ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Քադիր Աքընը ֆիլմ է նկարելու հնչակյան հեղափոխական Փարամազի մասին

Քադիր Աքընը ֆիլմ է նկարելու հնչակյան հեղափոխական Փարամազի մասին
17.07.2014 | 13:22

Թուրք ռեժիսոր, Թուրքիայի վերակազմյալ սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Քադիր Աքընը, ով Հայաստանում է գտնվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, պատրաստվում է ֆիլմ նկարահանելու 20-րդ դարասկզբի Արևմտահայաստանի հայտնի հեղափոխական գործիչներից մեկի՝ Փարամազի (Մաթեոս Սարգսյանի) մասին: Ֆիլմը կոչվելու է «Անատոլիայի հեղափոխական գործիչ Փարամազը»: Այս մասին տեղեկացնում է ՍԴՀԿ մամլո դիվանը: Ըստ հաղորդագրության՝ երեկ ՍԴՀԿ Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնական գրասենյակում հանդիպում է կայացել ռեժիսորի հետ, որին ներկա են եղել ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, վարչության անդամ Գագիկ Մելիքյանը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Փանոյանը և հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը: Քադիր Աքընը շնորհակալություն է հայտնել կուսակցության ներկայացուցիչներին Փարամազի մասին տրամադրած տեղեկությունների և վավերագրական փաստերի համար: ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են Թուրքիայում Փարամազի և նրա ընկերների հեղափոխական գործունեության լուսաբանման, ինչպես նաև նաև թուրք ռեժիսորի գործունեության կարևորությունը: «ՍԴՀԿ ներկայացուցիչները նաև ընդգծեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նման ֆիլմի ստեղծման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հնչակյան հեղափոխական գործիչ Փարամազը 1915-ի հունիսի 15-ին կախաղան է բարձրացվել Կ. Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում: Հեղափոխականն իր 19 հնչակյան ընկերների հետ մահվան է դատապարտվել Թուրքիայի այն ժամանակվա ղեկավարներ Էնվերի, Ջեմալի և Թալեաթի դեմ մահափորձ կազմակերպելու համար:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ