ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սերժ Սարգսյան. «Հանրաքվեն դառնում է հակամարտությունների խաղաղ կարգավորման գործիք»

Սերժ Սարգսյան. «Հանրաքվեն դառնում է հակամարտությունների խաղաղ կարգավորման գործիք»
22.09.2014 | 10:51

Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփման ընթացքում պատասխանել է նաև Շոտլանդիայի հանրաքվեին վերաբերող հարցին. «Երեկ մենք ականատես եղանք Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեին, որի միջոցով ևս մեկ ազգ ազատ կամարտահայտությամբ որոշեց սեփական ճակատագիրը տնօրինելու հարցը: Հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են և, շոտլանդացի ժողովրդի հավաքական որոշումն արժանի է հարգանքի: Անկախ հանրաքվեի արդյունքներից, գլխավորն այն է, որ շոտլանդացի ժողովրդին հնարավորություն ընձեռվեց իրացնելու իր անօտարելի՝ ինքնորոշման իրավունքը:
Չեմ կարող հիացմունքի խոսքեր չարտահայտել Մեծ Բրիտանիայի կառավարության և ժողովրդի հասցեին, որոնք խնդրի կարգավորման համար ընտրեցին քաղաքակիրթ պետությանը վայել ժողովրդավարական մեթոդներ, թեև, ակնհայտ էր, թե որքան դժվար էր այդ անելը: Միաժամանակ, միջազգային հանրության տեսակետից այստեղ կարևոր է երևույթն ինքնին. խաղաղ ձևով որոշվեց մի ողջ ժողովրդի հետագա կարգավիճակը և այդ ժողովուրդն ազատ բանավեճի միջոցով որոշեց իր հետագա ճակատագիրը:
90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ փորձեց խաղաղ ճանապարհով՝ հանրաքվեի միջոցով, որոշել իր ապագան: Սակայն, Ադրբեջանի իշխանությունները նրանց պատասխանեցին Բաքվի և Սումգայիթի կոտորածներով, զանգվածային տեղահանություններով և ի վերջո՝ պատերազմով: Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից: Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս՝ հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է:
Շոտլանդիայի հանրաքվեն միջազգային հանրության համար մեծ խորհուրդ պարունակող հանրաքվե էր, և շատ լավ օրինակ, թե ինչպես է հնարավոր լուծում տալ այնպիսի կարևորագույն հարցի, ինչպիսին դրված էր երեկվա հանրաքվեի հարցաթերթիկում»:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ