ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Անկախության տոնը նախագահականում

Անկախության տոնը նախագահականում
21.09.2014 | 20:46

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած անձանց Սերժ Սարգսյանը հանձնել է պարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգևներին ավելացել են Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը և Բարեկամության շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով.


«Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ, նաև շնորհավորում եմ բոլորին, ովքեր արժանացել են հայրենիքի բարձր պարգևներին: Այս տարի մենք առաջին անգամ հանձնում ենք նոր մեդալներ ու շքանշաններ, որ նախկինում չեն եղել, ինչպես «Երախտագիտություն», «Ծնողական փառք» և այլ պարգևներ: Այսպիսով մենք փորձելու ենք արժանին մատուցել բոլորին, փորձելու ենք անել այնպես, որ ստվերում չմնա խրախուսանքի և երախտագիտության արժանի որևէ գործ կամ քաղաքացի:
Ինձ համար, կարծում եմ, նաև բոլորիս համար առանձնահատուկ կարևոր ու թանկ են այն զինվորներն ու սպաները, ովքեր կանգնած են Հայաստանի և Արցախի սահմաններին: Բայց հատկապես խրախուսանքի ու երախտագիտության են արժանի նրանք, ովքեր փորձության պահին իրենց դրսևորեցին որպես հայրենիքի իսկական պաշտպաններ ու նվիրյալներ: Մենք շատ լավ հիշում ենք վերջին լրջագույն իրադարձությունը շփման գծում, որտեղ մեր զինվորականները, ինչու չէ, նաև մեր ողջ հասարակությունը փայլուն քննություն բռնեցին: Նրանք այս սրահում են և ստացել են իրենց պարգևները:
Այսօր մեզ հետ են նաև հունահռոմեական ըմբշամարտի մեր երկու դյուցազունները, ովքեր Տաշքենդում նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը և որոնց պատվին հնչեց մեր օրհներգը: Այս երկու ոսկին որքան սպասված, նույնքան էլ փառահեղ էր: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքով մոտեցրել են այս հաղթանակը: Իհարկե, այսպիսի պաշտոնական արարողությունների ժամանակ ընդունված չէ ցանկություն հայտնել, բայց ես վստահ եմ, որ մեր երկու չեմպիոնները դառնալու են օլիմպիական չեմպիոններ:
Անկախության տոնը լավ առիթ է մեզ համար մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց գործով և կյանքով մարմնավորում են մեր երկիրն ու հասարակությունը, ովքեր իրենց գործով և կյանքով ապահովում են պետության և հասարակության առաջընթացը: Նման մարդկանցով ենք մենք դառնում ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ: Նման մարդկանց օրինակի վրա հենվելով է, որ ամրապնդվում է մեր հավատը երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ: Մեր պարտքն է առանձնացնել նրանց և ի ցույց դնել նրանց օրինակը հատկապես երիտասարդ սերնդի համար:
Սիրելի պարգևատրվածներ, կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն, անձնական երջանկություն և ամենակարևորը` որ դուք շարունակեք ձեր գործը՝ արձանագրելով ավելի մեծ հաջողություններ, որ դուք շարունակեք ձեր կյանքով ու աշխատանքով օրինակ լինել մյուսների համար, որ ձեզնով չափեն մյուսների արածն ու չարածը: Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ»:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ