ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մեր ընկերոջ մասին (դիմանկարի ուրվագծեր)

Մեր ընկերոջ մասին (դիմանկարի ուրվագծեր)
18.02.2014 | 11:15

Այսօր նա կդառնար 54 տարեկան։ Նրա ծննդյան տարեդարձը համընկնում է մահվան քառասուն օրվա հետ։ Նրա՝ Արմեն Մազմանյանի, իմ հեռավոր ու մոտ ընկերոջ մասին եմ ուզում պատմել ընթերցողին, զրույցի հրավիրելով Արմենի երկարամյա ուղեկցին և ընկերոջը, բեմադրող նկարիչ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, ում, վարպետ կատարումների համար, «Մաեստրո» էր կոչում Մազմանյանը։


-Մկրտիչ, և՛ քեզ, և՛ ինձ համար շատ դժվար է անցյալով խոսել անմոռանալի այս մարդու մասին, մեր ընկեր Մազի մասին։ Անհնար է, բայց անցյալը հետ չես բերի, մնում է համակերպվել և, հիշելով նրան, ներկայացնել իրական Արմենին։ Ե՞րբ եք հանդիպել։
-Արա Երնջակյանի ղեկավարած Կամերային թատրոնում ենք հանդիպել։ Նա աչքի էր ընկնում անմիջապես, նպատակասլաց էր, լի նորարարական մտահղացումներով և գործի մարդ էր։ Տակավին երիտասարդ, այնքան էր կայացած, որ Խորեն Աբրահամյանի նման դասական վարպետը նրան առաջարկեց ստեղծել երիտասարդական-փորձարարական թատրոն։ Ստեղծեց և որպես գեղարվեստական ղեկավար ձևավորեց ուրույն մտածողություն դավանող մի թատերախումբ։ Արա Երնջակյանը, առհասարակ, շատ հետաքրքիր անհատ էր, տեսնում էր տաղանդավոր մարդկանց և, թատրոն հրավիրելով, վստահում նրանց։ Կամերային թատրոնում, այսպիսով, յուրօրինակ ավանդույթ էր ձևավորվել, ինչն այլ որակով զարգացավ նորաստեղծ «Գոյ» թատրոն-լաբորատորիայում։ «Գոյը» կայացավ Սունդուկյանի մայր թատրոնի ձեղնահարկում։ Դա ազգային զարթոնքի ժամանակն էր։
-«Գոյին» կայացման բախտորոշ օրեր բաժին հասան. եթե Կամերայինը խորհրդային երկրորդ գաղափարական հալոցքի ծնունդն էր, ապա «Գոյը», այո, ազգային զարթոնքի։ Սակայն «Գոյին» վիճակված էր կայանալ երկու հասարակարգերի սահմանագծում։
-Ե՛վ Արմենի, և՛ Արթուր Սահակյանի, և՛ Սամսոն Ստեփանյանի ու այլոց համար հրաշալի զինանոց էին թե՛ գեղարվեստաթատերական ինստիտուտը, թե՛ հայկական ակադեմիական թատրոնի դպրոցը։ Սա լուրջ խթան էր չշփոթվելու, խոսելու սեփական ձայնով։
-Ժամանակը, իսկապես, գարնանային էր, ամեն բան թարմաշունչ էր, և շատ տաբուներ էին ծնկի գալիս։
-Լրիվ, ու միանգամայն բնական էր «Գոյի» բեմելը Լուիջի Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» թատերգությամբ։ Պիրանդելլոն դյուրին հեղինակ չէ, ոչ բոլոր ռեժիսորներն են նրան ձեռնոց նետում։ Այստեղ մի ուշագրավ բան հիշեմ. մինչ այդ «Վեց պերսոնաժի» 12 բեմականացում էր եղել աշխարհի թատրոններում, 13-րդն անձեռնմխելի էր, բեմադրիչները խուսափում էին չարաբաստիկ թվից, Արմենը շրջանցեց այդ տաբուն ևս։
-Մկրտիչ, մեր զրույցի նպատակն իրական Մազին ներկայացնելն է, շատերը նրա մասին ոչ այնքան ճիշտ պատկերացում ունեն։ Ազատամարտի առաջին օրերն էին, նա Մովսես Գորգիսյանի կողքին էր Երասխավանում, օրհասական այն օրը, երբ Մովսեսը զոհվեց, Արմենն էլ վիրավորվեց կրնկից։
-Երկրաշարժն էր փլվել երկրի վրա, Արմենը համախոհներով անում էր հնարավորը, սկսած փլատակների տակ մարդկանց որոնելուց, հետո Արցախյան ազատագրական պայքար, պատերազմ և այլն։ Նրան հավատում էին, նա իր տեսակով ամենաանսպասելի իրավիճակներում ուղղորդելու զարմանալի հատկություն ուներ, նա առաջնորդ էր, նա, այո, Մովսեսի կողքին էր, ուրիշ որտե՞ղ պիտի լիներ։
-Ժամանակն էր նման մարդկանց առաջ մղում, դա ժամանակի պահանջն էր։
-Նա նաև բավականին լայնախոհ մարդ էր։ Մի գիշեր շատ ենք զրուցել, տվել-առել, ես դեմ էի, որ նրա ղեկավարած «Մուշ» մարտական ջոկատում ոչ այնքան բարեհույս անցյալ ունեցող մարդիկ էին ի հայտ գալիս։ Նա զարմանալի մի բան ասաց՝ նրանք ամենուր են, նրանց անհնար է թողնել ճակատագրի քմահաճույքին, պետք է գործի մասնակից դարձնել, գաղափարներով վարակել։ Այդպես էլ եղավ։ Պատերազմի օրերին «Գոյը» նաև զինանոց էր, Արմենը, սակայն, թատրոնից որևէ մեկին թույլ չտվեց թողնել բեմն ու մտնել մարտական ջոկատ, հիանալի գիտեր, որ բեմն էլ է յուրօրինակ մարտադաշտ, այն էլ՝ անցումային ժամանակափուլի բեմը։ Եվ «Գոյը» ցուրտ ու մութ և հաղթական տարիներին մեկ ժամ անգամ դռները չփակեց, ի տարբերություն մյուս թատերախմբերի։
-Այդ տարիները միայն ես և դու չենք հիշում, մամուլն էր անդրադառնում, դահլիճն էր լեփ-լեցուն, քանզի մեկը մյուսից անսպասելի ներկայացումներ էին մատուցվում հանդիսատեսին։ Հիշենք բեմականացումները։
-«Վեց պերսոնաժից» բացի, «Օպերա օպերան», «Խեղկատակների դպրոցը», «Ռնգեղջյուրները» և այլն, բեմարվեստի համար բարդ և շատ հետաքրքիր հեղինակներ էին ներկայացվում «Գոյում»՝ Սարոյան, Իոնեսկու, Պիրանդելլո և այլք։
-Կարծեմ 1992-ին «Գոյը» Հարավսլավիայում էր, թատերական միջազգային փառատոնի մասնակից։
-«Մես» փորձարարական թատրոնների համաշխարհային փառատոնն էր, կազմակերպիչները դիմել էին Մոսկվա` ԱՊՀ երկրներում ձևավորված ուշագրավ մի թատերախումբ գործուղելու Հարավսլավիա։ Այսինքն, մենք ներկայացնում էինք ոչ միայն Հայաստանը։ Ելույթներ ունեցանք Բելգրադում, Սարաևոյում, Զեննիցայում և Նովի Սադում։ Ներկայացնում էինք մեր երախայրիքը՝ «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս»։ Հարավսլավիայում արժանացանք «Հանդիսատեսի համակրանք» շատ թանկ մրցանակին։ Թատերական մամուլի արձագանքն էլ շատ բուռն էր, թույլ տվեք ասել, հիացական։ Ոչ պակաս հետաքրքիր էր փառատոնը Մոսկվայում, որին մասնակցում էին «Կամերային թատրոնը» և «Գոյը»։
-Այնուհետև ասպարեզ իջավ «Գոյակ» մշակութագործարարական ընկերակցությունը` եզակի իր տեսակի, իր անդրադարձումների մեջ։
-Արմենի զարմանալի խառնվածքի ևս մի շերտն էր բացվել, «Գոյակը» այն ծանր տարիներին լիարժեք գործում էր, բազմաթիվ աննախադեպ միջոցառումներ էին հաջորդում մեկը մյուսին, գումարներ էին առաջանում, որոնցով առաջին մասնավոր «Գոյ» թատրոնն էր պահվում։
-Այն տարիներին «Գոյակը», ասես, ներառել էր հարակից, արդեն ասպարեզից հեռացած «Սկվազնյաչոկ» սրճարանի երևույթը։ Այն այլախոհության, ազատամտության կղզյակ էր՝ հանուն ազգային պետականության կայացման, և սրանում էր «Գոյակի» ուժը։ «Գոյակում» հյուրընկալվում էին երկրի աղը հանդիսացող մարդիկ։ Առաջին անգամ հենց «Գոյակում» հանդիպեցի Լևոն Խեչոյանին՝ տաղանդի դրոշմը ճակատին, ով, սակայն, զարմանալիորեն հուզվեց, երբ իրենից ինքնագիր խնդրեցի։ Դա մեր վերջին հանդիպումն էր։
-Կազմակերպեցինք ազատամարտիկ և քանդակագործ Ալեքսանդր Մելքոնյանի հայեցակարգային ցուցահանդեսը, եղան այլ ցուցահանդեսներ, սակայն տպավորվել է «Լքված արվեստանոց» ցուցահանդեսը։ Ավերված, թալանված ԱԴՐԻ-ի շենքում կազմակերպվեց այդ յուրօրինակ ներկայացումը, որին հրավիրված էին բոլոր ստեղծագործական միությունների ներկայացուցիչները։ Շուրջ 50 կտավ էր, մի վառարան և գինի։ Արմենի մտահղացումը սա էր՝ ստեղծագործողները լքել են երկիրը, դժվար է երկրում, սակայն նրանց ներկայությունը հայրենիքում զգում են և սպասում նրանց։
-Արմենի տեսակը այսօր էլ տանելի չէ ոմանց համար, ու նրան հակադարձել չկարողանալով բանսարկում են, մահից օրեր անց մեկը եզրահանգեց, որ Մազը իշխանամետ էր, ներքաշված քաղաքական խաղերի մեջ։ Սա ասվում էր մի մարդու մասին, ով դեմ էր ժամանակի իշխանություններին, և մի գիշեր, երբ նրան այսօր մեղադրողները մուշ-մուշ քնած էին, նա «Նաիրի» կինոթատրոնի մոտ բարձրաձայն «հիշում» էր ժամանակի բռնակալներից մեկի յոթ պորտը։ Բնականաբար, հայտնվեց կալանավայրում։
-Արմենի հետ ընկեր ու համագործակից էին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Արտո Թունչբոյաջյանը, Ռոբերտ Քոչարյանը, շատերը։ Իսկ ով այսօր հետին թվով ինչ-որ բան է ասում, նրանց իրենց խղճին եմ թողնում։ Արմենի կարևոր բնութագրականներից է նրա մանկավարժական տաղանդը, նրան ուղղակի սիրահարվում էին ուսանողները։ Իսկապես, «Գոյակն» ու «Գոյը» զարմանալի երևույթներ էին, ուր ձգտում էին շատերը, հյուրընկալվում էին ընտրյալները։ Առհասարակ, Արմեն Մազմանյանի բոլոր նախաձեռնություններն ազգային-պետական հենք ունեին, հիշենք թեկուզ 2000-ի հունվարի միջազգային փառատոնը, որտեղ թե՛ Հայաստանի տաղավարը (տնօրեն` Կարեն Աղամյան), թե՛ Մազի ղեկավարած գեղարվեստական մասը բարձր գնահատվեցին հանդիսատեսի կողմից։
Իսկ 1999-ին ճանապարհ ընկանք դեպի Եգիպտոս, դարձյալ միջազգային փառատոն, որը կոչվում էր «Կահիրեի միջազգային փորձարարական թատրոնների փառատոն»։ Դարձյալ աչքի ընկնող ելույթներ, ճանաչում և Հայաստանի արժանավոր ներկայացում։ Արմենի «արկածախնդրությունը» հիանալի պտուղներ տվեց։ Եգիպտոս ուղևորվեցինք ավտոբուսով, անցնելով պատմական Հայաստանով դեպի Հորդանան, Կարմիր ծով և հանգրվանեցինք Եգիպտոսում։ Հետդարձը նույն ճանապարհով էր։ Այսինքն, տեսանք ու հիացանք Էրգրով, մեզ սպասարկող ավտոբուսը վրացական համարանիշերով էր, Արմենն ու դերասան Սամվել Սեդրակյանը լողացան Վանա լճում, Վանա տառեխ հասցրինք Հայաստան հենց լճից բռնած, վրացի զբոսաշրջիկների անվան տակ եղանք Մհերի դռանը, որը զինվորական հսկողության տակ էր և այլն։ Այս ուղևորության ընթացքում վերստին բացահայտվեց Արմենի մեծ պատասխանատվությունն իր հետ ճանապարհի ելած յուրաքանչյուրի հանդեպ, որևէ մեկի գլխից մազ անգամ չպակասեց։ Այսպիսին էր Մազը, իմ, քո, շատերի ընկեր, շատերին թևութիկունք Մազը։

Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ