Ադամից սկսած բոլորս էլ մեր անունն ունենք, բայց կա մի Անուն, որ վեր է մեր իմացած բոլոր անուններից, քանզի Նա իսկապես վերից է, ու Նրա անունն էլ ի վերուստ տրվեց, և այդ անունը սքանչելի է։ Նրա ծննդից ութ օր հետո՝ անվանակոչության օրը, հաստատվեց Հայր Աստծո կամքը և Իր Միածին Որդու անունը Հիսուս դրվեց։ Եվ մինչև հիմա, Ադամից սկսած, ամբողջ մարդկության մեջ, մեծագույն անունը կա՛ և մնում է Հիսուս անունը, որ Փրկիչ է թարգմանվում, կամ՝ Նա, Ով փրկում է, քանզի այդ անունով ենք մենք փրկվում մահից, ինչպես գրված է. «ՈՒրիշ մեկով փրկություն չկա, քանի որ, Նրանից (Հիսուսից) բացի, ուրիշ անուն չկա երկնքի ներքո, մարդկանց մեջ տրված, որով կարողանանք փրկվել» (Գործք 4.12)։
Իսկ Հիսուս անունը դեռ մինչ Փրկչի ծնվելը տրվեց Գաբրիել հրեշտակի միջոցով, երբ նա կույս Մարիամին ավետիս տվեց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու Նրա անունը Հիսուս և դնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Մարկոս 1.30-33)։
Աստծո ոչ մի ստեղծած չէր կարող պարփակել Իր մեծ ու ահավոր անունը, բացի Հիսուսից, և Միածինը Իր Հոր էությունից ելավ, ասելով. «Ինձ տեսնելով՝ Հորս տեսաք»։
Բայց կան դեռևս մոլորյալ ազգեր ու երկրներ, որտեղ այլ անունների են ապավինում` իրենց սպասվելիք մահից փրկվելու ակնկալիքով։ Սին ու փուչ հավատ է դա, քանզի նրանց իմացած կրոնական առաջնորդների գերեզմանները լիքն են իրենց փտած ոսկորներով, իսկ ահա մեր հավատքի Առաջնորդի գերեզմանը դատարկ է, քանզի Նա հարություն առավ մեռելներից, որովհետև մահը չկարողացավ տանել կյանքի ներկայությունն իր մեջ, ինչպես խավարը չի կարողանում հանդուրժել լույսի ներկայությունը։ Այդ պատճառով գրված է. «Աստված Նրան (Հիսուսին) շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամենայն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանը խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկրավորների, թե՛ երկնավորների, թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոսը Տե՛ր է, ի փառս Հայր Աստծո» (Փիլիպ. 2.9-11)։
ՈՒրեմն` «Երանի՜ այն մարդուն, որի հույսը Տիրոջ անունն է» (Սաղմոս 39/40. 5.4 )։
Չնայած Հիսուս անունը զուտ հրեական ծագում ունի, բայց և այնպես քրիստոնեության տարածման ու դարերով հարատևման գաղտնիքը հրեաները բացատրում են նրանով, որ իբր մանուկ Հիսուսը, Իր ուսուցչի մոտ ուսանելիս, իմացել է, որ Հայր Աստծո մոտ մի գաղտնախորհուրդ պահ կա, երբ Նա այնքան ողորմած է լինում, որ կատարում է յուրաքանչյուր աղոթք, ինչ էլ խնդրեն, միայն թե կարողանաս այդ պահը բռնել: ՈՒ չնայած ուսուցիչը, ըստ հրեական ավանդության, արդեն 120 տարի սովորեցրել է այդ մասին, բայց չի եղել մեկը, որ կարողանա այդ խորհրդավոր պահը գտնել: Եվ ինչպես հրեական ավանդությունն է պնդում, Հիսուսն անդադար աղոթքի մեջ լինելով, բռնել է այդ պահը և Հայր Աստծուն խնդրել, որ Ինքն էլ դառնա Աստված: Որից հետո Նազարեթից Նա գնացել է Երուսաղեմ, որ տիրանա Աստծո «Շոմաշ-բիյա» մեծ անվան գաղտնիքին, որից օգտվել են Մովսեսը, մարգարեները, միայն այդ ժամանակվա ընտրված քահանայապետը՝ երկնախորհուրդ ծառայության համար: Եվ ըստ հրեական ավանդության, այդ նույն զորավոր անունով քահանայապետերը երկու առյուծ են ստեղծել, որոնք իրենց ահարկու մռնչոցներով ոչնչացրել են յուրաքանչյուր հանդուգնի, որը համարձակվել է մոտենալ Աստծո անվան գաղտնարանին: Բայց Հիսուսը համարձակաբար կարողացել է անցնել առյուծների մոտով, հասել է այդ տեղը և կարդացել ծածկյալ Անունն ու գրելով մագաղաթի վրա, իր մաշկը պատռելով թաքցրել է այն օտարներից: Իսկ վերադարձին ամեհի առյուծները նույնիսկ ծպտուն չեն հանել, ի նշան հնազանդության` այդ Անունը կրողին: Դրանից հետո Նա սկսել է քարոզել Գալիլեայում, մեծամեծ հրաշքներ գործել, հիվանդներ բժշկել, դիվահարների մաքրել, և, ի վերջո, երեք տարի հետո ավանակի վրա նստած Երուսաղեմ մտել, որպեսզի թագավորի հրեաներին: ՈՒ ծերակույտը տեսնելով, որ նրանք անզոր են Հիսուսի դեմ, ստիպված դիմել է ծայրահեղ քայլի ու Աստծո գաղտնի անունը հայտնել Հուդա Իսկարիովտացուն (այդքան էժա՞ն է նրանց իմացած Աստծո մեծ անունը՝ ընդամենը երեսուն արծա՞թ, որով միայն ստրուկ կարող էիր գնել- Մ. Բ.), որ նրա միջոցով կարողանան բռնել Հիսուսին ու մահապատժի ենթարկել: Եվ ի վերջո, դա նրանց հաջողվում է, ու խաչելությունից առաջ Հիսուսին լեղիով խառնած քացախ են տալիս, որ խմի ու Աստծո անունը մոռանա և խաչից չիջնի (մինչդեռ Ավետարանում գրված է, որ փարիսեցիները Հիսուսին ասում էին. իջի՛ր խաչից, որ հավատանք): Ահա նման, զուտ հրեաներին յուրահատուկ առասպելաբանություններով համեմված, խճճված ու թունավոր փչոցներով նրանք 2000 տարի է` ստությամբ ծածկում են ճշմարտությունը: Բայց ինչպես մեր Տերն ասաց՝ լեռան վրայի լույսը ծածկված չի մնում, այդպես էլ շատ հրեաներ մինչև այսօր փնտրելով ճշմարտությունը, ի վերջո, Հիսուսին են գտել ու հավատով փրկվել:
Վերը շարադրված հրեական զառանցաբանություններին ավետարանական մի դրվագով պատասխանենք ու անցնենք առաջ: Երբ փարիսեցիները տեսան, թե ինչպես Հիսուսը բուժեց կույր ու համր դիվահարին, նրանք ուրիշ խոսք չգտան պատասխանելու, այլ ասացին. «Նա դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ Բեհեղզեբուղի՝ դևերի իշխանի միջոցով» (Մատթ. 12.24): Հարց է ծագում. եթե հրեաները գիտեին, որ Հիսուսը կարողացել է Աստծո գաղտնի անունն իմանալ, ու դրանով իսկ հրաշքներ գործել, ապա ինչպես է, որ փարիսեցիները «Շոմաշ-բիյա» մեծ ու ահավոր անունը Բեհեղզեբուղի զորությանն են վերագրում: Այդ չի՞ նշանակում, որ նրանց չարահնար ավանդությունները իսկապես սատանայի խորհրդով են գրվել, ու միայն Տիրոջ Ավետարանի լույսը կարող է նրանց դիմակազերծել ու մահվանից կյանքի կոչել: Եվ դարձյալ. Հուդա Իսկարիովտացին եթե իսկապես իմացել է Աստծո զորավոր անունը, ապա ինչո՞ւ մատնությունից հետո նա հուսահատությունից կախվելով ինքնասպանություն գործեց. ի՞նչ է, նրա՞ն էլ են քացախ խմեցրել: ՈՒրեմն ճիշտ է նրանց համար ասել մեր Տերը. «Չար ու շնացող ազգ» (Մատթ. 12.39): ՈՒ Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան և պիտի դատապարտեն նրանց, քանի որ Հովնանի քարոզությամբ նրանք ապաշխարեցին. բայց ահավասիկ Հովնանից մեծ Մեկին նրանք խաչեցին:
Իսկ ավետարանական այս մեջբերումներում կարդանք, համոզվենք ու, մեր Փրկչի ամենազոր անունը որպես հավատի զենք գործածելով, մենք էլ պատերազմենք այս բարի պատերազմը.
«Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հավատում են. Իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն» (Մարկոս 16. 17-18): «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14. 26):
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ Իմ անունով Իմ Հորից ուզեք, պիտի տա ձեզ: Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հովհ. 16.23)։
Եվ առաջինը Հիսուս անունը որպես հաղթության զենք չարի ու մեղքի դեմ սկսեցին գործածել Տիրոջ առաքյալները, կատարելով մեծամեծ հրաշքներ ու փառավորելով այդ մեծ անվան Տիրոջը։
Վկայություններ «Գործք» առաքելոցից.
-«Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի»:
-«Ապաշխարեցե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը»։
«Եվ Պետրոսն ասաց անդամալույծին. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»: Եվ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. և իսկույն ամրացան նրա ազդրերն ու սրունքները: Նա վեր ցատկեց և սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր և վազվզում ու օրհնում Աստծուն»:
Եվ այսպես. «Մեր օգնությունը Տիրոջ անունով է, Նա՛ է, որ երկինքն ու երկիրը ստեղծեց» (Սաղմոս 123.1):
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ