Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կաթողիկոսական նոր փոխանորդ ԱՄԷ-ում և Քաթարում

Կաթողիկոսական նոր փոխանորդ  ԱՄԷ-ում և Քաթարում
05.04.2013 | 03:25

ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական նոր փոխանորդ է նշանակվել: Այս նշանակման մասին օրեր առաջ մեր հանդիպման ժամանակ ակնարկել էր ազգային երեսփոխան և Աբու Դաբիի Ազգային վարչության նախկին ատենապետ Վարդգես Արզումանյանը: Նա իր խոսքում նշել էր. «Շուտով այստեղ պետք է ունենանք Առաջնորդարան և կաթողիկոսական փոխանորդ: Հույս ունենք, որ սա Աբու Դաբիի հայ ազգային կյանքը պետք շատ փոխի. կայծ պետք է տա, ուժ պետք է հաղորդի»: Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ կաթողիկոսական նոր փոխանորդը լինելու է բարեշնորհ տեր Մեսրոպ վարդապետ Սարկիսյանը: ԱՄԷ-ի հայ համայնքին երիտասարդ վարդապետը վաղուց է ծանոթ: Երկար տարիներ նա եղել է Կիլիկիո հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի (կաթողիկոսական աթոռը զբաղեցնում է 1995-ից) գավազանակիրը: Իսկ նախորդ տարի նաև վարել է ԱՄԷ-ի մայրաքաղաքում կառուցվելիք հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու հիմնօրհնեքի առիթով Աբու Դաբիի Սբ. Նիկողայոս հույն ուղղափառ եկեղեցում մատուցված պատարագը: Նոր փոխանորդին Ծաղկազարդի սբ. պատարագի ժամանակ Աբու Դաբիի հայ համայնքին ներկայացրեց Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը: Իսկ պատարագին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները, Ազգային երեսփոխանները, Աբու Դաբիի Ազգային վարչության նոր կազմը, համայնքի նաև մյուս ներկայացուցիչները: Նա ներկաներին ծանոթացնելով երիտասարդ վարդապետի հետ` հատկապես շեշտեց. «Արժանապատիվ հայր սուրբը իր հաշտվողական բնավորությամբ, համեստ նկարագրով, ձեր կողքին պետք է լինի, ձեզ հետ պետք է ծրագրի, ձեզ հետ պետք է խորհրդակցի»: Դիմելով ներկաներին` նաև ավելացրեց. «Հայրաբար պետք է հանձնարարեմ, ինչպես նաև խնդրեմ, որ հանուն պայծառ և ավելի փայլուն ապագայի, հանուն ձեր զավակների սիրո և գալիք սերունդների սիրո, հայր սուրբի հետ միասնաբար գործեք: Այդ ժամանակ կտեսնեք, թե ինչպես է Աստված էլ իր հրաշքը ձեր մեջ գործում: Քանի որ միասին գործելով` դուք միջավայրը արդեն իսկ դարձնում եք աստվածահաճո, հետևաբար, Աստված էլ կմիանա ձեր ճիգերին և աշխատանքին»: Նա հույս հայտնեց, որ համայնքը սիրով և ջերմությամբ կընդունի նոր փոխանորդին, և չսխալվեց. հայր սուրբը, ներկայանալով, շնորհակալություն հայտնեց Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին իրեն ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդի «քաղցր» պաշտոնը հանձնելու համար և Աբու Դաբի ժամանած Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանին իրեն ներկայացնելու համար, այնուհետև անդրադարձավ Ծաղկազարդի խորհրդին, որը խորհրդանշում է տիրոջ փառավոր մուտքը Երուսաղեմ: Նա իր խոսքում անդրադարձավ նաև իր հետագա ծառայությանը: Իսկ երբ պատարագի ավարտին զրուցում էի ներկաների հետ, պարզվեց, որ զրուցակիցներիցս շատերի վրա մեծ տպավորություն էր գործել բարեշնորհ տեր Մեսրոպ վարդապետ Սարկիսյանի «հստակ և ինքնավստահ խոսքը»: Այդ օրը եկեղեցում նաև շատ երեխաներ կային, որոնցից ամենահետաքրքրասերների ուշադրությունը գրավել էր հայր սուրբի օձագլուխ գավազանը: Ի դեպ, այդ գավազանը կարևոր խորհուրդ է կրում. ընդհանրապես երբ վարդապետը ստանում է գիտական աստիճան, նրան տրվում է երկգլխանի օձով գավազան, որը խորհրդանշում է իմաստություն և ուսուցանելու ու քարոզելու իրավունք: Իսկ Հայ եկեղեցին ձեռնադրությամբ իր քահանաներին երկու գիտական աստիճան է շնորհում` վարդապետություն և ծայրագույն վարդապետություն: Առաջինը համապատասխանում է աստվածաբանության մագիստրոսի աստիճանին, իսկ երկրորդը` աստվածաբանության դոկտորի աստիճանին: Շնորհավորելով Աբու Դաբիում և Քաթարում նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ բարեշնորհ տեր Մեսրոպ վարդապետ Սարկիսյանին, սիրելի ընթերցողներ, ցանկանում եմ անդրադառնալ Քուվեյթի թեմին:
Ըստ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կանոնադրության` Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմը ենթակա է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, նյութապես ու բարոյապես` հաշվետու նրան: Կիլիկիո հայոց կաթողիկոսությունը, որն անվանվում է նաև Կաթողիկոսություն Փոքր Հայոց, Հայրապետություն Մեծին Կիլիկիո, Եպիսկոպոսապետություն Տանն Կիլիկիո, Սսի կաթողիկոսություն, Անթիլիասի կաթողիկոսություն, Հայ եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից է: Այն ղեկավարվում է իր կանոնադրությամբ, որը մշակվել է 1860 թ. Ազգային սահմանադրության սկզբունքներով: Նաև նույն կանոնադրության մեջ նշվում է, որ թեմը կազմված է Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, Քաթարում, Օմանում և Սաուդյան Արաբիայում բնակվող հայ եկեղեցու զավակներից: Պետք է նշել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանություններ են նաև Լիբանանի (Բեյրութ), Բերիո (Հալեպ), Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի (Նյու Յորք, ընդգրկում է նաև Վենեսուելայի հոգևոր հովվությունը), Հյուսիսային Ամերիկայի արևմտյան (Լոս Անջելես), Կիպրոսի (Նիկոզիա), Թեհրանի (Թեհրան), Սպահանի (Իրանա-Հնդկաստանի), Ատրպատականի (Թավրիզ), Հունաստանի (Աթենք) թեմերը: Ավելացնեմ, որ 1993-ից ԱՄԷ-ի հայ համայնքն ունի մշտական հոգևոր հովիվ: Առաջինը Բաբկեն վարդապետ Չարյանն էր: Իսկ 1997-ից համայնքի հոգևոր հովիվն է Արամ քահանա Տեյիրմենճյանը: Համայնքի հոգևոր կյանքին վերաբերող ևս մի կարևոր տեղեկություն. 1997-ին տեղի է ունեցել ԱՄԷ-ում առաջին` Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (ճարտարապետ` Բաբկեն Այվազյան) հիմնարկեքը, 1998-ին` օծումը: Ինչպես վստահեցնում են պատասխանատուները` շուտով պատրաստ կլինի նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ