պարզապես այսօր նրա կարգավիճակն է փոխվել, իսկ 2 տարում մարդը չի կարող 180 աստիճանով փոխվել։ Ընդդիմադիր տարիներին այսօրվա վարչապետն անկեղծորեն հայտնել էր իր կարծիքը ՀԱՊԿ-ի մասին. «Ամբողջ օրը ասում ենք՝ ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրն այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար, մի հատ հասկանանք ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ինչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի: ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի: Բայց իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք՝ մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս»: ՈՒրեմն ինչու՞ են այսօր իշխանական սազանդարները ձեռուոտ ընկել, թե ՀԱՊԿ-ը պիտի դիրքորոշում հայտնի։ Հարցրե՞լ են Փաշինյանին, ի վերջո, օգու՞տ, թե՞ վնաս է այդ կառույցը, այդ կառույցի կարծիքն ընդհանրապես պե՞տք է ինքնավարության «բաստիոնին» կառուցած իշխանությանը։
ՈՒ որքան էլ իրավիճակի ողջ բարդությունը հասկանանք, միևնույն է, փախչելու տեղ չունենք։ Գոնե հիմա այս իշխանությունը պիտի լրջանա, երբ «կառուցողական ու կիրթ» բնորոշված թշնամին քո սեփական երկրի սահմաններին է ոտնձգություն անում, գոնե վերջապես գիտակցի, որ թշնամուն ոչ թե սահմանից ներս, այլ դուրս պիտի փնտրել։ Բայց ուր էր, թե հասկանար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ