Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խոշոր թռիչք զբոսաշրջային Դուբայի մշակութային կյանքում

Խոշոր թռիչք զբոսաշրջային Դուբայի մշակութային կյանքում
20.09.2016 | 00:39

Բազմերանգ է Դուբայ քաղաք-էմիրության մշակութային կյանքը: Մշակութային նախագծերն ընդգրկում են արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Պետք է շեշտել, որ դրանք էժան նախագծեր չեն. Էմիրությունը մեծ ներդրումներ է կատարում այս ոլորտում: Քառասունչորս տարվա պատմություն ունեցող երկրի համար կարևոր է աշխարհի մշակութային հարթակում իր տեղը զբաղեցնելը: Տեղական «Դը Նեշընըլ» թերթը, անդրադառնալով ԱՄԷ-ի մշակութային ոլորտի մակարդակին, գրում է. «Տասնամյակների ընթացքում Դուբայը վերածվել է առևտրի, բիզնեսի, զբոսաշրջության կենտրոնի: Միլիոնավոր դոլարներ վաստակելով նավթից՝ նա աշխարհի քարտեզի վրա իր տեղն է զբաղեցնում պերճաշուք հանգստավայրերով, երկնաքերներով, արհեստական կղզիներով, սակայն բիզնես ուղղվածություն ունեցող էմիրության մշակութային ոլորտը նույնքան ներկայանալի չէ»:

Սա գիտակցելով՝ լուրջ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ ալ Մաքթումն օրեր առաջ Դուբայի օպերայի բացման արարողության ժամանակ ևս մեկ անգամ հիշեցրել է ներկաներին, որ մշակույթը հասարակության զարգացման անկյունաքարն է, մարդկանց առաջընթացի հայելին: Շեյխ Մուհամմադը շեշտել է, որ մշակույթի զարգացումը մշտապես եղել է իրենց զարգացման պլանների և ապագայի տեսլականի մի մասը, ուստի իրենք աջակցում են ենթակառուցվածքի զարգացմանը:


Այս գործընթացի արդյունքը երևաց օգոստոսի 31-ին, երբ Պլաչիդո Դոմինգոյի ելույթով իր դռները բացեց Դուբայի օպերան: Ի միջի այլոց, համերգի տոմսերը վաճառվել են երեք ժամվա ընթացքում՝ դեռևս ապրիլին: Դուբայի օպերան Էմիրության ամենահավակնոտ նախագծերից մեկն է, որի արժեքը «Էմար Փրոփերթի» ներդրումային ընկերությունը չի ցանկացել նշել: Ի դեպ, ընկերությունն է իրականացրել այն: Դուբայի օպերայի շենքը քաղաքի կենտրոնում կառուցվելիք Դը օպերա դիսթրիքթ (Էմաար Փրոփերթի) թաղամասի սիրտն է: Էմիրության կառավարչի տեսլականի համաձայն թաղամասը պետք է դառնա նորաձև մշակութային կենտրոն, որտեղ կկարողանան դրսևորվել ոչ միայն էմիրաթցի, այլև արտերկրից հրավիրված համաշխարհային ճանաչում ունեցող արտիստները:
Վերադառնալով Դուբայի օպերային՝ նշենք, որ այն նախագծվել է «Աթկինս» նախագծային- ինժեներական և խորհրդատվական ընկերության կողմից: ԱՄԷ-ի խորհրդանիշներից փայտե ձկնորսական նավակի (դաուի)` ձև ունի շենքը, արտաքինից ապակեպատ է, ինչը համահունչ է ժամանակակից ԱՄԷ-ի ճարտարապետական ոճին: Կառուցված է ջրի ափին, ինչն ավելի է ընդգծում նավի գաղափարը: Իր ճարտարապետական կոնցեպցիայով սա «շինություն է շինության մեջ»: Բեմը և հանդիսատեսի համար նախատեսված հատվածը չորս կողմից շրջապատված են ճեմասրահով, որտեղից երևում է Դուբայի համայնապատկերը, իսկ ներսում բազմաֆունկցիոնալ դահլիճն է, որը կարող է ծառայել թե՛ որպես օպերային ներկայացումների ու համերգային բեմ, թե՛ որպես ցուցասրահ:


Շենքի տանիքին ռեստորան է գործելու, որի այցելուները կարող են վայելել Բուրջ Խալիֆան, Դուբայի հայտնի շատրվանները, ինչպես նաև հետագայում «Օպերա Դիսթրիքթի» մյուս ձեռքբերումները:
Սակայն այս ամենն ապարդյուն կլինի, եթե թատրոնը չունենա համարժեք ծրագիր: Առաջիկա չորս ամսվա ընթացքում Դուբայի օպերան հյուրընկալելու է հիսուն օպերային և բալետային ներկայացում, լինելու են նաև համերգներ: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ մի օր երկու հազար քառակուսի մետր մակերեսով, երկու հազար հանդիսատեսի համար նախատեսված գերժամանակակից տեխնոլոգիաներով զինված Դուբայի օպերան կդառնա նույնքան հանրահայտ, որքան Սիդնեյի օպերան:


Սա կերևա ապագայում: Իսկ մինչ այդ, թերևս, կայացավ այս նախագծի առաջին հաղթանակը. մեծ ջանքերի շնորհիվ Դուբայի օպերայի բացման արարողությունը լուսաբանվեց տեղական արաբալեզու և անգլալեզու, Ծոցի երկրների, ինչպես նաև արևմտյան մամուլում: Այս իրադարձությանն անդրադարձան The Telegraph-ը («Դուբայի նպատակն է նորաբաց օպերայով մրցել Սիդնեյի հետ»), ABC NEWS-ը («Երկնաքերներով լցված Դուբայի մշակութային ասպարեզը փայլեց նոր օպերայով»), Reuters-ը («Օպերան բարձր հնչերանգներ է հաղորդում Դուբայի տուրիստական կոչին»), Euronews-ը («Դուբայի օպերայի դռները բաց են»), Al Jazeera-ն («Օպերան կոչված է խթանելու Դուբայի մշակութային դիմագծի զարգացումը»): ՈՒշագրավն այն է, որ այս հոդվածներում շեշտը դրված է իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի հիասքանչ ելույթի, օպերայի շքեղության և գերժամանակակից լինելու վրա, սակայն առիթը բաց չեն թողել ընդգծելու, որ Դուբայն առայժմ զբոսաշրջային քաղաք է իր տեսարժան վայրերով, երկնաքերներով, հյուրանոցներով, սակայն, որպես մշակութային քաղաք, դեռևս «սկսնակ» է: Ի դեպ, ԱՄԷ-ն մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի՝ երբեք չի թաքցնում, թե ինչպիսին է եղել և ուր է հասել: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու: Ցավալի է, երբ քո անցյալը դրսից են մատնանշում:


Այդ առումով պատահական չէ, որ Բուրջ Խալիֆայի պես հսկայի կամ երգող շատրվանների կողքին կառուցվում է ավանդական ձկնորսական նավ հիշեցնող օպերային շենք:
Իսկ վերջում նորից համոզվեցի, որ մենք՝ հայերս, իսկապես երջանիկ ենք, որ, չունենալով այս շքեղ գերժամանակակից կյանքը, ունենք հարուստ մշակութային ժառանգություն, թեև հաճախ մոռանում ենք փայփայել մեր ունեցածը: ԱՄԷ-ի համար երազանք կլիներ 1932-ին հիմնադրված օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ունենալը, որն այսօր մենք արժեզրկում ենք սրճարանային մուղամներով:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ