ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Որքան ձեռբերումներ կարելի էր գրանցել Ալիևի վտանգավոր խոսույթն իր դեմ ուղղելու դեպքում

Որքան ձեռբերումներ կարելի էր գրանցել Ալիևի վտանգավոր խոսույթն իր դեմ ուղղելու դեպքում
24.12.2024 | 11:53

Օրերս Ադրբեջանի Միլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը (այն ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին) ծավալուն (ավելի քան 60 էջ) զեկույց է հրապարակել՝ «Հիբրիդային հարձակումները COP29-ի դեմ» թեմայով։ Շատ ուշագրավ շեշտադրումներով զեկույց է մի պետության կողմից, որն ակտիվորեն զբաղված է ՀՀ-ի և մի շարք այլ պետությունների դեմ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմով։ Որոշ կարևոր հատվածներ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։

Զեկույցի նախաբանում գրված է․ «1991-ի հոկտեմբերի 18-ին, երբ ընդունվեց «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտը, Ադրբեջանն արդեն չորս տարի կրում էր հարևան Հայաստանի միջամտությունն ու սպառնալիքները։ Այս ընթացքում մոտ 300,000 ադրբեջանցիներ, որոնք դարեր շարունակ ապրել են իրենց պապական հողերում՝ այսօրվա Հայաստանում, բռնի տեղահանվել են դաժան էթնիկ զտումների արդյունքում»։ Շարունակաբար, իհարկե, ներկայացվում է Լեռնային Ղարաբաղում ձեռնարկված ագրեսիայի մասին իրենց պաշտոնական խոսույթը, ինչը միտված է «արդարացնելու» պատերազմը։ Փաստացի՝ Ադրբեջանի ԱԺ-ի վերոնշյալ զեկույցում ևս մեկ անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Զեկույցի ամբողջ էությունն այն է, որ Եվրոպական Խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների խորհրդարանների հայտարարությունները, որտեղ քննադատություն է հնչեցվում Ադրբեջանի հասցեին, բացառապես ներկայացվում է որպես «գլոբալ հայկական համայնքի» ձեռքի գործ։ Զեկույցի թիրախում են նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ՝ «Freedom House», «NED», «Human Rights Watch», «Amnesty International» և այլք։

Զեկույցում առանձնահատուկ ծավալուն անդրադարձ են անում Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև նրա որդուն՝ Դավիթ Վարդանյանին ու գործընկեր Նուբար Աֆեյանին։ «Վարդանյան-Աֆեյան համագործակցության հակաադրբեջանական քարոզարշավը ներառում է բարձրակարգ PR ընկերությունների, անհատականությունների, ազդեցիկ ամերիկացի գործարարների, նշանավոր ընտանիքների և նույնիսկ պետական պաշտոնյաների ներգրավվածություն»,- գրված է զեկույցում։ Այսինքն՝ Բաքվի բանտում մեկուսացման մեջ պահվող Վարդանյանը մեղադրվում է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի մասին գրվող նյութերի համար։ Վարդանյանի հանդեպ ադրբեջանական իշխանությունների մտասևեռումը ևս մեկ անգամ փաստում է, որ նրա և ապօրինաբար պահվող մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ֆիզիկական անվտանգության հարց է։

Իրականում այս զեկույցն ինքնին ՀՀ-ի, նաև մի շարք արևմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների դեմ տարվող տեղեկատվական քարոզչության ցուցիչ է։ Սա նաև նշանակում է, որ անգամ ՀՀ ղեկավարության վարած այսօրվա քաղաքականության պայմաններում Ադրբեջանը չի հանգստանում, չի բավարարվում, գեներացնում է տարածքային նոր պահանջներ։

Բայց սա նաև նշան է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից, ուստի Ալիևը անհրաժեշտություն է համարել իր ավտորիտար վարչակարգի մասին քննադատությունը գցել երևակայական «գլոբալ հայկական համայնքի» «գրպանը»։ Եվ, ի վերջո, եթե մեր ղեկավարության անգործության պայմաններում են այսքան «նեղվում», պատկերացրեք՝ որքան ձեռբերումներ կարելի էր գրանցել աշխատելու, Ալիևի վտանգավոր խոսույթներն իր դեմ ուղղելու դեպքում։ Մենք դրա բոլոր հնարավորություններն ունենք, և դա Ալիևի ագրեսիվ մտադրությունները զսպելու կարևոր գործիքակազմ է․

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ