Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճանաչենք մեր գիտնականներին

Ճանաչենք մեր գիտնականներին
23.05.2025 | 20:07

Մարլեն Նարիբեևիչ Խաչատուրյան (սեպտեմբերի 2, 1926, Վայոց ձորի մարզ, Հայկական ԽՍՀ – դեկտեմբերի 27, 2003, Մոսկվա) – խորհրդային ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Նա առաջինն էր, որ առաջարկեց և մշակեց բարձր էներգիայի նեյտրոնային էներգիաների չափման մեթոդ՝ օգտագործելով չերենկովյան լրիվ կլանման հաշվիչներ։ Նրա մշակած և ստեղծված նեյտրոնային դետեկտորը հնարավորություն տվեց առաջին անգամ չափել նեյտրոնների պրոտոնների, նեյտրոնների և միջուկների փոխազդեցության հատույթները 1-ից մինչև 10 ԳէՎ էներգիական տիրույթում[1][2]։

(Վիքիպեդիայի այս տեղեկությունը թարգմանված է ռուսերենից):

Իմ այս գրությունը հորական տատիկիս կողմից ինձ ազգական մոսկվայաբնակ գիտնական Մարլեն Նարիբեկի Խաչատրյանի մասին է, որի ներդրումը ատոմային ֆիզիկայի ոլորտում մասնագետների վկայությամբ արտակարգ ծանրակշիռ է:

Երբ ես ուսանող էի, «Огонек» ամսագրում հպարտությամբ կարդացի նրա գիտական գործունեությունը ներկայացնող մի հոդված: Հոդվածագիրը գրել էր, որ Մարլեն Խաչատրյանը իր երկու ընթերակաների՝ ասիստենտների, հետ հրաշքներ է գործում տվյալ գիտական խնդրի հետազոտության ոլորտում, և որ իր ժամանակի առաջամարտիկներից մեկն է, որն իր մշակած առաջնակարգ մեթոդներով ճանապարհ է հարթում նյութի տարրական մասնիկների առեղծվածային աշխարհը իմացության համար ավելի հստակ դարձնելու ուղղությամբ:

Ես նրան տեսել եմ միայն մեկ անգամ, մեր տանը: Մոսկվայից եկել էր և եղբոր՝ Վովա Խաչատրյանի հետ, որը տնտեսագիտության դոկտոր էր, Բրյուսովի անվան ինստիտուտի դասախոս, որոշել էին գնալ տեսնելու այն գյուղի ավերակները, որտեղ ծնվել էին:

Ի դեպ, դա այն գյուղն էր, որը վերացրին մի շարք գյուղերի հետ, որտեղ նաև ես եմ ծնվել: Որտեղ անցել է նաև իմ մանկությունը: Իրենց տան ավերակների մոտ նստել էին երկար:

Ի դեպ, Մարլենը ծնվել էր Բոլորաբերդում, որը մեր Գանձակ գյուղից երեք կիլոմետր էր հեռու: Կարճ ժամանակ անց նրանք տեղափոխվել էին Գանձակ, ապրում էին Գուրգի անունով մի գյուղացու սենյակներից մեկում: Մի քանի տարի անց ընտանիքով տեղափոխվում են Երևան:

Տան ավերակների մոտ երկար նստելուց հետո, եղբայրները որոշել էին հորս այցելել արդեն Երևան բերող ճանապարհին կից մի այլ գյուղում, որտեղ վերաբնակվել էինք իմ մանկության գյուղը վերացնելուց հետո:

Մենք հյուրընկալեցինք նրանց: Ես այդ ժամանակ դպրոցական էի ու կլանված լսում էի նրանց զրույցը: Հայրս խանդավառված ասում էր, որ հիացած ենք, որ մենք հպարտ ենք իրենով:

Սակայն Մարլենը դառնացած էր: Նա անկեղծորեն սկսեց հորս պատմել, թե ինչքան են խանգարել իրեն, ինչքան արհեստական խոչընդոտներ ստեղծել:

Ասում էր, որ իր շրջապատում հիմնականում կոչումներով և պաշտոնով բարձրաստիճան հրեա ֆիզիկոսներ են, որոնցից ոմանք «տնօրինում են» գիտական ցանկացած նորույթի ճակատագիրը: Այդ տեսակ մարդիկ պարտադրաբար ջանում են իրենց անունն էլ դաջել քո ստեղծածի վրա:

Ես ուշադիր լսում էի: Ասում էր, որ արհեստական արգելքներ են ստեղծում, որոնք իրականում ցանկացած գիտնականի կարող են թևաթափ անել, թուլացնել նրա մտքի ստեղծագործական թռիչքը ու հյուծել կենսական ուժերը:

Հետագայում տարիներ շարունակ մտածում էի, թե ինչո՞ւ է մաքուր ճանաչողության նավարկությունը շարունակաբար բախվում խութերի, որտե՞ղ փնտրել Մեծ ճանաչողության մեջ առկա այդ հակասության արմատը:

Վերոհիշյալ պարագայում, բացի նրանից, որ գիտության նվաճումները երկրի հզորները քաղաքականացնում են, գործում է նաև հոգեբանական խորքային մի հակոտնյա անտիպոդ, որը պարզելու համար էթնոհոգեբանական խորքային դիտարկում է անհրաժեշտ:

Թերևս, հակասությունը, կարծում եմ, վերոհիշյալ տնօրինողներին բնորոշ պրագմատիկ՝ հաշվարկային, գիտական մտածողության (բնութագրումը գերմանացի իմաստասեր Օտտո Վեյնինգերինն է) և վերլուծական, ստեղծագործական, նաև շատ դեպքերում բնազանցական հետազոտական մոտեցումների բնույթի միջև է:

Նման պարագայում, կարծում եմ, գործում է նաև գիտությանը մշտապես ուղեկցող տաղանդի և միջակության հակասությունը: Տաղանդն իրականում ստեղծագործական է, մինչդեռ միջակությունը՝ պահպանողական է, որը լոկ բացարձակացնում և ստանդարտացնում է առկա ճանաչողությունը և սարսռում ու բնազդային ընդգծված սալիերիզմ է դրսևորում հին ըմբռնումներըը կործանող ամեն մի նորի, առավել հզոր լուսարձակի հանդեպ:

Այս խոկումները, սակայն համարենք հայ գիտնականի թեմայից ծագած ընդհանուր դիտարկումներ:

Կրկին անդրադառնանք Մարլեն Խաչատրյանի մասին գրված Վիքիպեդիայի տեղեկություւներին ամբողջությամբ:

Մ.Ն. Խաչատուրյանի աշխատանքը անբաժանելիորեն կապված է չերենկովյան լրիվ կլանման գամմա սպեկտրոմետրերի տեխնիկայի զարգացման և դրանց բարձր էներգիայի արագացուցիչների հետազոտություններում կիրառման հետ։

Նրա մշակած և ստեղծված նեյտրոնային դետեկտորը հնարավորություն տվեց առաջին անգամ չափել նեյտրոնների պրոտոնների, նեյտրոնների և միջուկների հետ փոխազդեցության հատույթները 1-ից 10 ԳէՎ էներգիայի տիրույթում։ Այս աշխատանքում ստացված արդյունքները դեռևս եզակի են նշված էներգիայի տիրույթում և լայնորեն մեջբերվում են ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան գրականության մեջ։

Գամմա սպեկտրոմետրիայի զարգացման մեջ որակապես նոր մակարդակ էր Խաչատուրյանի և նրա գործընկերների կողմից առաջարկված մեթոդը՝ էլեկտրամագնիսական բնույթի մասնիկների արդյունավետ զանգվածը չափելու համար՝ օգտագործելով կայծային խցիկներ և Չերենկովի [3] գամմա սպեկտրոմետրեր։ Այս մեթոդի մշակումը և դրա վրա հիմնված բարձր արդյունավետությամբ դետեկտորի՝ Չերենկովի զանգվածային սպեկտրոմետրի ստեղծումը հնարավորություն տվեց իրականացնել մի շարք նուրբ և բարդ փորձեր, որոնց արդյունքում ապացուցվեց ω և ϕ մեզոնների հազվագյուտ էլեկտրամագնիսական տրոհումների գոյությունը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի և չափվեցին դրանց զուգահեռ լայնությունները։

Այս փորձերը ստացան միջազգային ճանաչում և 1971 թվականին ԽՍՀՄ Հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի կողմից գրանցվեցին որպես ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ։

Խաչատուրյանի և նրա գործընկերների կողմից ստեղծած սարքի բարձր պարամետրերը հնարավորություն տվեցին առաջին անգամ հայտնաբերել ηo մեզոնների սերնդի դիֆերենցիալ հատույթի կառուցվածքը փոքր t-ի տիրույթում և առաջին անգամ չափել πo մեզոնների կուտակային ձևավորման անփոփոխ հատույթները։

Տարրական մասնիկների ֆիզիկայի տարբեր բաժիններում կատարված իր հիմնական գիտական աշխատանքներով Խաչատուրյանը հաստատվեց որպես խոշոր փորձարարական ֆիզիկոս, որի աշխատանքը բնութագրվում է բարձր էներգիայի ֆիզիկայի բարդ փորձարարական խնդիրների լուծման մեթոդների ինքնատիպությամբ [1] [4]։

Մարլեն Խաչատուրյանի գլխավորած գիտնականների խումբը հեղափոխական մեթոդով նոր տվյալներ է ստացել օմեգա մեզոնի քայքայման վերաբերյալ[5]:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ. Գ.

Մարլեն Խաչատրյանի մասին որոշեցի գրել, քանի որ նրա մասին գիտեն լոկ նեղ շրջանի մասնագետները՝ ֆիզիկոսները, մինչդեռ Վայոց ձորում թերևս հատ ու կենտ մարդիկ գիտեն միայն, միգուցե նրանք էլ, ըստ էության, չգիտեն, թե ի՜նչ գիտնական են տվել համաշխարհային գիտությանը:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ