Հրեաները Երուսաղեմում ապրում են առանձին կյանքով: Միանշանակ նրանք ունեն միայն իրենց Երուսաղեմը: Եվ դա առանձին պատմություն է: Հրեաներն ունեն նաև իրենց Հիսուսը, որ նույնպես առանձին պատմություն է: Հրեաների առանձին Երուսաղեմի առանձին պատմություն է Լացի պատը: Երուսաղեմում օտարերկրացու ամբողջ կյանքն անցնում է արաբական շուկայի միջով: Ուղղակիորեն: Որովհետև անգամ սուրբ Հարության տաճար գնում ես արաբական շուկայի միջով: Իսկ սուրբ Հարության տաճարին համարյա պատկից Օմարի մզկիթն է: Անհեթեթ կապույտ, բացարձակապես անամպ երկնքի տակ Սողոմոնի պալատից պահպանված միակ պատն է, որի տակ հրեաները աղոթում են իրենց Աստծուն, որ վերականգնվի Սողոմոնի տաճարը: Սա բոլոր հրեաների ընդհանրական աղոթքն է, բայց նրանցից յուրաքանչյուրը ունի իր աղոթքը՝ անհատականը: Հրեաները աղոթում են անհեթեթ, անամպ, բացարձակ կապույտ երկնքի ու նույնքան բացարձակ արևի տակ, և նրանց Աստվածը լսում է նրանց աղոթքը: Այլապես չէր լինի Իսրայելը: Նույնքան հավանական է, որ կատարվում են նրանց անհատական ցանկությունները, որովհետև պատը միշտ ունի իր աղոթողները և բոլոր հնարավոր ու անհնար ճեղքերը երկտողներով են պատված: Ու՝ ոչ միայն հրեաների: Լացի պատը Երուսաղեմի խորհրդանիշներից է, որ հավերժական է, ինչպես Սուրբ հողը: Բայց Լացի պատը Երուսաղեմի հրեաների առանձին կյանքի պատմությունն է, հայերին մասնավորապես հորդորվում է Լացի պատ չգնալ ու որևէ ցանկություն չվստահել Սողոմոնի պալատի պահպանված պարսպին, որովհետև Աստված կարդում է մարդկանց ոչ թե նամակները, այլ՝ հոգիները: Իհարկե, այդպես է, բայց մարդկանց միշտ էլ պետք են խորհրդանիշներ ու խաղալիքներ: Հոգևոր խաղալիքի տարբերակ է Լացի պատը, որ բաժանված է առանձին հատվածների՝ ձախը տրված է տղամարդկանց, աջը՝ կանանց: Հրեաների Աստվածը կանանց ու տղամարդկանց աղոթքները համատեղ չի ընդունում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Երուսաղեմ
Հ.Գ.-Ես աջս հպեցի միլիոնավոր մարդկանց ամենա-ամենա-ամենա ցանկություններին հաղորդակից ու աջակից սպիտակ քարին, ուզում էի զգալ քարը: Հակառակ կիզիչ արևին քարը սառն էր, հետո մի քանի ժամ աջիս միջով ալիքներ էին անցնում՝ սպիտակ պատի՞ց, բացարձակ արևի՞ց, թե՞ բացարձակ կապույտ ու բացարձակ անամպ երկնքից, չգիտեմ: Պատի մոտ ցանկություն էլ չունեի, իմ Աստվածը հրեաների Աստվածը չէ: