ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Վախենում են ոչ թե «Ժառանգությունից», այլ ժողովրդի քվեից»

«Վախենում են ոչ թե «Ժառանգությունից», այլ ժողովրդի քվեից»
08.07.2014 | 15:05

Ըստ երևույթին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը բավականին սպասված էր. «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «ասեղ գցելու» տեղ չկար, իսկ հարցերի տարափին էլ պարոն Հովհաննիսյանը չէր հասցնում պատասխանել:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս ասուլիսում ամենաշատ խոսեց քաղաքական և քաղաքացիական ուժերի համախմբումից:
Խոսելով քառյակի համագործակցությունից և նրա առաջ քաշած կետերից, ապա նա նշեց, որ ինքը այլ կետեր էլ կավելացներ:
«Մենք գնահատում ենք համատեղ աշխատանքի շատ դժվար ճանապարհը, մենք ժամանակ ենք տալիս դրան և ակնկալում ենք, որ դրանք արդյունք կտան: Առաջիկայում հուսով ենք, որ կտեսնենք քաղաքական և քաղաքացիական ուժերի ավելի համակարգված գործունեություն»,- ասաց նա:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանի հետ կապված միջադեպին, երբ ԱԱԾ-ի աշխատակիցը նրան փորձել էր հավաքագրել, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Շատ ուժեղ, խելացի, երիտասարդ լրագրող է: Թե՛ երկխոսությունը՝ սպառնալիքներով համեմված, թե՛ ժամանակի ընտրությունը՝ համագումարից հետո, հուշում են, որ «Ժառանգությանն» էր ուղղված այդ հակասահմանադրական փորձը: Ես կարող եմ ասել իշխանություններին՝ ձեր ձեռքերը հեռո՛ւ քաղաքացիներից, մեր անդամներից, մեր երիտասարդ ղեկավարներից»: Նա հիշեցրեց, որ նման փորձեր ԱԱԾ-ի կողմից էլի են եղել իրենց կուսակցության նկատմամբ: Նա կարծիք հայտնեց, որ, թեև իշխանություններն ընտրված չեն, բայց հիմք չեն ունեցել վախենալու «Ժառանգություն»-ից, նրանք վախենում են ժողովրդից, ՀՀ քաղաքացուց, նրա քվեից: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, թեև ներխորհրդարանական համագործակցությունը ժամկետ է հայտարարել աշունը, բայց ամառվա ընթացքում պետք է արվեն աշխատանքներ: Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք պայքարում են քաղբանտարկյալների համար, մշակութային ժառանգության հարցով, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կամ կենսաթոշակների դեմ, նա համարում է հրաշալի: Սակայն, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, երկիրը փոխելու համար պետք է լինի ուժերի համատեղում:
Խորհրդարանական քառյակի համագործակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է ամենաօպտիմալ հեռանկարը և հույս ունի, որ ոչ մի ուժ դուրս չի գա նրանից, ինչն էլ կարող է հանգեցնել արմատական փոփոխությունների, բայց՝ ոչ հերթական ընտրությունների միջոցով:
Անդրադարձ եղավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումներին: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ այդ երկու գործիչներն անկեղծ են, ուզում են փոփոխություն, դժվարանում են պայմանավորվել ժամկետների շուրջ, բայց ընդհանուր առմամբ ունեն միասին գործելու և օրակարգը ընդլայնելու հանձնառություն: Այդ համագործակցության հեռանկարը, ըստ նրա, պարզ կդառնա աշնանը:
Եվրասիական միությանն անդամակցելուն վերաբերող հարցին ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք դեմ են այդ միությանն անդամակցելուն, և Հայաստանը պետք է դուրս գա ճամբարային մտածողությունից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ