Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Տրված են բոլոր հարցերի պատասխանները

Տրված են բոլոր հարցերի պատասխանները
07.12.2012 | 12:07

Չեմպիոնների լիգայի խմբայինի նախավերջին հանդիպումներից հետո արդեն իսկ ամեն ինչ հայտնի էր, բացառությամբ երեք թիմի ճակատագրի: Այն էլ՝ որոշակի անորոշությամբ, Այնպես որ, մենք չէինք սխալվել, նյութը վերնագրելով` «Սկզբունքորեն բոլոր հեքիաթներն ավարտված են»:

Եթե թողնենք մի կողմ, թե որքան էր կարևոր խմբայինն առաջին տեղով ավարտելը, լուծելու ոչինչ չկար A, B, F խմբերում, որովհետև կլինես զամբյուղ, թե զամբյուղի մեջ հայտնվող, սկզբունքորեն նույն բանն է: Այստեղ ընթերցողի համար պարզենք «զամբյուղ», «զամբյուղի մեջ հայտնվող» հասկացությունների տարբերությունն ու շարժվենք առաջ: Զամբյուղը կազմողները լինելու էին աղյուսակը գլխավորողները, զամբյուղների մեջ հայտնվողները, հասկանալի է, երկրորդ տեղով ավարտածները:
Ի տարբերություն A, B, F խմբերը կազմածների, D և C խմբերում հայտնվածները պիտի պարզեին (պայմանավորվեցինք, որ չենք կարևորում խմբում առաջին, երկրորդ տեղերը գրավելը), թե ովքեր են լինելու Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք ձեռք բերողները:
Խնդիրը միանգամայն այլ կարգի սրություն ուներ E, G, H խմբերում: Այստեղ պիտի որոշվեին Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքը դեռևս չնվաճած երեք թիմերը: Քանի որ առաջնայնությունը Չեմպիոնների լիգայինն է, հետևաբար հենց այստեղից էլ սկսենք խաղային վեցերորդ օրվա մասին մեր ասելիքը:
E խմբում ուկրաինական «Շախտյորը» վաղապես էր լուծել իր հարցերը, ուստի «Յուվենտուսի» հետ խաղում, բաց թողնենք ամբիցիաների պարագան, նրան հավասարապես ձեռք էր տալիս ինչպես հաղթելը, այնպես էլ պարտվելը, որովհետև վերջինիս դեպքում նրա համար գործոն էր «Չելսիի» դարպասը խփած ոսկե գոլը: Իտալական ակումբին արտագնա խաղում միանգամայն ձեռք էր տալիս ոչ-ոքին, որովհետև այս դեպքում անգլիական ակումբը չէր կարող լինել «կոնկուրենտ ֆիրմա», որքան էլ որ «Նորշելանդին» հաղթելու պարագայում Ռոման Աբրամովիչի սեփականությունը նրա հետ կունենար հավասար միավորներ:
Արդ, ինչպե՞ս լուծվեց այս հարցը:
Հակառակ այն կարծիքին, որ «Շախտյորն» ու «Յուվենտուսը» կգերադասեն անարյուն բախումը, ասել է թե՝ կխաղան ոչ-ոքի (զանգվածային լրատվամիջոցներում ու ոչ միայն դրանցում լայնորեն քննարկվում էր պայմանավորված խաղի վարկածը. ավելին՝ ենթադրվում էր անգամ հաշիվը՝ 2:2), իտալական ակումբը վերցրեց ու արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին՝ մեջտեղից հանելով (թե՞ չհանելով) բոլորին համակած պայմանավորված խաղի վարկածը:
Այս պարագայում ինչ էր մնում անելու «Չելսիի՞ն»:
Անել այն, ինչը, ըստ մեր դասական գրականությունից հայտնի տարբերակի, անում են հարուստները՝ զվարճանալ:
ՈՒ զվարճացավ էլ:
Կներեք, բայց ուրիշ ի՞նչ կերպ կբնութագրեք խաղի 6:1 հաշիվը:

H խմբում հարցը դրված էր այսպես՝ «Կլո՞ւժ», թե՞ «Գալաթասարայ», և խնդիրը բարդանում էր նրանով, որ երկուսն էլ իրենց համար վճռորոշ խաղում հանդես էին գալու մրցակցի հարկի տակ:
Ընթերցողին փոքր-ինչ թարմացնելու համար այստեղ առաջին բերանից լսած մի պատմություն անեմ, իհարկե, առանց թափանցիկ ակնարկների, նոր անցնենք առաջ:
Ժամանակին Երևանի «Արարատին» հանգուցային մի խաղում անպայման հաղթանակ է պետք լինում և, ավելի վստահ լինելու համար, մերոնք այն ժամանակների համար բավականին մեծ գումարով «բռնացնում» են մրցակից թիմի դարպասապահին: Վերջինս երկու գոլ բաց թողնելու իր պարտավորությունն ազնվորեն կատարում է, սակայն մեր թիմը պարտվում է 2:3 հաշվով: Հետագայում պարզվում է, որ հյուրերն էլ իրենց հերթին մեր դարպասապահին են «բռնացրել»՝ երեք գոլ թողնելու նախապայմանով:
Նորից եմ ասում, ասածիս մեջ ակնարկներ մի փնտրեք, բայց «Օլդ Սթրաֆորդում» «Կլուժը» 1։0 հաշվով իր համար պատմական հաղթանակի հասավ «Մանչեստր Յունայթեդի» նկատմամբ, իսկ «Գալաթասարայը» «Բրագային» հաղթեց 2։1 հաշվով: Արդյունքում երկուսն էլ հավաքեցին տասական միավոր, սակայն թուրքական ակումբը բախտը պիտի փորձի Չեմպիոնների, իսկ ռումինականը՝ Եվրոպայի լիգայի խաղերում:
Նույն H խմբի սրությունն էր և G-ում, որտեղ «Սելթիկն» ու «Բենֆիկան» վիճարկելու էին Չեմպիոնների լիգայի play off-ում հանդես գալու իրավունքը: Այստեղ շատ ավելի բարվոք էր շոտլանդական ակումբի վիճակը, քանի որ անհամեմատ թույլ Մոսկվայի «Սպարտակին» հաղթելը, այն էլ սեփական դաշտում, անհամեմատ դյուրին խնդիր էր, քան արտագնա խաղում «Բարսելոնի» պես զորեղ ակումբ մրցակից ունեցող «Բենֆիկայի» առջև ծառացածը: «Սելթիկը» պատվով բռնեց քննությունը` «Սպարտակին» հաղթեց 2:1 հաշվով, իսկ «Բենֆիկան» գրեթե ամբողջությամբ երիտասարդական թիմ հանած «Բարսելոնի» հետ խաղում կարողացավ գրանցել ընդամենը գոլազուրկ ոչ-ոքի:
Չեմպիոնների լիգայի մնացած խաղերից, թերևս, առանձնացնենք «Բավարիայի» մանրախնդիր վրիժառությունը բելառուսական ԲԱՏԷ-ից (4:1 հաշվով կրելը ո՞րն է. խաղացող էիք՝ առաջին խաղում խաղայիք) և «Բարսելոն»-«Բենֆիկա» հանդիպման տխուր միջադեպը: Հուսանք, որ Մեսիի վնասվածքը լուրջ չէ: Աստված մի արասցե` այդ տղայի հետ որևէ լուրջ բան եղած լինի, այլապես ծանր անեծքով կհիշվի ոչ միայն կոնկրետ այդ հանդիպումը, այլև ողջ Չեմպիոնների լիգան:
Ամփոփենք:
Լիգայի մեկ ութերորդում կխաղան «զամբյուղ» դարձածներից ՊՍԺ-ն, «Շալկե-04»-ը, «Մալագան», Դորտմունդի «Բորուսիան», «Յուվենտուսը», «Բավարիան», «Բարսելոնը», «Մանչեստր Յունայթեդը»: «Զամբյուղի մեջ դրվողներն» են՝ «Սելթիկը», «Գալաթասարայը», «Վալենսիան», «Շախտյորը», Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Արսենալը», «Պորտուն»: Եվրոպայի լիգայում կմրցակցեն Կիևի «Դինամոն», «Օլիմպիակոսը», «Զենիթը», «Այաքսը», «Չելսին», ԲԱՏԷ-ն, «Բենֆիկան», «Կլուժը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ