ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՀԱԿ+ԲՀԿ-«Ժառանգություն»

ՀԱԿ+ԲՀԿ-«Ժառանգություն»
13.04.2013 | 21:11

Օրվա «ինտրիգը» մնացին նորաստեղծ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդրանիկ համագումարն ու նրա շուրջ ծավալված քննարկումները սոցցանցերում:
Ամեն ինչ ընթացավ վաղօրոք նախագծած սցենարով. կանխատեսելի էր, թե ովքեր պետք է հրավիրվեն, ովքեր՝ ոչ: Կանխատեսելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը միաձայն ընտրվելու էր այդ կուսակցության նախագահ: Կանխատեսելի էին նաև ելույթները, գնահատականները, քաղաքական համագործակցության հեռանկարները:
Միակ «անկանխատեսելին», թերևս, բուֆետում միայն ՀԱԿ անդամներին կտրոնով տրված հացի ու երշիկի բուտերբրոդներն էին, ինչը ոմանց հիշեցրեց անցյալ դարի իննսունականները, երբ հացը գնում էինք կտրոնով:
Համագումարում չշրջանցվեցին վերջին քաղաքական իրադարձությունները՝ Րաֆֆին, նրա՝ ոչ քաղաքական գործողությունները, ԲՀԿ-ի հետ համագործակցությունը՝ որպես մասն ամբողջից պոկելու խորիմաստ և հեռահար քայլ:
Հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ը փետրվարի 18-ի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչեց որպես հաղթող, բայց նույն Րաֆֆիի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությանը չէին հրավիրել համագումարին: Պարզվեց՝ հրավիրել են միայն այն քաղաքական ուժերին, ում հետ համագործակցում են: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը» և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: «ժառանգության» հետ համագործակցություն վերջին տարիներին ամենաարդյունավետը ստացվել է միայն Փաստահավաք խմբում, որի կազմած զեկույցները պահպանվում են, ուղարկվել են նաև միջազգային կառույցներին, իսկ այդ զեկույցներում Մարտի 1-ին մասնակցած օլիգարխների և պաշտոնյաների կողքին իր «պատվավոր» տեղն է զբաղեցնում նաև ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հիմա ՀԱԿ-ի հույսը մնացել է այն, թե իշխանությունները երբ և ինչքանով «կտրորեն» Գագիկ Ծառուկյանին, որ հարմար պահին նրան անկյուն կքշեն, որպեսզի նա ճարահատյալ դառնա «ընդդիմադիր», ինչպես վարվել են այլք: Չի բացառվում, որ ինչ-որ իքս պահի Գագիկ Ծառուկյանն էլ պոկվի և դառնա ընդդիմադիր (նրա վերջին գործողություններից էլ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելուց, կարելի է այդ հետևությունն անել), և նրա խայտաբղետ, այստեղից-այնտեղից հավաքած, մի քանի կուսակցություն փոխած գործիչների համար տանիք դարձած կուսակցությունը, որը բիզնես-ակումբ է հիշեցնում, հօդս ցնդի: Սակայն ի՞նչ է շահելու դրանից ՀԱԿ-ը, որին, ի սկզբանե, անդամագրվել էին նվիրյալ, պայքարող, գաղափարական անձինք, իսկ այսօր նրանց մասին խոսք անգամ չկա կամ կա հետին թվով՝ որպես հեռացածների: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի դեռ հայաստանյան քաղաքական կյանքում գերակա են դիտվում ոչ թե սկզբունքները, ոչ թե գաղափարների նկատմամբ ցուցաբերվող հետևողականությունը, այլ՝ ինտրիգները, «բաժանիր, որ տիրես»-ը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ