ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հայաստանի արտաքին քաղաքականությունը կօգտվի՞ պահից

Հայաստանի արտաքին քաղաքականությունը կօգտվի՞ պահից
14.04.2015 | 00:35

Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումը քաղաքագետների գնահատմամբ բավականին աշխուժացնելու է Հայաստանի տնտեսությունը: Ի՞նչ տնտեսական և քաղաքական օգուտներ ենք մենք ունենալու այս գործընթացի արդյունքում, հարցրի արտաքին հարաբերությունների ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ:

-Մեր տարածաշրջանում տնտեսապես Հայաստանի հետ ամենաշատը կապված է Իրանը,- ասաց պատգամավորը:- Չնայած Ադրբեջանի հետ ունեն սահման, բայց, մեղմ ասած, նրա հետ բարիդրացիական հարաբերություններ չկան` ելնելով Ադրբեջանի տարածքային հավակնություններից: Վրաստանի հետ արտաքին սահման չունեն, ավելին, այդ երկիրն էլ արևմտյան կողմնորոշման արտաքին քաղաքականություն է վարում: Մնում է միայն Հայաստանը, որի հետ տնտեսական զարգացման հեռահար նպատակներ կան, այդ թվում՝ գազատարը լայն թափով գործարկելը: Քանի որ կա Հայաստան-Վրաստան-Ռուսաստան գազատարը, Հայաստանը կարող է իրանական գազի արտահանման տարանցիկ երկիր լինել, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն: Իրանի և մեծ վեցյակի միջև միջուկային խնդրի բարենպաստ լուծումը Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները ինչպես էներգետիկայի, այնպես էլ այլ ոլորտներում գործարկելու մեծ հնարավորություն կտա:
-Քաղաքական շատ գործիչներ հաճախ նշում են, թե Հայաստանը Իրանի գործոնը ճիշտ չի օգտագործում: Համամի՞տ եք:
-Իրանը ողջ աշխարհի հետ խնդիրներ ուներ, այդ իսկ պատճառով այս ժամանակահատվածում նրա գործոնը փոքր էր: Ժամանակին փորձեց ղարաբաղյան հակամարտության գործընթացում միջնորդի դեր ստանձնել, բայց ձախողվեց: Իրանը տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու հավակնություն ունի: Այս տարածաշրջանը նրա տիրապետության տակ է եղել մինչև 1828 թվականը` Թուրքմենչայի պայմանագիրը: Իրանական ընկալումներով սա իրենց շահերի տարածաշրջանն է, ու նա մշտապես կձգտի ազդեցությունը մեծացնել: Բայց քանի որ Վրաստանը կտրուկ արևմտամետ է, Ադրբեջանը Թուրքիայի դուդուկի տակ է խաղում, հետևաբար ազդեցությունը ձեռք բերելու միակ իրական հնարավորությունը կա Հայաստանում: Այս գործոնն էլ մենք պետք է կարողանանք օգտագործել` հետամուտ լինելով տարածաշրջանում իրանական հավակնությունների ամրապնդմանը: Սա թույլ կտա իրանական տնտեսության ներուժն օգտագործել Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար: Այսուհանդերձ, չեմ կարծում, որ Իրանի գործոնը մենք չենք ճիշտ օգտագործել, քանի որ միջազգային հանրությունը թույլ չի տվել Իրանին անգամ իր հնարավորություններն իր երկրում իրացնել: Վստահ եմ, որ այսօր մեր արտաքին քաղաքականությունն այս հնարավորությունը բաց չի թողնի:
-Միայն տնտեսական զարգացման հեռանկա՞ր կարելի է ակնկալել, թե՞ նաև քաղաքական: Այս առումով ի՞նչ կտա պատժամիջոցների վերացումը Հայաստանին:
-Նախ մեզ հետաքրքրում են տնտեսական զարգացումները, որոնք էլ իրենց հետ կբերեն նաև քաղաքական տեղաշարժեր: Բայց այս ամենը այսօրվա կամ վաղվա խնդիր չէ, ժամանակ է պետք:
-Նշեցիք, որ Իրանը փորձելու է Հայաստանում իր ազդեցությունը մեծացնել: Մեզանում Ռուսաստանի և Արևմուտքի շահերի մեծ բախում ևս կա: Ի՞նչ եք կարծում, Իրանին դա չի՞ խանգարելու։ Իսկ գուցե նրա՞նց է Իրանը խանգարելու:
-Բնականաբար, Արևմուտքը չի ցանկանա, որ Իրանն արագորեն իր ազդեցության ոլորտներն ընդարձակի, բայց նաև չի էլ կարողանա կանխել: Ռուսական գործոնը կարող է նաև նպաստավոր լինել, որովհետև գոյություն ունի միջուկային էներգետիկայի, համաշխարհային զարգացումների տեսանկյունից Ռուսաստան-Իրան հստակ համագործակցության շրջանակ: Կարծում եմ, վեցյակի և Իրանի միջև ձեռք բերված այս համաձայնագրում Ռուսաստանն իր հստակ տեղն ունի, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է, և ՄԱԿ-ը որևէ պատժիչ գործողություն չի կարող իրականացնել Իրանի հանդեպ, քանի որ Ռուսաստանն անպայման վետո կդնի: Ճիշտ է, Ռուսաստանի համար ցանկալի չի լինի, որ այստեղ իր ազդեցությունը փոխվի մեկ ուրիշով, բայց կարծում եմ, հնարավոր է գտնել համագործակցության եզրեր` չվնասելով մյուսի շահերին, Իրանի հետ բարենպաստ տնտեսական փոխհարաբերություններ զարգացնել:
-Արդյոք վեցյակի և Իրանի միջև ստորագրված համաձայնագիրը «փխրուն» չէ՞: Հնարավո՞ր է, որ իրերի դասավորվածությունը վերստին նախկինի պես լինի:
-Դա պայմանավորված է Իրանի վարքագծով, այսինքն՝ նա որքան հավատարիմ կլինի համաձայնագրի դրույթներին, ինչպես նաև պայմանավորված է համաձայնագրի հակառակորդ երկրների հետագա լոբբինգով: Դրանցից է Իսրայելը` իր հսկայական լոբբինգով, բայց կարծես դա հաղթահարվել է: Իրանին էլ ձեռնտու է պատժամիջոցներից զերծ լինել, հավատարիմ մնալ համաձայնագրի դրույթներին ու բացառապես խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային էներգիան:

Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ