«Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս»,- ասել է արևմտահայ նշանավոր բանաստեղծ Վահան Թեքեյանը:
1978 թվականն էր: Անանիա վարդապետ Արաբաջյանի հետ նոր էինք վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի հոգևորականաց համագումարին իբրև Մայր Աթոռի ներկայացուցիչներ մասնակցելուց: Ավելի քան մեկուկես ամիս Ամերիկայի Արևելյան թեմում և Կանադայի Հայոց թեմում կատարեցինք Սուրբ պատարագներ, զանազան հանդիպումներ ունեցանք հայության հետ, բոլորին փոխանցելով Վազգեն Վեհափառի օրհնություններն ու բարի մաղթանքները: Վերադառնալուց հետո իմացա, որ Վեհափառ Հայրապետը ինձ Սուրբ Հռիփսիմե վանքից տեղափոխել է Մայր տաճար, ուր երկու ամիս ծառայելուց հետո, ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցի ու մնացի միայն իբրև կաթողիկոսարանի քարտուղար մինչև նոր նշանակում: Ահա այդ օրերին էր, որ երազ տեսա: Ինձ երկու անգամ երևաց սուրբ Աստվածամայրը, որն ինձ հորդորեց գնալ և տեր կանգնել Էջմիածին քաղաքի Սբ. Աստվածամոր եկեղեցուն` «Գյուղի ժամ»-ին:
Ես դրանից տասնութ տարի առաջ, տասը տարեկան հասակում, այդ եկեղեցուց էի սկսել իմ հոգևոր ուսումը: Բնական է, որ ես շատ երիտասարդ էի և ուշադրություն չդարձրի այդ երազներին: Այս մասին ոչ մեկին էլ չպատմեցի: Երբ սբ. Աստվածամայրը երրորդ անգամ ինձ երևաց, այս անգամ սպառնաց, որ եթե չգնամ` ինձ հետ կարող է դժբախտություն պատահել: Ստիպված եղա պատմելու Վազգեն Վեհափառին, որը ավելի փորձառու հոգևորական էր և կարող էր ինձ ճիշտ խորհուրդ տալ: Նա ինձ լսեց, հասկացավ հարցի լրջությունը, սակայն մի մտահոգություն ուներ. «Տղաս, կարող եմ նշանակում անել, բայց այնտեղ դրամ չկա, ինչպես պիտի ընտանիքդ պահես»: Վեհափառը լավ տեղյակ էր, որ այդ եկեղեցին եկամտաբեր չէ: «Վեհափառ Տեր, մի մտածեք,- ասացի ես,- երկնքում Աստված կա, իսկ երկրի վրա` Ձերդ Սրբությունը: Աստծու կամքով և Ձեր օգնությամբ կարճ ժամանակվա ընթացքում կփորձեմ վերականգնել կիսավեր այս եկեղեցին, ու այն ժամանակ անպայման ժողովուրդը մեզ կգնահատի, և եկեղեցին կհասնի իր հոգևոր բարձրությանը և՛ տնտեսապես, և՛ նյութապես»:
1978 թվականի սեպտեմբերի 11-ին նշանակվեցի պատասխանատու քահանա: Ինձնից բացի, այնտեղ իրենց ծառայությունն էին մատուցում երկու տարիքով քահանա, մեկը` 72, իսկ մյուսը` 68 տարեկան, իսկ ես ընդամենը 28 տարեկան էի:
Աստված կանչեցի ու անցա գործի:
Մի քանի ամիս անց Վեհափառ Հայրապետին հրավիրեցի եկեղեցի` տեսնելու նրա վիճակը:
1979 թվականի փետրվարին Վեհափառ հայրապետը եկավ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Կոմիտաս արքեպս. Տեր-Ստեփանյանի (այժմ` հանգուցյալ) հետ: Մուտքից ես գեղեցիկ դիմավորում էի կազմակերպել, հավատացյալների և երեխաների հետ, որոնց ձեռքներին ծաղիկներ կային: Վեհափառը չնայած բավական մոտ էր այս եկեղեցուն, սակայն տասնհինգ տարի չէր եղել այնտեղ: Նա երբ եկեղեցի մտավ, իր առաջին զարմացական բացականչությունն էր (որը իր հավատից ու սրտից էր բխում). «Այս եկեղեցին պիտի լինի երկրորդ Մայր տաճար», և հրահանգեց Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետին, որ անմիջապես գծագրություններ պատրաստեն եկեղեցին հիմնովին վերանորոգելու համար:
«Այս եկեղեցին պիտի լինի երկրորդ Մայր տաճար»: Վեհափառի սրտից բխած այս խոսքը մարգարեաշունչ էր: Նա կարծես տեսել էր ավելի հեռուն: Այդ օրից անցան տասնվեց երկար ու ձիգ տարիներ: Շատ ծանր փորձությունների ու դժվարությունների միջով անցանք: Սակայն Աստված օրհնեց, Վեհափառ հայրապետը և բարի մարդիկ օգնեցին, նույնիսկ բարերար էլ գտնվեց Արգենտինայի Բուենոս Այրեսից, ու եկեղեցին դարձավ Էջմիածին քաղաքի ամենագործունյա և եկամտաբեր աղոթքի Տներից մեկը, եկեղեցի, որն ուներ իր մեծ երգչախումբը, Սուրբ պատարագին և ժամերգություններին մասնակցող մի մեծ խումբ, պատանիների խումբ և այլ հարմարություններ:
Եկեղեցին մոտեցավ Մայր տաճարին, գեղեցկացավ և՛ արտաքնապես, և՛ հոգևոր գործունեությամբ, սակայն Մայր տաճար չեղավ, քանի որ երկրորդ Մայր տաճար չէր կարող լինել, այն մեկ հատիկ սրբություն սրբոց էր:
Տարիների ընթացքում ես մեծ զոհողությունների գնով կատարեցի սբ. Աստվածամոր ցանկությունը, իր անունը կրող եկեղեցին ոտքի կանգնեցրի, փրկեցի կործանումից և ոչ միայն այդ, շենքի կառուցմանը զուգընթաց նորոգեցի նաև հոգևոր կյանքը, բացեցի մի փոքրիկ դպրոց 9-14 տարեկան երեխաների համար, նույն ձևով, ինչպես ես էի սովորել իմ առաջին հոգևոր ուսուցիչների դաստիարակությամբ: Եկեղեցին լցվեց փոքրիկների քաղցրիկ ու զիլ ձայնով, որոնք երգում էին «Առաւօտ լուսոյ», «Տէր, ողորմեա», «Ամեն Հայի», «Փառք ի բարձունս», «Սուրբ Աստուած» և այլ շարականներ: Այս ձևով 1767 թվականին Սիմեոն Երևանցի ամենայն հայոց կաթողիկոսի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցու զանգերը նորից շարունակեցին ղողանջել ու բոլոր հավատացյալներին կանչել աղոթքի:
Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ