Երբ լրանում է տղայի 18 տարեկանը, Հայաստանի Հանրապետությունը հանկարծ հիշում է, որ տղան պարտավորություն ունի Հայրենիքի հանդեպ: Իսկ մինչ այդ` ի՞նչ էր անում տղան, ինչո՞վ էր զբաղվում, ի՞նչ էր ուտում, որտե՞ղ էր ապրում, առո՞ղջ էր, թե՞ հիվանդ: Այս հարցերը Հայաստանի Հանրապետությանը չեն հետաքրքրում:
Բերեմ ամենաթարմ օրինակը: Վերջերս պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 18 տարեկան երեխաներին որոշ ժամանակով զրկել է անվճար բուժսպասարկման իրավունքից: Պոլիկլինիկաների բժիշկներին բանավոր հրահանգ է իջեցված պետվատվերի ուղեգրեր չտրամադրել: ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատեցին այդ տեղեկությունը: Ավելին` նախարարության ներկայացուցիչն ասաց, որ «մինչև դեկտեմբեր տեղ չկա»: Փաստորեն, առնվազն 3 ամիս բուժման կարիք ունեցող երեխան պետք է համբերի` չբուժվի, կամ վճարովի սպասարկվի: Դա այն դեպքում, երբ օրենքով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև 18 տարեկան քաղաքացիների բուժսպասարկումն անվճար է:
Իսկ, երբ այդ նույն երեխան 18 տարեկան դառնա, Հայաստանի Հանրապետությունը «կհիշի», որ վերջինս բանակում ծառայելու պարտավորություն ունի: Եվ որևէ մեկը հարց չի տա, թե 2025 թվականին որտե՞ղ և ի՞նչ գումարներով է բուժվել այդ նույն 18 տարեկան զորակոչիկը: Իսկ միգուցե նա ընդհանրապես չի բուժվել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում երբեք «մինչև դեկտեմբեր տեղ չկա»:
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, չկատարելով իր պարտականությունները, պահանջում է կատարել պարտավորությունները: Սա անբարոյական մոտեցում է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ