Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ինձ համար կյանքը Քրիստոս է, ուստի մեռնել` այդ կյանքը շահել է նշանակում» (Պողոս ԱՌԱՔՅԱԼ)

«Ինձ համար կյանքը Քրիստոս է, ուստի մեռնել` այդ կյանքը շահել է նշանակում» (Պողոս ԱՌԱՔՅԱԼ)
23.11.2012 | 11:32

Սխալված չենք լինի, եթե ասենք, թե այսօր աշխարհում հոգևոր քարոզչությունը չափից ավելի էժան միջոց է դարձել: Բոլորն անխտիր, լինեն դրանք կազմակերպություններ, միություններ, վաճառականական հաստատություններ, մեկը մյուսից առաջ անցնելու մղումով, հասկանան կամ չհասկանան, նույնիսկ վախով, ուժ են տալիս քարոզչության մեքենային, որը երբեմն համարվում է «անկարողություն»:
Պողոս առաքյալի նամակներից մեկում հանդիպում ենք հետևյալ տողին, որի մեջ լավը, գեղեցիկն ընտրելու համար նա նույնիսկ դիմում է Աստծուն. «Եվ ահա այս աղոթքն եմ անում. թող ձեր սերն ավելի ու ավելի առատանա գիտության և ամենայն իմաստության մեջ, որպեսզի դուք լավն ընտրեք, հաստատուն մնաք և առանց գայթակղության լինեք Քրիստոսի օրվա համար լցված արդարության պտուղներով…» (Փիլ. 1:9-10):
Պարզ մի նամակ գրողի մոտ չեմ կարծում, որ հանդիպեք անկեղծ ու սրտից բխած մի այսպիսի արտահայտության` ուղղված հարազատին, ընկերոջը կամ նույնիսկ անծանոթին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այսօր գրեթե ամեն բան հիմնված է շահի վրա, և մարդը կարծես կորցրել է իր արժեքը:
Առաքյալը Փիլիպպեցիների եկեղեցու հավատացյալներին է ուղղում այս տողերը, որոնցում աղոթում է, որ նրանք ձգտեն գեղեցիկին և կարողանան ընտրել լավը: Ի՜նչ սքանչելի է աղոթել, որ Աստված տվյալ անձի սերն աճեցնի աստվածգիտությամբ ու գեղեցիկ շնորհքով օժտի նրան, որպեսզի նա կարողանա ընտրել լավը. «Ձեզ բոլորիդ համար աղոթում եմ խնդությամբ` առաջին օրվանից մինչև այժմ Ավետարանին ձեր ունեցած մասնակցության համար» (Փիլ.1:4-5):
Կարդացել, լսել կամ գրել ենք «Ավետարան», «Ավետարանչություն», «Ավետարանական» բառերը: Սրանք հաճախ գործածվող բառեր են, սակայն նրանց իմաստը մեր ուշադրությունից դուրս է մնում, երբ չենք հասկանում, թե դրանք ինչ են նշանակում: Ավետարանել` նշանակում է բարի լուր բերել, իսկ ավետարանչություն` բարի լուրի քարոզչություն: Այսօր մենք` քրիստոնյաներս, իբրև հավատացյալներ, գրեթե ոչ մի բանի մաս չենք կազմում, որը քրիստոնյա անհատի հիմնական առաքելությունն է, այսինքն` ճշմարիտ հավատի մասին իմանալ և բացատրել մեկ ուրիշին, քրիստոնեական կյանքի ճշմարտությունները սովորեցնել մեզ նմաններին ու մանավանդ` վկայել Հիսուս Քրիստոսի մասին: Ահա այս կետը կարելի է համարել մեր ժամանակների քրիստոնեական կյանքի մեծագույն թերությունը: Այս է պատճառը, որ բոլորս էլ զարմանքով լսում ենք, թե զանազան աղանդների հետևորդներ ինչ մոլեռանդությամբ են կատարում իրենց քարոզչությունը դռնեդուռ ընկնելով: Ինչո՞ւ ենք զարմանում, պատճառն ի՞նչ է, հարցրե՞լ ենք: Պատասխանը պարզ է. որովհետև մենք, իբրև Հայաստանյայց առաքելական եկեղեցու սուրբ ավազանում մկրտված ու դրոշմված զավակներ, թերանում ենք մեր քարոզչական գործի մեջ: Ոչ միայն մեր իմացածը չենք ուզում փոխանցել մեզ նմաններին ու մեր զավակներին, այլև չենք փորձում սովորել, իմանալ, թե որն է մեր եկեղեցու ճշմարիտ դավանությունը, ինչո՞ւ ենք քրիստոնյա, որտեղի՞ց ենք գալիս և ի՞նչ սքանչելի պատմություն ունենք և այլն: Իմանալով ու հասկանալով` արդեն իսկ մենք մեզ ապահոված կլինենք այլ աղանդներին ուշադրություն դարձնելուց ու նրանց անդամները դառնալուց: Իր նամակում առաքյալն ասում է` կաղոթեմ, որ ձեր սերը աճի աստվածգիտությամբ ու կատարյալ դատողությամբ, որպեսզի կարողանաք ընտրել լավին:
Առաքյալն իր նամակում շարունակում է. «Ձեզ բոլորիդ համար աղոթում եմ խնդությամբ` առաջին օրվանից մինչև այժմ Ավետարանին ձեր ունեցած մասնակցության համար»:
Այո՛, առաքյալը գնահատում է նրանց մասնակցությունն իր աշխատանքին, որովհետև Քրիստոսի ճշմարտությունները քարոզելը հավաքական կազմակերպված ուժ է պահանջում: Անցյալում քարոզչությունը միայն առաքյալների գործը չի եղել, ոչ էլ նրանց աշակերտների կամ քահանաների, այլ բոլորի, ամբողջ եկեղեցու: Եկեղեցու բոլոր անդամները միասնաբար վկայում էին իրենց քրիստոնեական հավատի մասին, ոմանք իրենց կյանքով, իսկ ուրիշները` նահատակությամբ: Իսկ ներկայում այնպիսի մի վիճակ է ստեղծվել ժողովրդի մեջ, թե քարոզչությունը միայն եկեղեցականի գործն է, որը սխալ մտածում է: Դա բոլորիս գործն է, հավաքական իմաստով: Եվ եթե այս մտածումով պարսպապատենք մեր քրիստոնեական հավատի բերդը, երբ մեզնից յուրաքանչյուրը վկայի իր քրիստոնեական հավատի մասին ամեն հարմար առիթով, ո՞ր աղանդավորը կարող է մոտենալ մեր տներին կամ անցնել նրանց շքամուտքից ու խաբել և մոլորեցնել մեր զավակներից մեկին ու մյուսին:
Ահա նոր ժամանակների քրիստոնեական մեր կյանքի հրավերը. մասնակցել Հայ եկեղեցին զորացնելու գործին քարոզչության և բացատրության ճանապարհով: Եկեք ընդունենք այս հրավերը և հավաքական ուժով վկայենք մեր ունեցած հավատի մասին. սգավորներին տրված մխիթարական այցելությունների կամ ուրախ օրերի` անվանակոչության, տարեդարձերի առիթով, որպեսզի այդ բարի աշխատանքի համար արժանանանք Աստծու սիրույն, գութին, ողորմությանը, գնահատանքին ու վարձատրությանը: Ամեն:


Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4698

Մեկնաբանություններ