Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հեղափոխություն վերևից

Հեղափոխություն վերևից
20.05.2016 | 00:49

Հայաստանում վաղուց հասունացած բարեփոխումների հրամայականը պահանջում է հեղափոխական մոտեցումներ: Հեղափոխություն ասվածը ոչ միշտ է ենթադրում սոցիալական ցնցումների և ժողովրդական ընդվզման միջոցով իշխանության և բարքերի փոփոխություն, որի հիմնական ազդակները գալիս են քաղաքացիներից կամ ընդդիմացող քաղաքական խմբերից: Անկայուն տարածաշրջանում հիմնարար և հեղափոխական բարեփոխումների իրականացումը նախընտրելի է վերևից՝ իշխանության կողմից:


Համաշխարհային պատմության մեջ վերևից իրականացված հեղափոխության ամենավառ օրինակներից է 1868-ին սկսված ճապոնական «Մեյձիի հեղափոխությունը կամ նորացումը», որը քաղաքական, ռազմական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների համալիր էր: Այն ֆեոդալական-սամուրայական քաղաքական համակարգի և բնամթերային արտադրաեղանակի վրա հիմնված, հետամնաց Ճապոնիան և նրա ավանդական հասարակությունը դարձրեց արդիական և աշխարհի առաջատար պետություններից մեկը՝ հիմնված արևմտյան քաղաքակրթական արժեքների և դրանց ճապոնական մեկնաբանության վրա: Մուցուհիտո կայսրը, լինելով ավանդական ճապոնական բարոյագիտության խորհրդանիշը և ավանդական սամուրայական համակարգի երաշխավորը, հեղափոխական մեթոդներով հրաժարվեց իր դարն ապրած կարգերից՝ հիմք դնելով արդիական, արդյունաբերական և իրավական Ճապոնիային: Չանցած կես դար՝ Ճապոնիան համաշխարհային մեծ տերության հայտ ներկայացրեց՝ հաղթանակ տանելով հզոր Ռուսական կայսրության դեմ պատերազմում: Սա հեղափոխություն էր վերևից, իրականացված կայսեր կողմից: Սա կայսերական հեղափոխություն էր:


Համեմատության համար նշեմ, որ բարեփոխումների իրականացման կամքի և նմանատիպ գործընթացի բացակայությունը Ռուսաստանում հանգեցրեց հեղափոխության ներքևից՝ 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությանը: Արդյունքում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Ռուսաստանը չկարողացավ օգտվել հաղթանակի պտուղներից: Փոխարենը Նիկոլայ 2-րդ կայսրը գնդակահարվեց, Ռուսական կայսրությունը փլուզվեց, եղան միլիոնավոր մարդկային զոհեր, հսկայական տարածքների կորուստ և խոր տնտեսական անկում:
Պատմությունից դասեր չքաղողները դատապարտված են սխալվելու: Այնպես որ, ժամանակն է սկսել Հայաստանի նորացման գործընթացը վերևից: Սխալված չեմ լինի, եթե արձանագրեմ, որ սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ նախագահի հայտնի ելույթով մեկնարկեց նոր որակի հասարակության կառուցումը: Այսինքն, հեղափոխությունը վերևից սկսված է: Սկսվել է հեղափոխությունը, և այն վերջ է դնելու մեզանում արմատացած գաղջ մթնոլորտին, ազգային անվտանգությանը սպառնացող մենաշնորհին ու կոռուպցիային: Այդ նոր որակի հասարակությունը անհանդուրժող է լինելու կոռուպցիայի նկատմամբ, այն հավասար մրցակցային միջավայր է ենթադրում, այն համագործակցային էություն է ունենալու:


Ապրիլյան պատերազմն իր հերթին ցույց տվեց, որ այդ նորի ստեղծումը ժամանակի հրամայականն է և անխուսափելի է: Այնպես որ, անհրաժեշտ է կենտրոնացնել բոլորիս ջանքերը՝ օր առաջ ազատվելու կոռուպցիայի և մենաշնորհների սպառնալիքից: Ողջունելի է, որ ՀՀ վարչապետը նույնպես միանում է այս գործին, իսկ հասարակությունը, դրական սպասումով, շոշափելի արդյունքներ է ակնկալում:


Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ