ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

110 տարի անց հիշել, պահանջել, վերականգնել

110 տարի անց հիշել, պահանջել, վերականգնել
24.04.2025 | 21:29

Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք մեր նահատակների հիշատակը։

110 տարի առաջ ոճրագործ օսմանցին մեկուկես միլիոն հայերի բնաջնջեց նրանց իսկ հայրենի հողում՝ նպատակ ունենալով ջնջել նրանց ոգին, հավատն ու պատմությունը։

Սակայն նրանք ձախողեցին։ Մենք կանք։

Այսօր, սակայն, այլ մարտահրավերների առաջ կանգնած, մեզ փորձում են ստիպել լռել, մոռանալ, փոխզիջել։

Պատմության վերանայում, ցավի արժեզրկում, ազգային հիշողության վաճառք կարճաժամկետ շահերի դիմաց։

Ցեղասպանության ժխտումը չի ավարտվել։ Այն փոխել է իր կերպարը, բայց շարունակում է սպառնալ մեր ապագային։

Եվ երբ պետությունը հրաժարվում է իր պահանջատիրությունից, դա ընկալվում է որպես թույլ կողմ՝ խրախուսելով նոր ոտնձգություններ։

110 տարի անց մեր պայքարը շարունակվում է։ Պայքար՝ հիշողությունը կենդանի պահելու համար։ Պայքար՝ արդարությունը վերականգնելու համար։

Պայքար՝ ազգովին կանգուն մնալու համար։

Վերականգնումը միայն անցյալին պատկանող պահանջ չէ, դա մեր ապագայի հիմքն է։ Որքան էլ ցավոտ լինի հիշել, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել, մենք պարտավոր ենք շարունակել պայքարը։

Պատմությունը հնարավոր չէ փոխել, բայց դրա հետևանքները կարելի է հաղթահարել։ Իսկ հաղթահարելու ճանապարհը մեկն է՝ հիշել, պահանջել, պայքարել։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2493

Մեկնաբանություններ