ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Եթե բանավեճ ու քննարկում չկա, քաղաքական համակարգը դատապարտված է մահվան

Եթե բանավեճ ու քննարկում չկա, քաղաքական համակարգը դատապարտված է մահվան
23.05.2013 | 18:01

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ, իշխանություն-ընդդիմություն պայքարից զատ, գոյություն ունի նաև տեսակի պայքար: Վարչապետ Սարգսյանի ելույթը, դրա արձագանքները և կառավարության ծրագրի քննարկումները ստեղծեցին այն իրավիճակը, երբ հնարավորություն է ստեղծվում տարանջատելու քաղաքական գործիչներին պատեհապաշտներից ու «պղտոր ջրում ձուկ որսացողներից»: Անկախ կուսակցական պատկանելությունից, խորհրդարանականների ելույթներն ապացուցեցին, որ միասնական ծրագրերի, զարգացման հայեցակարգերի և բնակչության տարրական կարիքները հոգալու, խնդիրները լուծելու հարցերի շուրջ հնարավոր է միասնական մոտեցում ցուցաբերել: Ընդունված է ասել, որ հայկական իրականության պայմաններում իշխանությունը չի կարողանում արդյունավետ և գրագետ ծրագրեր ներկայացնել, ուստի և «ճնշված» ընդդիմությունը մշտապես քննադատում և վարկաբեկում է իշխանության գործունեությունը:

Խորհրդարանական վերջին քննարկումները ցույց տվեցին, որ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը գրագիտության և արդյունավետության տեսանկյունից խոցելի չէ, անգամ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չեն վիճարկում վարչապետի և տնտեսական ոլորտը ղեկավարող նախարարների մասնագիտական ու աշխատանքային որակները: Միևնույն ժամանակ, գնալով ավելի ցցուն է դառնում «տեսակի պայքար» հասկացությունը: Տպավորությունն այնպիսին է, կարծես քաղաքական դաշտում խառնաշփոթ է տիրում, և ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը չեն կարողանում բյուրեղացնելու իրենց քաղաքական թիմերը՝ հաճախ հանդես գալով հակասական և միմյանց հետ կապ չունեցող քաղաքական և աշխարհայացքային մոտեցումներով: Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներն ապացուցում են, որ իշխանության և ընդդիմության առողջ հատվածների մտահոգության հիմնական խնդիրը մենաշնորհներն ու օլիգարխիային սաստելու պետական մոտեցումների մշակումն է: Իհարկե, ընդդիմության և իշխանության կազմում կան մարգինալներ, որոնք կարող են միայն հիստերիկ ձևակերպումներով ելույթներ ունենալ, դիմացինին մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ, բայց նրանք չեն ձևավորում ազգային-պետական քննարկումների ուղենիշը:
Եթե վարչապետ Սարգսյանին կարող է հետաքրքրել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, ապա նույնը չի կարելի ասել նույն խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանի և Լյովիկ Զուրաբյանի մասով: Երկուսն էլ հրճվանք առաջացնող քննադատողներ են և երբևէ աչքի չեն ընկել սկզբունքայնությամբ և գաղափարներ գեներացնելու ունակությամբ: Նույնը վերաբերում է նաև «Ժառանգությանը»: Ռուբեն Հակոբյանին կարելի է լսել և որոշ գաղափարներ կյանքի կոչել, ինչը չի կարելի ասել Զարուհի Փոստանջյանի մասին, ով փողոցային պայքարն ու բառապաշարը տեղափոխում է ԱԺ և այդպես էլ չդառնալով քաղաքական գործիչ՝ մնաց փողոցային ակտիվիստի դերում: ՀՅԴ-ն ևս խնդիր ունի: Այսպես. հասկանալի և տրամաբանական են Վահան Հովհաննիսյանի քննադատությունն ու ելույթները, հասկանալի է, թե այս գործիչն ինչ է ասում և ինչ է ուզում, սակայն նույնը չի կարելի ասել Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի մասին: Երկուսն էլ խոսում են խոսելու համար՝ երբեք դուրս չգալով բողոքականի կերպարից և հասարակության շրջանում տպավորություն ստեղծում առ այն, որ ԱԺ ամբիոնը երկրում իշխանության որոշ հատվածը սևացնելու, ամեն ինչ արժեզրկելու համար նախատեսված հարթակ է:
Առանձնապես չեն փայլատակում նաև իշխանական կուսակցությունները: ՕԵԿ-ի մասին չեմ ուզում խոսել, իսկ ՀՀԿ-ն չափազանց բազմաբևեռ է և մտավոր ունակություններով մեկը մյուսից 180 աստիճանով տարբերվող մարդկանց համակցություն, ուստի և ճիշտ չէ անվանական անդրադառնալ ՀՀԿ-ին: Նույնը կարելի է ասել նաև քաղաքագիտական տեսանկյունից անհասկանալի բևեռում գտնվող ԲՀԿ-ի մասին: Մեկ իշխանություն, մեկ ընդդիմություն, մեկ էլ այլընտրանք ներկայացող ծառուկյանականները երբեք էլ աչքի չեն ընկել ծրագրային և գաղափարական ելույթներով՝ ամբոխավարությունը նախընտրելով իրական քաղաքական գործընթացներից: Ինչևէ, վարչապետ Սարգսյանի բանավեճն ընդդիմադիր «ծանրքաշայինների»՝ Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի, Վահան Հովհաննիսյանի և այլոց հետ կարող է ունենալ միայն ու միայն դրական ազդեցություն: Դեռևս անտիկ ժամանակաշրջանից սկսած քննարկումը, առողջ ու կառուցողական քննադատությունն ու բանավեճը եղել են ու շարունակում են մնալ քաղաքական գործընթացների շարժիչ ուժը: Եթե բանավեճ ու քննարկում չկա, ապա այդ համակարգը դատապարտված է կործանման, և սա երկկողմնանի խնդիր է, որի համար հավասարապես պատասխանատու են իշխանությունն ու ընդդիմությունը:
Ինչևէ, քաղաքական դաշտում տեսակի պայքարը շարունակվում է: Ամենայն հավանականությամբ, այս պայքարն իր տրամաբանական եզրահանգնմանը կհասնի 2017-2018 թթ. ընտրական սեզոնում, որին շատ հնարավոր է, որ քաղաքական ուժերը մոտենան բյուրեղացած և փոփոխությունների ակնկալիք ունեցող հասարակության լայն զանգվածների կարծիքները հաշվի առած ծրագրերով: Նոր Հայաստան կառուցելու այլ ուղենիշ չկա:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3422

Մեկնաբանություններ