ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մեր պատմության հրաշալի ու տարողունակ աղբարկղը

Մեր պատմության հրաշալի ու տարողունակ աղբարկղը
05.04.2013 | 03:15

Պատմությունը մեզ համար այն հրաշալի ու տարողունակ աղբարկղն է դարձել, որտեղ սիրում ենք ամեն ինչ լցնել` հուսալով, որ աղբամանները երբևէ չեն բացվում: Իսկ նրանք բացվում են:

Փառք ու պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանին, նրան իսկապես հաջողվեց այն, ինչ չէր հաջողվում Սերժ Սարգսյանին: Այն էլ կայծակնային արագ ընթացքով: Եթե Սերժ Սարգսյանը համոզում էր, հորդորում էր, ապացուցում էր, որ ինքն արժանի է նախագահ լինելու, նրան, միևնույն է, հավատում էին միայն յուրայինները: Յուրայինները: Փետրվարի 18-ից հետո մինչև այսօր` ընդամենը 47 օրում Րաֆֆի Հովհաննիսյանը սրընթաց ապացուցեց մտածող մարդուն, որ փետրվարյան նախագահական ընտրություններում նախագահի միակ արժանի թեկնածուն Սերժ Սարգսյանն էր` ով ում ինչքան ձայն էլ տվել է ու չի տվել: Ավելին` ապացուցեց, որ մարդկային որոշակի տիպեր կան, ում հակացուցված է ոչ միայն նախագահի պաշտոնը, այլև ընդհանրապես որևէ ղեկավար պաշտոն, որովհետև այդ մարդիկ կենսաբանորեն ի վիճակի չեն որոշում ընդունել, ավելին` անգամ ի վիճակի չեն կատարել իրենց ընդունած որոշումը: Ինչ էլ ասեն կամ գրեն ԱՄՆ դիվանագետները, ինչ էլ որոշեն ու ծրագրեն, նրանք միանգամայն մոլորված են. Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկային այն տիպը չէ, որ ի վիճակի լինի երկիր կառավարել: Խոսել` այո, անգլերեն գուցե ավելի հոդաբաշխ, քան հայերեն, բայց խոսելով նախագահ լինել իրեն կարող է թույլ տալ առավելագույնը խորհրդարանի խոսնակը, ոչ պետության նախագահը: Ամերիկացիները խորապես սխալվել են իրենց հաշվարկներում, նույնիսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տար բնակչության 200 տոկոսը, որովհետև հավատալ, որ մեծամասնությունը ճիշտ է, նշանակում է ոչնչի չհավատալ:
Այս օրերին պարզվեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տառապում է անձի երկվությամբ, որ կարող էր անհայտ մնալ ու վտանգավոր չդառնալ, եթե նա շարունակեր մնալ տարբեր գումարումների խորհրդարաններում 3-7 պատգամավորով խմբակցություն ունեցող «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը միայն, որ կամ գումարման սկզբից, կամ կեսից վայր է դնում մանդատը, որ պարբերաբար հացադուլներ է անում, 21 կետից նամակներ է գրում նախագահին, մշտապես փորձում է համախմբել քաղաքական դաշտը իր շուրջ, միով բանիվ` ապրում է սովորական քաղաքացու կյանքով: Բայց նա որոշեց առավել հրապարակային կյանք վարել: Անձի երկվությունը սկսվել էր ավելի վաղ, գուցե նաև միանգամայն գիտակցաբար` իբրև քաղտեխնոլոգիա: Բայց համաձայնեք, որ Հիսուս Քրիստոսի հետ նույնականացումը նախընտրական տեխնոլոգիա դարձնելը դժվար ու պատասխանատու, եթե ոչ հանդուգն ու անպատասխանատու քայլ է ընդհանրապես: Մանավանդ` իր բնավորության պարագայում: Բոլոր այդ բարև-ներն ու բարևիկ-ները շռայլելը, վարսավիրանոցներ-շուկաներ-խանութներ, հոգեհանգիստներ այցելելը ¥զարմանալի է, որ նա հանգուցյալին հարություն չի տվել¤, կարկանդակներ գնել-բաժանել-ուտելը պատճենում են շատ հայտնի, բայց իմաստավորված իրողությունները, բայց պատճենում են անհեթեթ ու անբովանդակ: Ամեն քայլափոխի Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է ինքն իրեն, հետո մեղադրում, որ իրեն չեն հասկանում, խեղաթյուրում են, իսկ վերջին մի քանի օրը նաև միանգամայն քրիստոնեաբար սկսել է անարգել ու սպառնալ ծանոթ ու անծանոթ մարդկանց: Գուցե ծիծաղելի է, բայց բնավ ծիծաղելի չէ, երբ միանգամայն սթափ գիտակցությամբ կոչ է անում մեկ րոպե լռությամբ հարգել Հիսուս Քրիստոսի հիշատակը, որ նվազագույնը վկայում է հավատի շատ տարօրինակ ու արտառոց ընկալում, եթե ոչ սրբապղծություն: Առավել ևս, երբ հավատավոր քրիստոնյային վայել պարտաճանաչությամբ դադարեցնում է հացադուլն ու գնում պատարագի, բայց հենց հաջորդ օրը ոտնահարում Հայ առաքելական եկեղեցու սահմանած կարգը` տաղավար տոնին հաջորդում է մեռելոցը: Րաֆֆի Հովհաննիսյանը մեռելոցին գնում է քարոզչության, որ տարրական մարդկային հարգանքի ու պատշաճության բացակայություն է հենց այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր այդ օրն իրենց հանգուցյալների շիրմին են այցելում և բնավ քաղաքականության ու քաղաքական կոչեր լսելու տրամադրություն ու ցանկություն չունեն:

Քաղաքականությունը նրա համար այլևս դարձել է իդեա ֆիքս, համարյա կպչուն գաղափար, որ անընդհատ մղում է խոսել-խոսել-խոսելու, բայց ի՞նչ: Հիսուսի հետ ինքնանույնացումը նրա համար այլևս ոչ թե քաղաքական, այլ հոգեբանական հարթության մեջ է, այլապես դարձյալ միանգամայն սթափ, ավելին, արդեն ոչ հացադուլի մեջ, այլ իր իսկ հայտարարած մինչև ապրիլի 9-ը հացադուլից իր որոշմամբ դուրս գալով, հայտարարում է, որ քաղաքացիական պայքարը գտնվում է քաղաքացիական առումով Ավագ շաբաթում` «Սուրբ շաբաթ, ուժի շաբաթ, իրավունքի շաբաթ, որը մեզ բերելու է ապրիլի 9-ին»: Բայց գոնե հասկանո՞ւմ է` թե ինչ է Ավագ շաբաթը, ի՞նչ կապ ունի ապրիլի 9-ի հետ, ինչպե՞ս կարելի է զուգորդել անզուգորդելի իրողությունները, և ինչո՞ւ:
Եվ մտածող մարդը պիտի նրան հավատա՞ ու նրա հետ, թեկուզ աղոտ, բայց հույսեր կապի՞: Աբսուրդի հերթական թատրոնն է խաղարկվում հայ քաղաքական ասպարեզի ընդդիմադիր բեմում: Եվ ներկայացումը օրավուր անհեթեթ է դառնում: Պատճառները միայն գլխավոր դերակատարի դերին լիակատար անհամապատասխանության մեջ չեն: Հիմնական պատճառը այդ ասպարեզի ամայի վիճակն է: Իշխանությունը, իհարկե, իր մեղքը չի տեսնելու և հակադարձելու է, որ ընդդիմություն ձևավորելն ու կայացնելը իր խնդիրը չէ: Բնականաբար, իր խնդիրը չէ, բայց բազմակուսակցական համակարգի լիարժեք գործառնության պայմաններ ստեղծելն իր խնդիրն է: Գրպանային ընդդիմության արժեզրկումից հետո, թատերական ընդդիմության ինքնադիմազրկումից հետո իշխանությունը ոչ թե մտքի ու ձեռքերի ազատություն է ստանալու, այլ շատ մեծ ու լուրջ հարց` «Ես աւերակացս զի՞նչ թագաւորեմ»: Եվ հարկադրված է լինելու պատասխանել այդ հարցին: Քաղաքականության բովանդակազրկումը և սեփական մեծ ու մանրիկ շահերին սպասավորումը, քաղաքական ասպարեզի փոխարկումը փակ կամ կիսաբաց շուկայի, բնականաբար, պիտի հանգեցնեին հասարակության դեգրադացիայի: Գաղջ մթնոլորտը գրեթե փաղաքշական գնահատական է: Մթնոլորտը գաղջ չէ, մթնոլորտ չկա: Եղածը այն վակուումն է, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի պես անհավասարակշիռ, անծրագիր ու քաղաքականությանը հակացուցված մարդիկ են դառնում քաղաքական գործիչներ: Ովքեր շռայլում են բառեր ¥հացադուլ, ստադուլ, վախադուլ, երդմնակալություն իմ դիակի վրայով¤, ովքեր բառերի հետ խաղ են անում ու անվանում են քաղաքականություն, ովքեր այդ որակի ու այդ մակարդակի քաղաքականության մեջ իրավունք ու հնարավորություն են ստանում մարդկանց նյարդերի հետ խաղալ: Իսկ մարդիկ, կրկնում եմ, ոչ թե գաղջ մթնոլորտի, այլ վակուումի մեջ հայտնված` լսում են բառախաղն ու տենդագին իմաստ փնտրում և, որովհետև իմաստ չկա, բայց կա իմաստի պահանջարկ, սկսում են հնարել:
Եթե ոմանց թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ մեկին արթնացրեց, ինչ-որ շարժում սկսեց` անկասելի, խորքային, անտեսանելի, անըմբռնելի, խորապես մոլորվում են: Այդ շարժումը միշտ էլ եղել է, դա հենց կյանքն է, կյանքի ընթացքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բոլորովին կապ չունի: Այդ շարժումն է, որ ՀԱԿ-ին 2008-ից բերեց 2012-ի պատկերին, որ ԲՀԿ-ին պահում է իր անդեմ անորոշության մեջ, որովհետև այդ շարժումը միշտ ունի իսկապես անկասելի, իսկապես խորքային, իսկապես անբեկանելի ու տրամաբանված ընթացք: Մնացածը մնում է այն մանրուքը, որ պարբերաբար ալիքի վրա է բարձրանում` օրընթաց հայտարարություններ անելու, օրընթաց հերոսանալու, օրընթաց հեռանալու համար:
Հայաստանում իշխանությունը ձախողվել է իր հիմնական գործառույթի մեջ` կառավարման համակարգի: Ձախողվել է և կառուցվածքային, և կադրային, և ժամանակային կտրվածքներով: Կառուցվածքային, որովհետև պետական կառավարման համակարգը, որ կոչված է կառավարման կանոնակարգված մեխանիզմ լինել, լուծում է բոլորովին այլ խնդիրներ, քան ճյուղային կամ ոլորտային կառավարումն է, կատարում է իրականությունից կտրված, միջազգային կազմակերպությունների ու տեղական իմաստունների ծրագրերը, որոնք հազվադեպ միայն իրավիճակի հետ կապ ունեն: Համակարգի առաջ գործնականում դրվում է ոչ թե կառավարման խնդիր, այլ ինքնաբավ ինքնապահպանման: Կադրային, որովհետև ԲՇՏ-ից կառավարություն բոլոր նշանակումները կատարվում են կուսակցականության սկզբունքով: Հայաստանի կառավարությունում կադրային նշանակումները կադրային փոխատեղումներ են` նույն ¥իրավ անփոխարինելի¤ անձը կարող է բոլոր նախարարությունները գլխավորել: Մասնագիտական որակները գնահատվում ու արժևորվում են իշխող կուսակցությանը պատկանելության դեպքում: Ժամանակային, որովհետև այս ընթացքը երկրում ոչ մթնոլորտի, ոչ կենսակերպի, ոչ կենսամակարդակի փոփոխություն չի բերում, հավելում է «չկա»-ների շղթան` չխոստանալով որևէ «կա»: Այս պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի անհոդաբաշխ խոստումները` ժողովուրդը հաղթել է, ծրագիր եմ բերում, նախաձեռնություն, հավատք, հացադուլ, նշաձող, քաղաքացիական դիրքորոշում, մենք պիտի լինենք ճակատի վրա, հրապարակում սովամահ լինելը բարձր նշաձող չէ, նշաձողը ժողովուրդն է և այլն, և այլևայլն, արձագանք են ստանում ինքնաբերաբար: Պետությունն է այդպես կառուցված` պաշտոնապես ինքն իր քաղաքացիների մի մասին հռչակում է մյուս մասի թշնամի ու հանգիստ ապրում` ստանձնելով հաշտարարի դերը: Բայց հաշտեցնո՞ւմ է: Ոչ: Սա է խնդիրը: Թե չէ... Մի քանի ամիս սպասել-խոսել-քննարկելը Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր բեկանված-անբեկանելի որոշումների մասին, վկայում է, որ հասարակությունը իսկապես հիվանդ է, հասարակությունն իր ընդհանրության մեջ մենթալ խնդիրներ ունի, չի կարողանում հստակ գնահատականներ ձևավորել, չունի որոշակի տեսակետներ ու պատկերացումներ, այլ ի վիճակի է ընդամենը օրընթաց, ժամկետանց ու հեղհեղուկ, հուզական ծեքծեքումների: Չկա ոչինչ, որ վկայի մտքի, խոսքի ու կամքի ներդաշնակության մասին: Ինչո՞ւ, ուրեմն, Րաֆֆի Հովհաննիսյանները չդառնան հրապարակի մունետիկներ: Վաղուց ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը դուրս գա յուրայինների փակոցափակից ու ապահով Հայաստանի փոխարեն մտածի իրական Հայաստանի մասին, որտեղ ամենաէժան ու չպահանջարկված ապրանքը ժամանակն է, իսկ ժամանակը նաև վրիժառու է: Նա ունի հինգ տարի` համարյա ոչինչ այն խնդիրների համեմատ, որ պետք է արմատապես լուծել: Թե չէ քաղաքական այս ու այն ուժի, այս ու այն գործարարի, այս ու այն անհատի դեմ օրը մեջ հայտարարված կյանքի ու մահվան պատերազմով, հետո հաշտությամբ, հետո նոր պատերազմով ու նոր «հաղթանակ-պարտություն»-ով ընդամենը շարունակելու ենք այս գոյակերպը, որը ¥բավարար ժամանակ եղել է համոզվելու¤ ոչ միայն ոչինչ չի տալիս, այլև դանդաղ, բայց հաստատուն քանդում-ավերում-վերացնում է եղած քիչը: Նա կարող է, նա իրավունք ունի, նա պարտավոր է: Նա նախագահ է: Ով էլ նոր Հայաստանից կամ նոր կյանքից խոսի, ժողովրդի անունից ու իր սխրանքներից: Ապրիլի 9-ին երդվի կամ միտքը հերթական անգամ փոխի ու հայտարարի, որ երդումը հակաքրիստոնեական է, ուրեմն իրեն վայել չէ: Կյանքը շատ ավելի լուրջ ու ծանր աշխատանք է, քան թվում է: Ամեն աշխատանք մասնագիտական պատրաստվածություն է պահանջում, իսկ հաջողության համար` որակ ու մակարդակ: Ճիշտ է` Հայաստանում որակ ու մակարդակ ունենալը համարյա հանցագործություն է, բայց ո՞վ ասաց, որ միշտ է այդպես մնալու: Մինչև հիմա մեզ համար պատմությունը եղել է հրաշալի ու տարողունակ աղբարկղ, որտեղ ամեն ինչ լցրել ենք` կարծելով, որ աղբամանները երբևէ չեն բացվում: Իսկ նրանք բացվում են: Սկսել են բացվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ընդունված է համարել, որ ժամանակը հոսում է ձախից աջ, համենայն դեպս` այդպես են գնահատում մեր թվարկության արդեն 2013-րդ տարում, իսկ եթե ժամանակը հոսում է վերևից ներքև կամ ներքևից վերև՞: Ձեզ համար ոչինչ չի՞ փոխվում. ուրեմն դուք կորցնելու ոչինչ չունեք և ոչինչ գտնելու հույս չունեք:

Դիտվել է՝ 2980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ