Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայոց մերօրյա «երանի»-ները

Հայոց մերօրյա «երանի»-ները
31.07.2025 | 17:17

Քրիստոսի ծննդից հետո:

Շուրջ 30 թվական:

Լեռան քարոզից ակնթարթներ առաջ:

Հիսուսը մի պահ զատվեց անվերջ հրաշքներ ու բժշկություններ ակնկալող ժողովրդից, բարձրացավ Գալիլիայի ծովը բոլորապատող լեռը, նստեց ու լռեց մտախոհ:

Ովքեր հետևեցին նրան, ակնթարթներ անց լսեցին Ձայնը՝ սքանչելի բժշկություններից և նշաններից անդին կա և անընդգրկելին՝ Աստծո խոսքը:

Ճշմարտությանը հնարավոր է մերձենալ՝ երկրային խորխորատներից երկնային բարձունքներ հասնելով:

Ապա սկսվեց «երանի՜»-ների քարոզը:

Հավաքվածներն ունկնդրում էին, բայց շատերը չէին ընկալում խոսքերի իմաստը:

Այն ամենը, ինչ ասվում էր, հակադիր էր մինչ այդ իրենց իմացածին:

Հասկանում էին միայն, որ ոչինչ չեն հասկանում:

Այդ տողերում ներկաների հպարտությունն ու մեծամտությունը շոյող ոչինչ չկար:

Նախադասություն հյուսող բառերը չէին սնում «դուխով»-ների փառասիրությունը:

Խոսում էր Մեկը, որ իրազեկ էր յուրաքանչյուրի հոգու գաղտնիքներին ու կարեկցում էր ցանկացածին:

«Հպարտ եմ և առավել հարստացյալ ու ոչ մի բանի կարոտ չեմ» (Հայտնություն, 3, 17), մտածում էին հավաքվածներից ոմանք, բայց և զգում էին, որ իրենք «ողորմելի, թշվառ և աղքատ, մերկ և կույր են» (Հայտնություն, 3, 17):

Հպարտությունը, որ մեծամիտ է, և ոչ ոքի ու ոչնչի կարիք չի զգում, մթագնել էր նրանց բոլոր զգայարանները, արգելակել ճշմարտության ընկալումը, շղարշել հոգու դուռը Քրիստոսի անսահման սիրո, օրհնությունների առջև:

Հպարտի հոգում չկա փոքրիկ իսկ անկյուն Հիսուսի համար:

Նմաններն այդպես դատարկ էլ հեռանում են:

Մինչդեռ Նա եկել էր տալու, օրհնելու, փրկելու:

«Երանի՜»-ները, որ ժամանակ անց պետք է կոչվեին «Ավետարան Ավետարանի մեջ», հոգևոր անհասկանալի գոհացում էին պարգևել ժողովրդի մի հատվածին:

Ոմանք զգում էին՝ այն, ինչ հնչում է Հիսուսի շուրթերից, հակոտնյա է նյութապաշտ աշխարում տարփողվող «երջանկության» գաղափարին:

Նա արտահայտում էր այն, ինչ կար Իր ներսում:

Խոսում էր այն մասին, ինչը հետո պետք է ի ցույց դներ գործով.

- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:

- Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:

- Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:

- Երանի՜ նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:

- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:

- Երանի՜ նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:

- Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:

- Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:

- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:

(Մատթեոս, 5, 3-11):

Հիսուսը քարոզում էր մեր իսկ հոգիներում ու նաև շրջապատող աշխարհում ճշմարտության ճանաչման մասին:

Խոսում էր վասն արդարության, խաղաղարության, ողորմության, խոնարհության, հեզության ու սրտերի մաքրության:

Պատվիրակում՝ գիտակցել և հաշվի նստել այն իրողությունների հետ, որ վկայակոչված «երանի՜»-ները կբերեն մեր կյանք ու մեր երկիր, երբ ապրենք դրանցով:

ՈՒ նաև վկայում ՝ ի՜նչ կլինի, եթե…

… «եթե»-ի պատասխանն ամբողջ ծավալով և «հյութեղ» երանգների գունագեղությամբ, «Լեռան քարոզից» 1995 տարի անց, տալիս է ժամանակակից աշխարհում և, հատկապես Հայաստանի Հանրապետությունում կատարված ու դեռևս շարունակվող գլոբալ աղետը, ինչը, ցավոք, հայերս արձանագրեցինք արդեն որպես կատարված իրողություն՝ post factum, ու ասես, հաշտվեցինք կործանման ոգու գոյության ու արարքների հետ:

Մեր օրեր:

2025 թվական:

Քաղաքական հավակնոտ վայրիվերումների հորձանուտ է մտել տարածաշրջանային, բացառապես հայերի հաշվին կառուցված, նոր ճարտարապետության ընթացքը: Անվավեր են կնքված պայմանագրերը, ստորագրված փաստաթղթերը և ընդունված դեկլարացիաները, ինչն ավելորդ անգամ փաստում է՝ ժամանակակից աշխարհում ո՛չ կարգ կա, ո՛չ օրենք, ո՛չ միջազգային հանրություն: Ոչի՛նչ չկա:

Ինչպես են լուծվում հարցե՞րը:

Բացառապես ուժի իրավունքով:

Վկա 2023-ին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը:

Նաև այսօր Գազայում կատարվող ցեղասպանությունը:

Ինչ ենք անում մե՞նք:

Իրականում «մենք»-ը չկա:

«Մենք»-ը, որ երիտհեղափոխականների մահն էր գուժելու, տարրալուծեցին ու վերածեցին կործանարար «ես»-ի:

ՈՒ այսօր կա ընտանիքապետություն, որ շա՜տ կարևոր գործով է զբաղված՝ «խաղաղության խաչմերուկ» է կառուցում, հընթացս էլ, Վեհափառի անկողինն է քջջում:

Ըստ այդ ընտանիքի էգ և արու սեգմենտի, Վեհափառի կուսակրոնության խախտել-չխախտելով է պայմանավորված «իրական Հայաստանի» «խաղաղության անվտանգության երաշխիքը»:

Ճիշտ է՝ ասվածը տխմարություն է:

Բայց տեր և տիկին առոչինչներին, եռացող արյունոտ կաթսայի վերածված մեր տարածաշրջանում հուզողը ոչ թե ազգային անվտանգությունն է, այլ միայն և միայն հոգևորականների անկողիններն ու նրանց սեռական օրգանները, ո՞նց բացատրես իրողությունը:

Հատկապես այն պարագայում, երբ արու հերձատի հոբբին սրա-նրա անլվա սպիտակեղենը չանթելն է, խանդաղատանքով ամենակուլ երախին հպելը, արձակվող «բուրմունքն» ագահորեն այնքա՜ն կլլելը, մինչև բերնեբերան գերլցվեն թոքերը:

Իր՝ «Երկրի հակառակ կողմը» վերտառությամբ, պոռնկության մանիֆեստում, նա բազմիցս է խոստովանում՝ «ահավոր գրգռվում» է և հեշտանքի հասնում նորմալ մարդու մոտ ործկոց առաջացնող նեխահոտերից:

Ժահրը մայիսի 27-ից սկսյալ, շահարկելով՝ «ժողովրդի անունից», կեղծ ձևակերպումը, իր խմբշխանությունը ներկայացնող բոսյակների հետ փորձում է քանդել հայի ինքնության գլխավոր հիմնասյունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, նույնացնելով այն ինչ-որ «чулан»-ի հետ:

Մոռանալով, որ հենց ինքն է տարբեր «чулан»-ծակուռների մշտական կենվորը:

Նրան ամենևին չի մտահոգում՝ մինչ փողոցային խուժանին հարիր բառապաշարով, գարշելի ու անբարո բոլոր դրսևորումներով, Վեհափառի հրաժարականն է պահանջում, դամոկլյան սուրն է կախվում ազգի ու երկրի գլխին:

Սուր, որը կռել-կոփել են Արևմուտքի՝ սթափ ուղեղներով, հիմնավոր հաշվարկներով, ներկայանալի արտաքինով կոստյումավոր գործիչները սեփական «դարբնոց»-օֆիսներում:

Ռացիոնալ են մշտաժպիտ այդ քեռիների հաշվարկները. շախմատի մեծ խաղատախտակին առկա ֆիգուրները տեղաշարժել այնպիսի հմտությամբ, որ ընդհուպ ճակատագրական պահը, ինչպես Արցախում էր, այնպես էլ Հայաստանում չկռահեն-չհասկանան՝ ինչ է կատարվում:

Մինչ 2023-ի սեպտեմբերի 19-ը կմտածեի՞նք, որ առաջիկա երկու օրերին կորցնելու ենք Արցախը:

Ո՛չ:

Եթե չսթափվենք՝ նույնը կրկնվելու է և Հայաստանում:

Միջազգային հանրությու՞նը:

Դե նա աշխարհի հզորների հույժ գաղտնի գործող խոհանոցներում տեղը տեղին եփված քաղաքական հստակ ծրագիր է կյանքի կոչում, որ թարգմանաբար կնշանակի աղետ:

Այնպիսի արհավիրք, որ և՛ զոհին, և՛ դահճին մատուցվում է միջազգային հանրության՝ «համարձակ զիջումների»շնորհավորանքներով, զուգահեռ էլ՝ «զգաստության ու զսպվածության» սոուսով համեմված

կոչ-դատարկաբանություններով:

Միջազգային իրավու՞նքը:

Աբսուրդի ժանրից է: Հրաշապատում հեքիաթ, որ լուսանկարների «լեզվով» անվրդով պատմում է Գազայում սովից հանգչող մանուկների ու ծերերի, հացի կիլոմետրանոց հերթերում գնդակահարվողների մասին:

Մեզ լավ ծանոթ իրողություն արցախյան վերջին գոյամարտ-բլոկադայից:

Հիսուսի «Լեռան քարոզից» գրեթե երկու հազարամյակ անց, հայաստանյան համատարած քաոսի, իրարանցման, դավաճանության, Սուրբ Էջմիածնի վրա գրոհների միջակայքում կրկին թևածում են ինը «երանի՜»-ներ, որ բխում են հայի հոգու խորխորատներից:

- Երանի՜ նրանց, ովքեր հատու գործողություններով կզատվեն առավոտ լուսո աստվածաշնչյան գրառումներով մոլորեցնող ջիհադիստ-ահաբեկչից:

- Երանի՜ նրանց, ովքեր հաղագս Մայր Աթոռի հարատևման, ուժային ենիչերիներից կպաշտպանեն ազգի սրբության սրբոցը:

- Երանի՜ հոգով հզորներին, որ պատվով հետ կմղեն մեզ գրոհող դավաճանության հայրենաքանդ ալիքը:

- Երանի՜ նրանց, ովքեր չեն կոտրվի այս քաոսում:

- Երանի՜ նրանց, ովքեր չեն դավաճանի իրենք իրենց:

- Երանի՜ նրանց, ովքեր չեն ուրանա նախնիներից ժառանգածը:

- Երանի՜ նրանց, ովքեր չեն ջնջի հայի անցյալը:

- Երանի՜ նրանց, ովքեր պատվով կանցնեն ճակատագրի այս փորձությունը:

- Երանի՜ նրանց, ովքեր չեն գայթակղվի ու չեն կործանի իրենց անմահ հոգիները:

- Երանի՜ նրանց, ովքեր կկտրեն երկիրը ներսից փլուզողների աջն ու կռնատ «հեղափոխականներին» կարտապատվիրակեն նրանց գենետիկ եղբայրներին:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ