Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

«Իրական Հայաստան»՝ վիրտուալ ինքնիշխան, վիրտուալ անկախ, վիրտուալ ժողովրդավարական

«Իրական Հայաստան»՝ վիրտուալ ինքնիշխան, վիրտուալ անկախ, վիրտուալ ժողովրդավարական
24.12.2025 | 16:34

Ժողովրդի ուսերի վրայով իշխանություն ձեռք բերելով՝ երբեմնի «դուխով» Նիկոլը երկու-երեք տարի անց նույն ժողովրդի աչքում վերածվեց «խեղճ հարիֆի»: Բայց, քանի որ ինքը չի ցանկանում համակերպվել այդպիսի իրականության հետ, որոշեց վերածվել բռնակալի: Աշխարհում լայնորեն տարածված՝ 20-րդ դարասկզբի, իսկ առանձին վայրերում նաև դարավերջի տիպիկ բռնակալի, որի ուժը զուտ իրավապահների՝ պետական անվտանգային ծառայության, ոստիկանության ու քննչակական կառույցի կամ կառույցների մեջ է: Ու երբ ինքը կամ իր վեցնոցներն ընդդիմությանը ձեռ են առնում թույլ լինելու մեջ՝ ուզում եմ հիշեցնել թե՛ նրան, և թե՛ իր նշանակած պաշտոնյաներին, որ անհատական մակարդակում ուժեղ և թույլ լինելը բացահայտվում է ռինգում, այնտեղ, որտեղ հավասար պայմաններում երկու հոգի իրար մռութ են ջարդում: Իսկ քաղաքականության մեջ, այո, գործող իշխանությունն է միշտ ուժեղ լինում: Ու իրավապահներն էլ, համենայն դեպս, Հայաստանի նման պետություններում, ծառայում են իշխանությանը: Ուրիշ հարց, որ Հայաստանի նախորդ իշխանությունը կարող էր նաև թույլ լինել ու թույլատրեր, որպեսզի «դուխով» Նիկոլը փողոցի և Արևմուտքի աջակցությամբ վերցներ իշխանությունը:

100 տարի առաջ Գարեգին Նժդեհը բողոքում էր իր հայրենակիցներից՝ անվանելով դրանց թուրքացած հայեր: Բայց դա այդպես էլ պետք է լիներ, եթե հաշվի առնենք, որ մեր ժողովուրդն այս տարածաշրջանում 8-9 հարյուր տարի գերի է եղել թյուրքախոս վայրենի ցեղերին: Ու միակ մտահոգությունը եղել է կենդանի մնալն ու վերարտադրվելը: Նման պայմաններում չուծանալն արդեն հրաշքի է նման: Եվ այդ հրաշքի արարիչը եղել է Հայոց եկեղեցին, կառույց, որ պահպանել է հայոց ինքնությունը: Իսկ այսօր մեր միամիտ խելքից ունենք մի իշխանություն, որը ցանկանում է վերացնել մեր ազգի պահպանման հիմնական սյունը՝ եկեղեցին կամ եկեղեցու այն տեսակը, որ պահպանվել է դարերով և պահպանել է հայոց ազգը: Ցանկանում է, իր էությանը համապատասխան, այն փոխարինել վիրտուալ կառույցով: Դարձնել ճիշտ այնպիսին, ինչպիսին իր իշխանությունն է՝ վիրտուալ ինքնիշխան, վիրտուալ անկախ ու վիրտուալ ժողովրդավարական: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի եկեղեցու բարեփոխման անվան ներքո այդ գործընթացն իրականացվի եկեղեցու ամենակեղտոտ (մեղա՜, մեղա՜) հոգևորականների ձեռքով: Դա նույնն է, որ մեկին հանձնարարեն, որպեսզի իր կեղտոտ ձեռքերով ինչ-որ չափով կեղտոտված սփռոց մաքրի: Այդպես չի կարող, չէ՞, լինել, ուրեմն չեն կարող Նիկոլի ղեկավարությամբ Միրզախանյանն ու Կճոյանը՝ իրենց նմաններով ու նիկոլականներով հանդերձ, լինել բարենորոգիչներ: Դա ձեռառնոցի կլինի բարեփոխում կոչված երևույթի առումով:

Ինչևէ, պետք է դանակը ոսկորին հասներ, որպեսզի մեր ժողովուրդն արթնանար լեթարգիական քնից: Ու գիտակցեր, որ իշխանությունը, ՀՀ երրորդ նախագահի ասելով, ճամպրուկ չէ, որ փոխանցվի մեկ մարդուց մյուսին: Որ իշխանությունը մարդուն կամ մարդկանց որոշակի խմբին տրվում է ոչ թե այն վայելելու, այլ պետության մասին մտահոգվելու, պետության շահերը սպասարկելու նպատակով: Եվ, այո, պետք է փոխվի մեր ժողովրդի մտածողությունը, որպեսզի փոխվի մարդկանց վարքագիծը: Որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք իշխանության ո՛չ ստրուկն են, և ո՛չ էլ ճորտը: Իսկ իշխանավորներն էլ գիտակցեն, որ իշխանությունը տրվում է ոչ թե իշխելու համար՝ որքան էլ այդ երկու հասկացությունները լինեն նույնը, այլ որպեսզի ապահովեն պետության անվտանգությունն ու մարդկանց բարեկեցությունը: Ու ոչ թե պատերազմ նախաձեռնեն պատմականորեն հայության ինքնության պահպանման հիմնական կառույցի դեմ, այլ, նրա հետ դաշնակցած, ստեղծեն իրական և ոչ թե վիրտուալ կամ նիկոլական ապագա: Զարգացնեն իրական պետություն՝ ազգային արժանապատվությամբ լի ժողովրդով: Եվ ոչ թե ազգային արժանապատվությունը կորցրած ժողովրդով թշնամիներից ծնկաչոք խաղաղություն մուրացող պետություն՝ անվանումը դնելով «իրական Հայաստան»:

Հ.Գ. Ի դեպ, ուշացումով «հավատավոր» նիկոլականներին շնրհավորում եմ դեկտեմբերի 21-ի հանգստյան օրվա կապակցությամբ: Կարծում եմ՝ իրենց հասկանալի է, թե ինչ հանգստյան մասին է խոսքը: Իսկ եթե ոչ, ապա ասեմ՝ կեղծ հավատացյալ լինելու հոգսի բացակայության:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 144

Մեկնաբանություններ