ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Խաբուսիկ խաղաղ առավոտներ

Խաբուսիկ խաղաղ առավոտներ
19.03.2013 | 12:19

Ազգային հավաքականների մրցելույթների, Չեմպիոնների լիգայի մրցաշարի (Եվրոպայի լիգան չենք մոռացել, չէ) արանքում Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները շարունակում են մնալ ֆուտբոլային աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, և սկզբունքորեն սարսափելի ոչինչ չկա նրանում, որ դրանց առաջատար եռյակներում տեղաշարժերը դժվարությամբ են արձանագրվում: Այստեղ դժվար չէ նկատել հստակ ուրվագծվող, սակայն բացատրության դժվարությամբ տրվող մի միտում. եթե հաջողում են, բոլորն են հաջողում, եթե ձախողվում են, դարձյալ բոլորն են ձախողվում: Իհարկե, բացառությունները մնում են կյանքի նորմ, և ոչ մեկին վիճակված չէ դրանք հանել օրակարգից:

Մրցաշարային աղյուսակի տասնչորսերորդ հորիզոնականը զբաղեցնող «Բաստիանի» հետ արտագնա խաղում Ֆրանսիայի առաջնության մեդալներից մեկի համար պայքարող «Լիոնը» բառիս բուն իմաստով տապալվեց. 4:1-ն ավելի քան անպատվաբեր հաշիվ է` գնահատականի մեջ ավելի մեղմ լինելու համար: Եվ սակայն լիոնցիները կարողացան ունեցած 53-ով պահպանել երկրորդ հորիզոնականը, քանի որ «Այաչոյի» հետ մրցակցությունում սեփական հարկի տակ «Մարսելը» միավոր վաստակելուց ավելին անելու ունակ չեղավ (0:0): Եռյակում, փաստորեն, կարող էր փոփոխություն մտցնել չորրորդ տեղում ընթացող «Սենտ Էտիենը»` ինքը հայտնվելով այնտեղ, սակայն նրա մրցակիցն առաջատարն էր` ՊՍԺ-ն: Պատշաճը մատուցենք «Սենտ Էտիենին», ընթացքում պարտվելով 2:0 հաշվով, կարողացավ չեզոքացնել փարիզցիների առավելությունն ու միավոր վաստակել: Տուրի ավարտից հետո ՊՍԺ-ն «Լիոնից» առաջ է հինգ միավորով:
Լևերկուզենում հաղթելով առաջատար եռյակը եզրափակող «Բայերին» (1:2)` մյունխենցիները ևս մեկ քայլ կատարեցին չեմպիոնություն տանող ճանապարհին, թեպետ այն, որպես խնդիր, վաղուց դուրս է օրակարգից, քանի որ «Բավարիան» ամբողջ քսան միավորով առաջ է անցել գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայից»: Ինչ վերաբերում է վերջինիս, «Ֆրայբուրգի» հետ տնային խաղում այն նախանձելի արդյունավետություն ցույց տվեց` հաղթելով 5:1 հաշվով: Երկու գոլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին. նա 19 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ի դեպ, դուբլի հեղինակ է դարձել նաև Շահինը: «Բորուսիան» քառասունութ միավորով շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում:
Անգլիայի առաջնությունում, ի հաշիվ ՈՒեյն Ռունիի խփած գոլի, «Մանչեստր Յունայթեդը» հաղթեց «Ռեդինգին» ու 74 միավորով ավելի ամրապնդեց իր չեմպիոնական հավակնությունները, քանի որ երկրորդ տեղով ընթացող «Մանչեստր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով զիջեց «Էվերտոնին»` առաջատարից հետ մնալը «հասցնելով» տասնհինգ միավորի: «Չելսին», որ մեկ պակաս խաղ ուներ անցկացրած, լոնդոնյան դերբիի տնային հանդիպումում առավելության հասավ «Վեստ Հեմի» նկատմամբ (2:0) ու «Տոտենհեմից» հետ նվաճեց երրորդ հորիզոնականը: Նույն օրը սեփական հարկի տակ «Ֆուլհեմից» կրած պարտությունից հետո (0:1) «Տոտենհեմը» 54 միավորով տեղափոխվեց չորրորդ հորիզոնական` մեկ ավել խաղ ունենալու պարագայում դեռ մեկ միավոր էլ զիջելով Աբրամովիչի թիմին:
Չնայած այն բանին, որ երկրի առաջնությունում «Բոլոնիան» վերջին շրջանում բնավ էլ վատ չի նայվում, այդուհանդերձ, դա բավարար գործոն չեղավ «Յուվենտուսի» հետ ճակատ ճակատի տալու ժամանակ: Վուչինիչի ու Մարկիզիոյի գոլերն ավելի ամրապնդեցին թուրինցիների դիրքերը չեմպիոնական մրցավազքում: Կիրակի կայանալիք «Նապոլի»-«Ատլանտա» հանդիպումը ցույց էր տալու` նեապոլցիների հետ մնալն առաջատարից իննի փոխարեն կմնա՞ տասներկու միավոր, թե՞ ոչ, և, եթե «Նապոլին» սայթաքի, «Միլանը» «Պալերմոյի» հետ խաղում արդյո՞ք կօգտվի այդ հնարավորությունից: Խաղերը ցույց տվեցին, որ «Միլանի» պես նույնքան վճռական էին տրամադրված նեապոլցիները: Առաջինը հաղթեց 2:0, երկրորդը` 3:2 հաշվով, իսկ մրցաշարային աղյուսակում ամեն ինչ մնաց նույնը:
Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալը» կամային հաղթանակ տարավ առաջնության հետնապահներից «Մալյորկայի» նկատմամբ` բառացիորեն հինգ րոպեի ընթացքում լուծելով հանդիպման ելքը: Ինչ վերաբերում է խաղի վերջնական հաշիվը 5:2 տեսքի բերած Կարիմ Բենզեմայի գոլին, այն խփվել է մրցավարի ավելացրած րոպեներին: «Ռեալն» ունի 61 միավոր: «Օսասունայի» հետ արտագնա խաղում Մադրիդի «Աթլետիկոն» կարողացավ ձեռք բերել երեք միավոր ու շարունակել նստած մնալ «Ռեալի» պոչին:
«Բարսելոն»-«Ռայո Վալեկանո» դիմակայությունում կատալոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Առանձնակի նորություն չէ, բայց և այնպես` հերթական գոլը հերթական խաղում խփեց Մեսին` այդպես էլ հստակ ինֆորմացիա չթողնելով, թե վերջապես երբ է մտադիր ընդհատել արդեն տասնութ անընդմեջ խաղ անընդմեջ գոլերով նշանավորվող իր ռեկորդային շարանը, թեպետ աստվածային պարգև այս տղայի արածն ի՞նչ մի վատ բան է, որ այսպես, մեր մեջ ասած, մեզ ու մեզ անհանգստանում ենք: Թող խփի ինչքան սիրտն ուզում է ու ինչքան կարող է: Եթե դրանից որևէ մեկն իրեն վատ է զգում, կնշանակի` կա՛մ չարակամ, նախանձի մեկն է, կա՛մ էլ շուտափույթ կարգով հոգեբույժի ծառայության կարիքն ունի: Գեղեցիկից, բացառիկից, անկրկնելիից ինչպե՞ս կարող է մարդը կշտանալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ