ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Հարևան երկրների մշակույթին ուշադրություն չենք դարձնում»

«Հարևան երկրների մշակույթին ուշադրություն չենք դարձնում»
26.07.2016 | 00:23

«Անտարես» հրատարակչության տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ համոզմամբ` մշակութային երկխոսություն ասվածը հարևան երկրների հետ անհատների մակարդակով է: Հասարակությունների մակարդակով շփում գրեթե չկա:

-Մենք այսօր մեր հարևան երկրների մշակույթին բացարձակ ուշադրություն չենք դարձնում, ցավոք, շատ ենք լսում` կեղտոտ պարսիկներ, տուտուց վրացի, երբ հայհոյում ենք իրար, ասում ենք` թուրք, ադրբեջանցիների մասին էլ չեմ խոսում: Հնարավոր չէ ճանաչել մշակույթը և այդպիսի վերաբերմունք ունենալ: Իրանն ունի մշակութային հարուստ շերտեր, Իրանում լավագույնս են պահպանված հայկական մշակութային կոթողները` թե՛ կրոնական, թե՛ մշակույթի այլ տարրերի: Վրաստանը մեր հյուսիսային դարպասն է, մենք գիտենք, թե ստրատեգիական ինչ նշանակություն ունի մեզ համար: Քանի՞ վրացի նկարչի, երաժշտի ենք ճանաչում, քանի՞ վրացի գրողի ենք ճանաչում: Ինչո՞ւ ենք ասում` մեր առաջ դուռ չեն բացում, երբ մենք մեր հարևանի լեզվով չենք խոսում: Պատկերացրեք՝ դուռը ծեծում են և խոսում այլ լեզվով, կարող եք վախենալ, չբացել, բայց եթե քո լեզվով են խոսում, քո բարբառով, նույն արժեհամակարգից են խոսում, դուռդ բաց կանես: Իսկ մենք հազարամյակների համատեղ պատմություն ունենք թե՛ վրացիների, թե՛ իրանցիների հետ:
-Վրացի գրողներին մենք պարբերաբար ներկայացնում ենք: Իսկ նրանք հետաքրքրվո՞ւմ են, փոխադա՞րձ են թարգմանության գործընթացն ու հետաքրքրությունը:
-Այդ «մենք» չենք նրանց թարգմանում, «Անտարեսը» հատուկ ծրագիր ունի, որը բացարձակ կապ չունի մեր պետության վարած ծրագրի հետ, ավելի ճիշտ, չծրագրի հետ: Պարզապես մենք հասկանում ենք, որ «նույն լեզվով խոսելը» կարևոր, ստրատեգիական նշանակություն ունի:
-Որպեսզի մեր մշակույթը պրոպագանդվի` ինքնե՞րս պետք է քայլեր անենք:
-Այո, չէ՞ որ նրանք են ծանոթացնում իրենց գրողներին, աջակցում, որ հրատարակություններ լինեն: Նայենք թվերին: Մենք 2003-ին ունեինք մոտ 1200 անուն գիրք, վրացիները` 600 անուն գիրք: 2012-ին մենք` 2200, վրացիները` 2000: 2013-ին հավասար էինք. հրատարակում էինք 2000-ական անուն գիրք: 2015-ին մենք անկում ենք ունեցել մինչև 1500 անուն գիրք: Վրաստանում լույս է տեսել 8500 անուն գիրք: Առաջընթաց են գրանցել չորս ու կես անգամ:
2014-ին Վրաստանի երկրորդ հրատարակիչը, դասագրքերից զատ, վաճառել է մեկ միլիոն գիրք: «Անտարեսը», որ Հայաստանում լույս ընծայված գրքերի ամենամեծ թվաքանակն ունի, անցյալ տարի, դասագրքերից զատ, վաճառել է 30 հազար գիրք: Սրանք որակական չափանիշներ են:
-Հայ հեղինակներին դրսում ներկայացնելու ի՞նչ քայլեր եք անում:
-Հայ գրականության հիմնադրամի և Առաջին գրական գործակալության հետ մեծ աշխատանք ենք տարել վերջին հինգ տարիներին: Թարգմանվել և հրատարակվել են Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» (ԱՄՆ-ում), Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» (Թուրքիայում և Կանադայում), Արամ Պաչյանի «Ռոբինզոնը» (ՈՒկրաինայում): Վերոնշյալ գրքերից բացի՝ մեր հեղինակների առանձին ստեղծագործություններ նույնպես թարգմանվել և տեղ են գտել արտասահմանյան հրատարակիչների ժողովածուներում: Մեր ուժերի չափով տարածում ենք ու դրսի ընթերցողին հասցնում հայ գիրքը: Սրանք ծրագրային աշխատանքներ են և շարունակական են լինելու: Մինչ այդ միջպետական ծրագրերով է հայ գրականությունը թարգմանվել, այսինքն` ոչ կոմերցիոն, ինչը նշանակում է, որ այդ գրքերը նկուղում փչանում էին: Վրաստանը տարին մոտ 100 գրքի հրատարակման է աջակցում, մեր պետությունը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, 6 գիրք հրատարակեց: Այլ տարիներին դա էլ չի արվել:
-Ի՞նչ բացեր ունի ժամանակակից հայ գրականությունը:
-Չի գրվում գիրք պետականաշինության մասին, որը, ինչպես գրականագետ Անուշ Սեդրակյանն է ասում, անպայման պետք է պայմանավորված լինի տոհմի նկարագրությամբ: Ոմանց կարծիքով՝ դա Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը» վեպն է: Խեչոյանը գրել է մեր էպոսի մասին: Էպոսը քո մարմինն է, արյունը, իսկ գլուխը պետք է լինի քո հորինածը, ստեղծածը, դա պետք է լինի ասք հայկական «ֆորսայթների» մասին:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ