Երևանի «Գլաձոր» համալսարանը (ԵԳՀ) շարունակում է սերտ համագործակցությունը եվրոպական կրթական հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով ապահովել եվրոպական չափանիշներին և ուղենիշներին համապատասխան մասնագիտական կրթության որակը, դրա մշակույթի տարածման գործընթացների բարելավումը: Այդ առումով, ինչպես «Նոյյան տապան»-ին տեղեկացրել է ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հասմիկ Վարդանյանը, համալսարանը կարևորում է փորձի փոխանակումը արտասահմանյան և հայաստանյան առաջատար բուհերում, ինչպես նաև տեղում կրթական գործընթացների ուսումնասիրությունը և ԵԳՀ-ում լավագույն փորձի տեղայնացումը:
Նման փորձի փոխանակման արդյունավետ օրինակ էր վերջերս «Գլաձոր» համալսարանի որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների այցը Ամստերդամ, որտեղ հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու տեղի համալսարանի բիզնես և էկոնոմիկա ֆակուլտետի կրթական գործընթացների կազմակերպմանը, որակի ապահովման քաղաքականությանը և մեխանիզմներին, հավատարմագրման գործընթացների և ուսուցման կազմակերպման աշխատանքներին:
Նախապես կազմված աշխատանքային պլանի և ժամանակացույցի համաձայն` ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի աշխատակազմը հնարավորություն ունեցավ հանդիպելու բիզնես և էկոնոմիկա ֆակուլտետի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալու բիզնես և Էկոնոմիկա ֆակուլտետի աշխատանքը կանոնակարգող փաստաթղթերին և ստանալու բոլոր հարցերի սպառիչ պատասխաններ:
Արդյունքում` ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի աշխատակազմի կողմից կատարվեց ԵԳՀ-ում և Ամստերդամի համալսարանի բիզնես և էկոնոմիկա ֆակուլտետում իրականացվող ուսումնական, որակի ապահովման գործընթացների համեմատական վերլուծություն, ինչը բիզնես և էկոնոմիկա ֆակուլտետի գործունեության լավագույն փորձը ԵԳՀ-ում տեղայնացնելու հիմք հանդիսացավ:
Ըստ ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավարի, այցի արդյունավետությունը պայմանավորված էր ոչ միայն կրթական գործընթացների ուսումնասիրմամբ, փորձի փոխանակմամբ և դրա` ԵԳՀ-ում տեղայնացմամբ, այլև ԵԳՀ-ի և Ամստերդամի համալսարանի բիզնես և էկոնոմիկա ֆակուլտետի համագործակցության արմատավորմամբ: Սա հնարավորություն կտա խթանելու ուսանողների և դասախոսների շարժունությունը, իրականացնելու փոխանակման ծրագրեր, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և այլն:
Հ. Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ ակտիվորեն ներգրավված լինելով կրթության որակի ապահովման ուղղությամբ ընթացող գործընթացներում, ԵԳՀ որակի ապահովման կենտրոնի աշխատանքներն ուղղված են նաև համագործակցության, դրամաշնորհային այլ ծրագրերին մասնակցությանը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա ԵԳՀ-ում ուսանողների և դասախոսների շարժունության և որակի մշակույթի կայացման համար:
Բացի այդ, նախատեսվում է նաև Ամստերդամի համալսարանի բիզնես և էկոնոմիկա ֆակուլտետի աշխատակիցների այցը Երևանի «Գլաձոր» համալսարան: