ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Չենք տխրի. ասեք, որ «մեռել» եք

Չենք տխրի. ասեք, որ «մեռել» եք
28.06.2013 | 03:30

Հայաստանն այս օրերին կանգնած է բավականին բարդ, կարելի է բնորոշել` ճակատագրական ընտրության առաջ: Սակայն քաղաքական ուժերը հավկուրի պես կույր, ձկան նման լուռ են: Որևէ մեկը` կուսակցություններից, ձայն-ծպտուն չի հանում, թե ա՛յ Ռուսաստան, էդ ի՞նչ զենքեր ես տալիս Ադրբեջանին: Ա՛յ Ռուսաստան, ինչո՞ւ ես մեզ ճնշում` քո պաշտոնյաների ներկայությամբ: Ինչո՞ւ ես հերթապահում «մեզանում», մինչև Սերժ Սարգսյանը Լեհաստանից գա: Ա՛յ Ռուսաստան, թույլ տուր մենք ինքներս որոշենք մեր անելիքը, մեր ուր գնալիքը: Ա՛յ Ռուսաստան, մենք չենք ուզում ո՛չ քո մաքսայինը, ո՛չ քո գազը, կբացենք իրանական գազի ուղղությունը, թերթաքարը կմշակենք, տնակ կվարձենք, նոր կյանք կսկսենք: Մի խոսքով: Լուռ-լուռ են: Կուսակցությունները (կներեք` արտահայտությանս համար): Բացի «Ազատ դեմոկրատներից»:
Հիմա հասկացա՞ք, թե ինչու մենք պետականություն կորցրինք նախորդ դարի սկզբում ու վեց հարյուր տարի էլ դրանից առաջ պետականություն չունեինք: Որովհետև այսպիսին ենք: Ճակատագրական պահերին կորցնում ենք մեր միասնական գենը: Բոլորն այսօր սպասում են, որ ճակատագրական որոշումը կայացնի Սերժ Սարգսյանը: Միայնակ: Այ, երբ նա պետք է «միայնակ ընտրվեր», կոկորդ պատռելով, փող փախցնելով պայքարում էին, որքան էլ տարօրինակ է` հանուն նույն Ռուսաստանի, որ նորմալ ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանը հանկարծ չասեր` իմ հետևում այսքան ձայն ու ժողովուրդ կա, ես որոշում եմ, առանց որևէ մեկին հարցնելու, որ ասոցացվում ենք Եվրոպայի հետ` պահպանելով ամենաճշգրիտ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ձե՜ն չեն հանում նաև ՀԱԿ-ից։ Ի դեպ, «նախկին քաչալների» (Լևոնն այդպես բնորոշեց, չէ՞, ՀՀՇ-ն) այդ կուսակցությունն էր, չէ՞, անկախական ու ազատական, այն է` եվրոպական արժեքների «մուտքագրողը» մեզանում. ինչո՞ւ այսօր նրանք գեթ մեկ բառ չեն ասում Ռուսաստանի այս քաղաքականության դեմ:
Կամ` կոռուպցիայի ու օֆշորի թեման «տակից» տաքացնող ԲՀԿ-ն ինչո՞ւ մի բառ չի ասում Ադրբեջանին` Ռուսաստանի զենքի մատակարարման առնչությամբ. չի ասում` մեր Ռոբերտ Քոչարյանի լավ ընկեր, մեր Հովիկին ու Ծառուկյանին շատ սիրող Ռուսաստան ջան, բա ամոթ չի՞` մեկ միլիարդի համար ուրանում ես հարազատ եղբորդ, ուզում ես սպանել նրան, հոկտեմբերի 27-ին… Պահո, և տարվեցինք:
Մի խոսքով, ահավոր «ձկնիկն» է մեր ԲՀԿ-ն: Լռության առումով: Իսկ կարո՞ղ է` Կոլյայիչը հենց այս նկատառումներից ելնելով է ասել` սսկվեք, ձեններդ չլսվի, «կապլանություն» չանեք, թող Ռուսաստանն ինչ ուզում է անի Հայաստանում:
ՀՅԴ-ն, որը մեր ազգայինի «սրբապատկերն» է, նույնպես ձեն-ծպտուն չի հանում` Ռուսաստանի ու «Յուրոփի», այն է` այս օրերին Հայաստանին հուզող ամենաճակատագրական հարցով:
Ոչ մեկը` նույնիսկ ըմբոստ «Նախախորհրդարանը», անհնազանդները ոչ մի միտինգ, ոչ մի «ատենախոսություն», ոչ մի «դիակի» շուրջ համախմբում չեն կազմակերպում, որ հընթացս էլ ասեն, որ Հայաստանը պետք է ասոցացվի Եվրոպային, որովհետև առաջընթաց ապահովողը դա է, ոչ թե Մաքսային միությունը:
Լավ, գլուխները քարը, գոնե թող միտինգ անեն ու անդրիասաբար ասեն` սիրում եմ քեզ, ռուսաց լեզու, Մաքսային միության պես անուշ ես դու: Այդպես գոնե ազնիվ է: Չէ, իրենք էլ մնացածների պես չեն շշնջում, որ ուզելով` ուզում, ցանկանալով` ցանկանում են, որ Հայաստանը «մաս չկազմի» Եվրոպային, ռուսներն իրենց «օրհնված ոտքը» երկարեն` ուր ուզեն, ինչքան ուզեն, բացարձակ հաշվի չնստելով հայկական ինքնության հետ, հաշվի չառնելով որևէ այլ, նույնիսկ քաղաքական հանգամանք:
Մի խոսքով, «ձկնարդյունաբերությունը» վերջին շրջանում հայոց քաղաքական ուժերի շրջանում լայն թափ է հավաքում: Պատճառներն էլ խիստ հասկանալի են. Ռուսաստանից այդպես են հրահանգել… ու քանի որ նրանք պայքարում են հանուն Ռուսաստանի ու ոչ երբեք` հանուն Հայաստանի, երբեք` ոչ մի անգամ կես թթու խոսք չեն արտաբերելու Ռուսաստանի ուղղությամբ` հանուն հայոց անկախության: Ընդամենը Ռուսաստանին զգոնացնելու, մեր անկախության հետ գոնե քիչ մը հաշվի նստելու համար:
ՈՒ անկախության «կորստի» ողջ մեղքը բարդելու են Սերժ Սարգսյանի ուսերին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ