Թուրքական MIT հետախուզական ծառայությունը վերադրաձրել է իր երկու նախկին բարձրաստիճան սպաներին, ովքեր գտնվում էին Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ձեռքում։ Նրանցից մեկը վերադարձվել է կենդանի, մյուսը՝ սպանված։
2017 թվականի օգոստոսին PKK-ն Սուլեյմանիայում գերեվարել էր MIT-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Այդըն Գյունելին և Էրհան Փեքչեթինին, ովքեր լինելով Հաքան Ֆիդանի տեղակալները, նախագահ Էրդողանի անմիջական հրամանով գործուղված էին PKK-ի բարձրագույն հրամանատարներին սպանելու նպատակով։
2018 թվականին PKK-ն հրապարակել էր նրանց լուսանկարներն ու փաստաթղթերի պատճենները՝ հայտարարելով, որ Փեքչեթինը եղել է MIT-ի էթնիկ սեպարատիզմի մոնիտորինգի բաժնի ղեկավարը, իսկ Գյունելը՝ ներքին ու արտերկրյա մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար։
Այսպիսի խայտառակություն ոչ մի երկրի հատուկ ծառայություն չէր ապրել։
Հաքան Ֆիդանի տեղակալները PKK-ին պատմել են ամեն ինչ, բացահայտելով ամեն բան՝ ինչ կարելի և ինչ չի կարելի։
Նրանք ըստ PKK-ի ոչ միայն MIT-ի գործունեության ծավալը, այլև նրա ամբողջ օտարերկրյա գործակալական ցանցն էին բացահայտել։
«Սա հզոր հարված էր Թայիփ Էրդողանի՝ քուրդ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական հարձակումներին»,- նշված էր PKK-ի հայտարարության մեջ, որ հրապարակվել էր այդ ժամանակ «Ֆըրաթ» գործակալության կողմից։
Օրինակ, Այդըն Գյունելը, ի թիվս այլ բաների, PKK-ին հայտնել է, որ MIT-ը փորձել է ստեղծել PKK-ին հակադրվող այլընտրանքային կուսակցություն՝ նրանց իրար դեմ հանելու և Հյուսիսային Քուրդիստանում PKK-ի ազդեցությունը քանդելու նպատակով։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ