Ամեն ժողովուրդ իր հոգեկերտվածքին ու լեզվամտածողությանը հատուկ անձնանուններ և տեղանուններ ունի. կան անձնանուններ, որոնք հատուկ են այս կամ այն լեզվաընտանիքի ազգերին, դա եղել է նախաքրիստոնեական և նախաիսլամի ժամանակներում և մասամբ պահպանվել է նաև հիմա:
Օրինակ, Հայկ, Հայկանդուխտ, Հայկուհի, Խանդութ, Արմենակ, Արա, Արծվիկ, Արամանյակ, Գեղամ, Արշակ, Արծրուն, Մհեր և այլն, հայանուններ են:
Կան նաև անուններ, որոնք ընդհանուր են եղել հայերի, պարսիկների և հույների համար, որպես արիական ամենամերձ ազգեր:
Սակայն քրիստոնեության տարածմանը զուգահեռ, Հին կտակարանում և Ավետարանում հիշատակված անձերի անունները փոխանցվեցին քրիստոնեություն ընդունած ժողովուրդներին՝ Աբրահամ, Մովսես -Մոիսեյ, Հակոբ-Ջաքոբ-Յակով, Սամվել-Սամուել, Հովսեփ-Ժոզեֆ-Խոսե, Հովհաննես- Յոհան- Ջոն- Իվան և այլն:
Հիսուսի առաքյալների անունները նույն սկզբունքով հնչյունափոխված:
Անգամ յոթ դար հետո ասպարեզ եկած նոր կրոնի՝ Իսլամի Սուրբ գրքում՝ Ղուրանում, տեղ գտան Հին կտակարանի կերպարների անունները՝ արաբերեն հնչողությամբ-Աբրահամ-Իբրահիմ, Հովսեփ-Յուսուֆ, Սամուել- Սուլեյման և այլն:
Այս երևույթը գաղափարական և կրոնական գլոբալիզացիայի նախնական դրսևորումներից մեկն էր:
Սակայն իմ մտորումների նյութը և մտահոգությունը ավելի խորն է ու հայերիս համար ցավոտ:
Մինչև այսօր մեր ազգանուններում կան թուրքական, արաբական, պարսկական արմատներ, որոնք որպես խարան, դաջված են մեր ազգային հոգու վրա, այս էլ քանի հարյուրամյակ:
Դարերով արաբական, պարսկական, թուրքական և ռուսական տիրապետության տակ ապրելով, հայն իր հայրենիքում օտարի պետության հարկատուն է եղել: Կարծեմ, մեր հանճարեղ Զորավար և Մտածող Գարեգին Նժդեհն է ասել .
«Ով չի զինի սեփական բանակը, պարտադրված կզինի օտարի և թշնամու բանակը»:
Ես էլ ասում եմ.
«Ով չի վճարի իր պետության հարկերը, որով կհզորացնի իր պետությունը, պարտադրված կվճարի օտար և թշնամի պետության հարկերը և կհզորացնի նրա բռնակալ պետությունն ու բարբարոս բանակը…»:
Եվ դա մենք համբերել ենք դարեր շարունակ:
Անձամբ ես չեմ հանդուրժում դա:
Ո՞րն է հայերիս այդ օտարաբառ ազգանունների առաջացման պատճառը:
Ի դեպ, այդ օտար պետությունների հարկային գրանցամատյաններում հայերին գրանցել են ոչ թե հայի տոհմական անունով, այլ արաբի, պարսիկի, թուրքի ու ռուսի լեզվամտածողությանը ընկալելի՝ այդ գերդաստանի զբաղմունքին համապատասխան իրենց լեզվով անվանում:
Օրինակ, Սաֆար-յան, Սաֆար-բեկյան- արաբերեն՝ ճանապարհորդ:
Յուզբաշյան- յուզ` թուրքերեն` հարյուր, բաշ` գլուխ, գլխավոր-հարյուրապետ-յան:
Չարչօղլյան-թուրքերեն-մանրավաճառի, առևտրականի որդի:
Ղասաբօղլյան- մսագարծի որդի:
Քեշիշօղլյան-թուրքերեն՝ տերտերի, քահանայի որդի (վիրավորականն այն է, որ այսօր այդ ազգանունով բարձրաստիճան հայ հոգևորական ունենք):
Ասլան-յան-պարսկերեն՝ Առյուծ-յան:
Դեմիրճյան- Դարբինյան, Պետրոսով, Ակոպով-ռուսական ազգանունների վերջավորությամբ:
Կան նաև հայեր, որ կրում են օտարազգի նշանավոր մարդկանց ազգանուններով անուններ և ազգանուներ, անգամ հապավումներով անուններ՝ Մելս-Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին և այլն:
Օրինակներ կարելի է շատ բերել, բայց այստեղ կարևորը երևույթի էությունն է, քաղաքական ենթատեքստը և ազգային արժանապատվության ոտնահարումը, որը մեզ ուղեկցում է այս էլ քանի դար:
Զարմանալին ու ցավալին այն է, որ մենք այսօր անկախ պետականություն ունեցող ժողովուրդ ենք, բայց չենք գիտակցում, որ մեր ազգանունների օտարալեզու արմատները նախ և առաջ հիշեցնում են մեզ ու մեր սերունդներին մեր անազատ և նսեմացած ժամանակները:
Թուրքերն անգամ հավակնում են հայտարարելու, թե մենք իբր թուրքերին բռնի hայացրել ենք:
Վկան՝ ազգանունների թուրքական արմատները: Որպեսզի իմ այս խորհրդածություններն ու հորդորը՝ ուղղված մեր ժողովրդին, չդիտվի պարզապես մտավարժանք, ուզում եմ մեր գերդաստանի օրինակը բերել:
Իմ պապերը Կարնո նահանգից են, բռնագաղթի են ենթարկվել 1828-30թթ ռուս-թուրքական պատերազմից հետո և տեղափոխվել են Ջավախք: Երկրում մենք եղել ենք Սուքիասյաններ: Բայց մեր գերդաստանի օտարահունչ անվան հետ մի պատմություն է սերնդեսերունդ պատմվել:
Պապերս եղել են կալվածատեր, բնականաբար ունեցել են նաև մեծ թվով ոչխարներ և կովեր:
Դեռ Երկրում եղած ժամանակ, օրերից մի օր թուրք ավազակները հարձակվում են պապերիս բազմագլուխ նախիրն ու ոչխարի հոտը արածեցնող անզեն հովիվների և նախրապանների վրա: Նրանցից մեկին սպանում են, մյուսներին վիրավորում և հոտն ու նախիրը քշում –տանում են:
Պապերս շրջապատում հարգված մարդիկ են եղել, անգամ հարևան գյուղերի թուրքերը, որ բերքահավաքի ժամանակ հաճախ վարձով աշխատել են նրանց մոտ, միշտ ակնածել են նրանցից:
Ականատեսներն ավազակների հարձակման լուրը հասցնում են Սուքիասյանների գերդաստանի մեծին: Պապերս հավաքում են գերդաստանի բոլոր տղամարդկանց, նստում են ձիերը, զինված գնում են ավազակների հետևից:
Հասնում են նրանց և կանչում են հոտն ու նախիրը պաշտպանող շներին:
Շները, երբ լսում են իրենց տերերի ձայնը, վազում են նրանց կողմը:
Մերոնք, միայն իրենց հայտնի հնչյուններով- ձայներով, շներին հարձակման են մղում ավազակների վրա ու իրենք էլ շուրջկալ են անում նրանց, սպանում, նախիրն ու հոտը շրջում են դեպի տուն ու հաղթանակով վերադառնում:
Հայտնի իրողություն էր, որ Օսմանյան կայսրությունում հայերը զենք կրելու, առավել ևս գործածելու իրավունք չեն ունեցել: Եթե այս միջադեպը իշխանություններն իմանային,ապա ողջ գերդաստանը սրի կքաշեին: Գերդաստանի մեծը՝ Տրդատը, ուժեղ ու համարձակ մի հայ այր, շտապում է տուն, որպեսզի օրը դեռ չավարտված, հանդիպի գավառապետին ու հարթի միջադեպի հետևանքները: Նա մի պուլիկ ոսկի է վերցնում, մի քանի քաղցր գաթա ու գնում է գավառապետի մոտ: Սեղանին է դնում նախ քաղցր գաթաները՝ որպես իրենց հանդիպման ու խոսկցության հաշտ ու բարի ընթացքի գրավական, ապա մետաքսե կտորով փաթաթված մի պուլիկ ոսկին և պատմում է եղելությունը, փաստարկելով, որ իր գերդաստանը կառավարությանն օգնել է ավազակներին ոչնչացնելու գործում: Գավառապետը տեսնում է մի պուլիկ ոսկին, ամեն ինչ մոռանում է և զեկուցագիր է գրում նահանգապետին, որ իր մի խումբ կտրիճներ ոչնչացրել են չեչենների ու քրդերի մի մեծ ավազակախումբ, հետո հիացած ասում է մեծ Պապիս.
«Սև գողություն բերիք ավազակների գլխին»:
Այդ օրվանից մեր գերդաստանի մականունը դառնում է «Սև գողություն բերող» և երկար տարիներ հարկային մատյանների պաշտոնական գրառումներում անգամ գրել են թուքերեն՝ «Ղարախըրխըզյան»:
Բայց երբ գաղթում են Արևելյան Հայաստան, Ջավախքում ազատվում են այդ թուրքական խարանից:
Չորս եղբայրների գերդաստանը, որ բավականին մեծացել էր, և Սուքիասյան ազգանունն այլևս չէր կարող բոլորին տարբերակել, յուրաքանչյուր եղբոր զավակներն ազգանուն են դարձնում իրենց անմիջական պապի անունը: Այդպես մենք դառնում ենք Բարսեղյան՝պապիս հոր՝Բարսեղի անունը դարձնելով ազգանուն:
Ահա ասյպես որոշ հայ ընտանիքների ու գերդաստանների անունն ունի իր տխուր, ամոթալի ու ստորացուցիչ պատմությունը, որը պատիվ չի բերում և՛ յուրաքանչյուր հայի, որպես անհատի, և՛ մեր ժողովրդին, որպես ազգ, էթնոս:
Բարեբախտաբար, այսօր կան հայ երիտասարդ ընտանիքներ, ովքեր գիտակցում են և ամաչում այդ օտարալեզու արմատներով և բառերով կազմված իրենց ազգանուններից և պաշտոնապես փոխում են իրենց ազգանունները՝ վերականգնելով կա՛մ նախկին տոհմական անվանումը, կա՛մ անվանի պապերից մեկի անունը ազգանուն են դարձնում:
Շնորհակալություն այդ հայ մարդկանց, որ արդեն սկսել են մաքրել իրենց տոհմի պատմությունը այդ ստորացնող խարանից:
Ես գնահատում եմ այդ մարդկանց ձգտումը օտարալեզու արմատներով իրենց ազգանունը փոխելու գիտակցումը:
Հարգենք մեր պապերին, նրանց հայկական անունով վերանվանենք մեր ազգագունը, կամ պատմականորեն որևէ արհեստի ավանդույթներ ունեցած անվանումը հայաբառ վերականգնենք և այդպես շարունակենք գերդաստանի տոհմածառը, բայց օտարի խարանը չդարձնենք տոհմանուն մեր ներկա և գալիք սերունդների համար:
Փորձե՛նք մեր շրջապատում օտարահունչ ազգանուններ ունեցող մարդկանց ևս բացատրել և հորդորել, որ նրանք էլ մաքրեն իրենց գերդաստանի վրայից նվաստացնող ստրկության այդ խարանը:
Ես կարծում եմ, որ մենք այս հայապահպան նախաձեռնությամբ նաև պատասխան կտանք քաղաքական այն ուժերին, որոնք մեզ տանում են թրքահաճ գոյության:
Սա կլինի նաև մեր պատասխանը մեզ քաղաքական և բարոյական ճնշումների ենթարկած այն ժողովուրդներին, որոնք ոչ մի առավելություն չեն ունեցել մեր հանդեպ, և ճիշտ հակառակը, նրանցից ոմանց առավելությունը միայն բարբարոսությունն է եղել քաղաքակիրթ ու մշակութաստեղծ մեր ժողովրդի համեմատ:
Ահա, այսպիսի հորդոր ու կոչ եմ հղում մեր հայրենակիցներին:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս