ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, ով գլխավորում է Պակիստանում իրանական կողմի հետ բանակցություններ վարող ամերիկյան պատվիրակությունը, Թեհրանին ներկայացրել է վերջնագրային խիստ պահանջներ: Դրանց թվում են միջուկային վառելիքի հանձնումն ու Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը. Առանց այս պահանջների բավարարման ԱՄՆ-ը չի պահպանի զինադադարը:               
 

Այս գռեհիկ բառապաշարը, հարձակողական տոնը խոսում են ոչ թե ուժի, այլ՝ ներքին լարվածության մասին

Այս գռեհիկ բառապաշարը, հարձակողական տոնը խոսում են ոչ թե ուժի, այլ՝ ներքին լարվածության մասին
09.04.2026 | 14:27

Հայաստանի ներսում հիմա մի շատ պարզ բան է տեղի ունենում․ իշխանությունը անցել է նյարդային ռեժիմի, և դա ամենաշատը երևում է խոսքի ու բառապաշարի կտրուկ փոփոխության մեջ։ Նիկոլ Փաշինյանի թիմի բառապաշարը վերջին շրջանում դարձել է ավելի կոշտ, ավելի ագրեսիվ, երբեմն էլ՝ ուղղակի գռեհիկ, և սա պատահական չէ։ Այն դեպքում, երբ իշխանությունը հանգիստ է ու վստահ, չի խոսում նման լեզվով՝ ուղղակի գլուխը կախ իր գործն է անում, ինչպես բազում անգամներ տեսել ենք «նախկինում»։

Այսինքն՝ խնդիրը ոչ թե այն է, որ «կոշտ են խոսում», այլ այն, թե ինչու են սկսել այդպես խոսել. Այսինքն, ինչքան էլ ճոռոմաբանեն ու մեծաբերություն անեն իրենց «լիակատար ու ջախջախիչ հաղթանակի» մասին, մևնույնն է, ներսում անհանգստություն կա։ Զգացողություն, որ դաշտը ամբողջությամբ վերահսկելի չէ, որ ինչ-որ բան ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Թերևս դրանով են պայմանավորված «հիբրիդային պատերազմի» մասին այդքան հորջորջումները։

Այս ամենն ակնհայտորեն կապված է ընտրությունների հետ․ եթե իշխանությունը վստահ է, գնում է ընտրությունների՝ մրցելով, համոզելով, ծրագրերով, հակառակ պարագայում սկսում է բարձրացնել խաղադրույքը, ամբողջ դաշտը բևեռացնել, ընդդիմությանը ոչ թե հակառակորդ, այլ «վտանգ» ներկայացնել. կարճ ասած, գնալ «վա բանկ»-ն է՝ կա՛մ մենք, կա՛մ ոչ ոք։

Էստեղ կարևոր մի դետալ կա․ Փաշինյանի Ռուսաստան այցից հետո հռետորաբանությունը ավելի սրվեց։ Սա կարելի է տարբեր ձևով բացատրել, բայց ամենապարզ տարբերակը սա է. իշխանությունը զգում է, որ արտաքին դաշտում ինչ-որ բան փոխվում է, և դա կարող է անդրադառնալ ներսի վրա։ Այդ պահին ինչ է անում ցանկացած իշխանություն՝ փորձում է ներսում «սեղմել» դաշտը։ Իսկ ամենաարագ գործիքը խոսքն է՝ կոշտ, ճնշող, երբեմն՝ վիրավորական։ Դա ուղերձ է՝ թե՛ ընդդիմությանը, թե՛ հասարակությանը, որ «մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ»։

Ասեմ, որ «վա բանկ» գնալու պարագայում արդեն նահանջի տեղ չի թողնում իր համար։ Ամեն ինչ դրվում է մեկ սցենարի վրա. եթե այն աշխատում է՝ պահում ես իշխանությունը, եթե ոչ՝ խնդիրները բազմապատկվում են։

Այսինքն՝ այս ամբողջ կոշտ խոսքը, գռեհիկ բառապաշարը, հարձակողական տոնը իրականում ավելի շատ խոսում են ոչ թե ուժի, այլ ներքին լարվածության մասին։

Հ.Գ. Ի դեպ, նախորդ տարեվերջին նույն ՔՊ-ն իրենց համար մի էթիկայի կանոնագիրք էր ընդունել, ըստ որի՝ «կանոնագիրքը սահմանում է վարքագծի պարտադիր կանոններ կուսակցության բոլոր անդամների համար՝ նպատակ ունենալով խթանել վստահություն կուսակցության ներսում և հանրության շրջանում»: Հիմա, երբ նայում ես սրանց ցինիկ վարքին ու օգտագործվող բառամթերքին, ուզում ես ման գաս-գտնես այդ թուղթը, համապատասխան տեսքի բերես ու օգտագործես հենց իրենց դեմ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 80

Մեկնաբանություններ