ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Եվրաինտեգրում՝ մահացու ելքով

Եվրաինտեգրում՝ մահացու ելքով
28.08.2026 | 14:05

Բաց նամակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին

Եվրոպական Միության հետ սերտ համագործակցության և ինտեգրման կուրսը, որն այժմ մշակվել և ակտիվորեն քարոզվում է ՀՀ իշխանությունների կողմից, մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առավել գաղափարականացված և առասպելաբանական սյուժեներից մեկը: Եվրոպական լուսավոր ապագայի հանդեպ կույր հավատը, ինչպես հետխորհրդային շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, հաճախ հիմնվում է բացառապես քարոզչական բնույթի պատրանքների վրա:

Ահա դրանցից մի քանիսը. եվրաինտեգրումը ապահովում է արագ տնտեսական աճ, ուժեղ օրենսդրություն, նոր հնարավորություններ և փայլուն հեռանկարներ քաղաքացիների համար, բացվում է անմաքս առևտուր հարուստ երկրների հետ, օտարերկրյա ընկերություններն ավելի պատրաստակամ են ներդրումներ կատարել տնտեսության մեջ, երկիրն ու բիզնեսը եվրոպական բանկերից էժան վարկեր են ստանում, բարելավվում է դատարանների, ոստիկանության և պետական մարմինների աշխատանքը, նվազում է կոռուպցիայի մակարդակը, ավելի խիստ և ավելի լավ են պաշտպանվում քաղաքացիների իրավունքները, խոսքի ազատությունն ու անվտանգությունը, ապրանքներն ու ծառայությունները սկսում են համապատասխանել եվրոպական բարձր չափանիշներին և անվտանգության նորմերին և այլն, և այլն:

Հայաստանում եվրաինտեգրման մասին ամենատարածված առասպելը վերաբերում է հենց դրա իրավական և ինստիտուցիոնալ բնույթին։ Ապրիորի նշվում է, որ եվրարժեքներին հավատարմությունը ենթադրում է օրենքի պարտադիր գերակայություն, անխափան գործող ժողովրդավարական համակարգի առկայություն, ազատ և արդար ընտրությունների անցկացում, անկախ դատական համակարգի հաստատում, միջազգային համաձայնագրերով նախատեսված քաղաքացիների հիմնական իրավունքների և ազատությունների հարգում և պաշտպանություն:

Իհարկե, ճիշտ չի լինի ժխտել այն փաստը, որ ոչ վաղ անցյալում Եվրամիությունում իսկապես ձևավորվել էր իրավական ինստիտուտների ճյուղավորված համակարգ, որը ստեղծում է կարևորագույն խնդիրների լուծման մեխանիզմներ իրավունքի ուժի, այլ ոչ թե ուժեղի իրավունքի մակարդակում։ Սակայն վերջին ժամանակներում միջազգային հանրությունը խոր զարմանքով և տագնապով հետևում է եվրոպական արժեքների աղետալի և չդադարող էրոզիային հենց Եվրամիությունում, որտեղ որոշումները հաճախ ընդունվում են հաշվի առնելով ոչ թե ժողովրդավարական, իրավական նորմերը, այլ քաղաքական նպատակահարմարության առանձնահատկությունները և նույնիսկ ամենապարզքընակ միջկառավարական առևտուրը, ընդ որում, որպես կանոն, հօգուտ ԵՄ առաջատար պետությունների, ասենք, նույն Ֆրանսիայի կամ Գերմանիայի։

Եթե գործ ունենայինք եվրոպական արժեքների սովորական արժեզրկման կամ բարքերի տխուր անկման ու աշխարհի երբեմնի ամենաժողովրդավարական համակարգի ապամարդկայնացման մասին կաբինետային ինչ-որ քննարկումների հետ, էլի որոշ չափով հասկանալի կլիներ։ Բայց Եվրոպական միությանը ինտեգրվելու Հայաստանի և նրա առանձին քաղաքացիների ձգտումը երբեմն վերածվում է իսկական ողբերգության իրական կյանքում, ինչպես ասում են՝ գետնի վրա։

Նման ողբերգություն տեղի է ունեցել հայ մտավորականության հրաշալի ներկայացուցիչների՝ Բեգլարյանների-Ղազարյանների ընտանիքում, երևանցի հնաբնակներ, որոնց ընդունված է անվանել ազգային էլիտայի կորիզ։ Այս ընտանիքի միակ որդին՝ փայլուն կրթություն ստացած, մասնագիտությամբ ճարտարապետ Հուրհեր Բեգլարյանը, համոզմունքներով լիբերալ, ֆրանսիական լուսավորության մեծ մտածողների հումանիստական ավանդույթներով դաստիարակված մի պոլիգլոտ, ով պարզապես սիրահարված էր Ֆրանսիային ու հենց այդ երկրում է զոհվել կամ սպանվել խորհրդավոր հանգամանքներում։ Սակայն ամենասարսափելին միայն Ֆրանսիայում ՀՀ քաղաքացու մահը չէ, ոչ պակաս սարսափելի ու նողվելի է այն, ինչ հաջորդեց այդ ողբերգությանը։

Անցել է ավելի քան յոթ տարի (!) Հուրհեր Բեգլարյանի զոհվելուց հետո, բայց նրա հարազատներն ու մտերիմները մինչ օրս չեն կարողանում կատարվածի վերաբերյալ ֆրանսիական պետության քիչ թե շատ իմաստավորված ու հոդաբաշխ պարզաբանում ստանալ։ Աշխարհի նույնիսկ ամենահետամնաց երկրների իշխանությունները նման իրավիճակներում հետևում են օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին, իրականացնում են պաշտոնական հետաքննություն, հանդես են գալիս ինչ-որ հայտարարություններով, հարազատներին տեղեկացնում են կատարված աշխատանքի արդյունքների մասին և այլն։ Դա անում են աշխարհի առանց բացառության բոլոր երկրները, բայց ոչ «ժողովրդավարության և մարդասիրության ռահվիրա» Ֆրանսիան, որի իշխանություններն առանց որևէ բացատրության (!) շարունակում են լկտիաբար, ընդգծված ցինիզմով ուղղակի ծաղրել միակ որդուն կորցրած հայ ընտանիքին։

Ստեղծված իրավիճակից ելնելով ՝ զոհվածի մայրը՝ տիկին Կարինե Ղազարյանը, 2025 թ.նոյեմբերի 2-ին բաց նամակով դիմել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս նամակը աննշան կրճատումներով:

«Մեծարգո պարոն Նախագահ:

Ձեզ դիմել է ստիպում 2019 թվականին Ֆրանսիայի Հանրապետության տարածքում խորհրդավոր հանգամանքներում մահացած իմ միակ որդու շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը: Նրա մահվան պատճառները պարզելու և այդ ողբերգության մանրամասներն իմանալու իմ բազմաթիվ փորձերը բախվում են ֆրանսիական իշխանությունների անբացատրելի անտարբերության և ընդգծված հակամարդկային վերաբերմունքի պատին։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ որդիս՝ 1968 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հուրհեր Բեգլարյանը, վերջին շրջանում, մինչև մեզ պատուհասած ողբերգությունը, բնակվել է Մարսել քաղաքում։ Այնտեղ նա ամուսնացել է Ֆրանսիայի քաղաքացի տիկին Ժիզել Անդրե Կադաուի հետ։ Քանի որ նա այդպես էլ չարժանացավ Ֆրանսիայի քաղաքացիությանը, կրկին մեզ համար անբացատրելի պատճառներով, ես կատարեցի օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, որպեսզի մեր ընտանիքը վերամիավորվի ԱՄՆ-ում, որտեղ ես բնակվում եմ: Որոշ ժամանակ անց որդիս Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի հրավեր ստացավ։ Բայց մինչ Հայրենիք մեկնելը մենք ստանում ենք նրա մահվան մասին սարսափելի լուրը…

Որդուս մահվան մասին տեղեկությունը մենք՝ նրա հարազատները, իմացել ենք պատահաբար՝ արտերկրում բնակվող մեր ծանոթներից։ Ֆրանսիայի իշխանությունների ներկայացուցիչներն հարկ չհամարեցին տեղեկացնել մեզ այդ մասին, թեև այս պարզ ու շատ մարդկային կանոնը ամրագրված է նաև ձեր պետության օրենսդրական նորմերով։ Անհրաժեշտ էր պարզապես տեղեկացնել Ֆրանսիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին ՀՀ քաղաքացու հետ տեղի ունեցած ողբերգության մասին, որից հետո հայկական դեսպանատունը կտեղեկացներ այդ մասին զոհվածի հարազատներին: Բայց նույնիսկ այս պարզ կանոնը չի կատարվել:

Հարգելի պարոն Նախագահ,

Վեց տարի շարունակ ես ու իմ հարազատները բարեհնարության և հուսահատ հնարամտության հրաշքներ ենք գործել, որպեսզի ֆրանսիացի պաշտոնյաներից կորզենք տեղի ունեցածի մասին գոնե ինչ-որ խելամիտ բացատրություն, գոնե ինչ-որ հոդաբաշխ պատասխան մեր պարզ և տրամաբանական հարցերին։ Օրինակ՝ ինչպե՞ս տեղի ունեցավ այդ անհասկանալի մահը։ Ի՞նչ հանգամանքներում: Ո՞վ է մեղավոր դրանում: Որտե՞ղ են ոստիկանության հետաքննության արդյունքները: Ինչո՞ւ մենք՝ զոհվածի հարազատներս, ծանոթ չենք դրանց հետ։ Ինչպե՞ս հասկանալ ֆրանսիական իշխանությունների այս, մեղմ ասած, ընդգծված անտարբերությունն նշյալ մութ գործում։

Համապատասխան հարցումներով մենք դիմել ենք և Մարսելի ոստիկանությանը, և Մարսելի քաղաքապետարանին, և տեղի տրիբունալին, որպեսզի պարզենք որդուս խորհրդավոր մահվան պատճառները, բայց ապարդյուն։ Միայն երկու պաշտոնյաներից, որոնք զբաղեցնում են, այսպես ասենք, ոչ բարձր պատասխանատու պաշտոններ, մենք ստացել ենք տարակարծիք, իրարամերժ պատասխաններ. նրանցից մեկը հայտնել է, որ մարմինը անճանաչելիորեն այլանդակված էր, իսկ երկրորդը հայտարարել է, որ մարմնի վրա բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել: Ավելի քան ակնհայտ է, որ Մարսելի քաղաքային իշխանությունները թաքցնում են այդ ողբերգության հանգամանքները։ Թե ինչու է դա արվում, յոթ կնիքների տակ կոծկված գաղտնիք է…

Որդիս ծնվել և մեծացել է մտավորականների ընտանիքում, ստացել է բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար էր, իր ամբողջ կյանքը վաստակել է ազնիվ աշխատանքով, քրեական աշխարհի հետ արատավորող որևէ կապ չի ունեցել: Ուստի ես ավելի քան համոզված եմ, որ նա չէր կարող ինչ-որ քրեական ընդհարումների մասնակից կամ զոհ դառնալ։ Դատելով ֆրանսիական իրավապահ մարմինների տարօրինակ գործելաոճից՝ հավանաբար, գործ ունենք Մարսելի ոստիկանության կամ իշխանական այլ կառույցների մասնակցությամբ անզգույշ սպանության փաստի հետ։ Այլ բացատրություն այս պահին մենք դեռ չունենք։

Համենայն դեպս, այս մտքին է մեզ դրդում ֆրանսիական պաշտոնյաների, մեղմ ասած, ոչ ադեկվատ պահվածքը, որոնք ակնհայտորեն փորձում են կոծկել ոչ այն է հանցագործության, ոչ այն է դժբախտ պատահարի հետքերը։ Այլապես ինչո՞վ բացատրել այն փաստը, որ ինձ՝ տարիքն առած կնոջը և դժբախտ մորը, ով կորցրել է իր միակ զավակին, Ֆրանսիայի իշխանությունները ստիպում են չորս անգամ կտրել-անցնել օվկիանոսը, թռչել ԱՄՆ-ից Ֆրանսիա և ամեն անգամ ծաղրանքով անպատասխան թողնում իմ ամենապարզ հարցերը՝ բացարձակապես հաշվի չառնելով ոչ ծնողական զգացմունքները, ոչ էլ պարկեշտության ու բարոյականության համընդհանուր ընդունված նորմերը։ Եթե ինչ-որ մեկին ինչ-որ մարսելյան կամ փարիզյան կաբինետներում թվում է, թե նման մեթոդներով կարելի է հետքեր ծածկել, ապա նրանք լրջորեն սխալվում են։ Այս գործում ձեր երկրի իրավապահ մարմինների կողմից ստեղծվող քաշքշուկները, հարցի լուծման արհեստական ձգձգումները մեզ չեն ստիպի հետ կանգնել արդարության և օրինականության գոնե սաղմնային ձևերի վերականգնման պահանջներից, եթե «արդարադատություն» հասկացությունն իսպառ մոռացվել է Ֆրանսիայում:

Պարոն Նախագահ:

Եթե այս ողբերգությունը տեղի ունենար Թուրքիայում կամ Ադրբեջանում, որտեղ հայատյացությունը վերաճած է պետական քաղաքականության աստիճանի, մենք դեռ կհասկանայինք այդ պետությունների իշխանությունների նման պահվածքը. էլ ի՞նչ սպասես նրանցից։ Բայց մի՞թե Ֆրանսիայում՝ Վոլտերի և Դիդրոյի, Ռոբեսպիերի և Ժան-Ժակ Ռուսոյի հայրենիքում, ժողովրդավարության և հումանիզմի շողշողուն բաստիոնում, մենք պետք է ապացուցենք այբբենական ճշմարտությունները մարդկային կյանքի արժեքի և բռնության ու կամայականության ցանկացած դրսևորման անթույլատրելիության մասին: Մի՞թե արդեն այդ աստիճանի ստորության և ապամարդկայնացման են հասել ֆրանսիական պետության որոշ պաշտոնյաներ։ Ես չեմ ուզում հավատալ դրան, չնայած հիշյալ անձինք պարզապես անում են ամեն ինչ, որպեսզի համոզեն մեզ հակառակը:

Առանձնահատուկ ցավ ու դառնություն ես ապրում այն մտքից, որ ես ու որդիս, ինչպես նաև հայերի շատ սերունդներ, մեծացել և դաստիարակվել ենք ֆրանսիական մեծ մշակույթի վեհ գաղափարների ու ավանդույթների վրա, այն փաստից, որ ես արդեն երկար տարիներ ֆրանսերեն եմ դասավանդում ԱՄՆ-ի և Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ՝ հաղորդակից դարձնելով նրանց այդ լեզվին, քարոզելով և հանրահռչակելով այն հատկապես երիտասարդության միջավայրում: Ու հենց մեր ընտանիքի հանդեպ է դրսևորվում այսպիսի անմարդկայնություն, այսպիսի անողոք անարդարություն։ Հենց հայկական ընտանիքին, այն նույն ժողովրդի ներկայացուցիչներին, որոնց մասին Դուք վերջերս ասել էիք, որ «հայերը կերտել են Ֆրանսիայի պատմությունը»։ Դե, անցյալի ֆրանսիացի մեծ լուսավորիչները մեզ սովորեցրել են, որ պետք է հարգել ուրիշի ընտրությունը։ Ըստ երևույթին, այսօր այդպիսին է ձեր ընտրությունը՝ հետապնդել և սպանել անմեղ մարդկանց, որոնց ամբողջ մեղքն այն է, որ նրանք անզգուշություն են ունեցել այցելել ձեր երկիր: Իսկ մեր ընտրությունն է փորձել օգնել իշխանություններին վերականգնել տարրական օրինականությունն այդ երկրում, թող ներեն մեզ Վոլտերն ու Դիդրոն։

Հարգելի պարոն Նախագահ:

Ելնելով վերոգրյալից՝ կոչ եմ անում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության համապատասխան մարմիններին փոխանցել մեր ընտանիքի հետևյալ պահանջները.

- կատարել որդուս մարմնի անհապաղ արտաշիրիմում՝ նոր հետաքննություն անցկացնելու և տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները պարզելու նպատակով;

- պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացի Հուրհեր Բեգլարյանի մահվան մեջ մեղավոր անձանց;

- միջոցներ ձեռնարկել որդուս մարմինը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար՝ Հայրենիքում վերահուղարկավորելու նպատակով;

- փոխհատուցել մեր ընտանիքին հասցված վնասը:

Հարգարժան պարոն Մակրոն,

Չնայած մեր կրած կորստի ողջ ծանրությանը, չնայած մեր ընտանիքի նկատմամբ իրականացված բոլոր երևակայելի ու աներևակայելի ապօրինություններին, մենք դառնացած չենք Ֆրանսիայի և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի դեմ: Միակ բանը, որ մենք պահանջում ենք, գործի քննությունն է Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրությանը խիստ համապատասխան։ Մենք քաջ գիտակցում ենք, որ անփույթ պաշտոնյաներ կան ամենուր, նույնիսկ ժողովրդավարական կառավարման դասական մոդել ունեցող երկրներում։ Ուստի մենք դեռ մտադիր չենք դիմել Միացյալ Նահանգների (որի քաղաքացին եմ ես) և Հայաստանի Հանրապետության (որի քաղաքացի է եղել իմ որդին) իրավապահ մարմինների օգնությանը։ Մենք լիահույս ենք, որ ֆրանսիական Ֆեմիդան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել այս գործը: Նույն նկատառումներից ելնելով՝ մենք օգնության կոչով չենք դիմում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի հանրությանը ու երեք երկրների իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում այս գործի նկատմամբ։ Հավատում ենք, որ արդարությունն ու օրինականությունը կպահպանվեն ֆրանսիական իրավապահ մարմինների օգնությամբ։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ նմանատիպ բովանդակությամբ նամակներ ուղարկվել են ԱՄՆ-ում և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպաններին:

Հարգարժան պարոն Նախագահ, խնդրում եմ գրավոր պատասխան տալ ինձ, ինչպես դա սահմանված է օտարերկրյա պետությունների ղեկավարներին քաղաքացիների դիմելու կարգով:

Անկեղծ հարգանքով՝

Կարինե Ղազարյան

02.11.2025»։

Մեկ ամիս անց՝ 2025թ.դեկտեմբերի 12-ին, ստացվել Է Ֆրանսիայի նախագահի պատասխանը։ Նրա անունից զոհվածի մորը գրել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի լիազոր ներկայացուցիչ պարոն Ռոդրիգ Ֆերսին։ Ահա այդ նամակը․ «Հարգելի Տիկին, Հանրապետության նախագահն իսկապես ստացել է իրեն ուղղված Ձեր նամակը, որտեղ Դուք ուշադրություն եք դարձնում Ձեր որդու մահվան վրա: Զգայուն լինելով Ձեր ընտանիքին պատուհասած դաժան սգի հիշեցման նկատմամբ՝ պարոն Էմանուել Մակրոնն ինձ հանձնարարեց արտահայտել իր համակրանքը և հայտնել Ձեզ իր ամենաջերմ մտքերը: Նա հասկանում է Ձեր ցավոտ զգացմունքներն ու հույզերը Ձեր ապրած սարսափելի փորձության արդյունքում: Սակայն պետք է տեղեկացնեմ, որ իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը թույլ չի տալիս պետության ղեկավարին միջամտել արդարադատության ոլորտին վերաբերող գործերին: Այնուամենայնիվ, ես Ձեր նամակի մասին հայտնեցի պարոն կնապահին՝ արդարադատության նախարարին, որի ծառայություններն ուղղակիորեն ենթարկվելու են ձեզ։ Ես խնդրում եմ Ձեզ ընդունել, Տիկին, իմ հարգանքի հավաստիքը:

Ռոդրիգ Ֆերսի»։

Ավելի ուշ պարզվեց, որ Ֆրանսիայի նախագահը ուղղակի խաբել է ՀՀ մահացած քաղաքացու ընտանիքին։ Չնայած նրան, որ ֆրանսիական պետության ղեկավարը, ինչպես ասված է իր իսկ ուղերձում, «նամակի մասին հայտնել է պարոն կնապահին՝ արդարադատության նախարարին, որի ծառայություններն անմիջականորեն ենթարկվելու են Ձեզ», այդ երկրի իշխանությունները մինչ օրս մատը մատին չեն խփել, որպեսզի կատարեն հանցագործության բացահայտման իրենց տարրական պարտականությունները: Ահա սա է Ֆրանսիայի նախագահ, մեծն «հայասեր» Էմանուել Մակրոնի «խոսքի» գինը և սա է եվրաինտեգրման գինը, որի համար այդքան կրքոտ պայքարում է ՀՀ ներկայիս վարչապետը:

Զոհվածի հարազատներին այլ բան չէր մնում, քան դիմել Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով միջամտել այս խայտառակ իրավիճակին և կատարել հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրենց սահմանադրական պարտականությունները, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները, կոպտորեն խախտելով սեփական օրենքները, ըստ էության, հրաժարվում են արդարադատություն իրականացնել։ ՀՀ զոհված քաղաքացու մայրը՝ տիկին Կարինե Ղազարյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ներքին գործերի նախարար տիկին Արփինե Սարգսյանին ՝ կոչ անելով նրանց օգնել օրինականության և արդարության վերականգնման գործում:

Դրանից հետո սկսվեց անասնականության երկրորդ փուլը։ Հենց անասնականության․ այլ բառ չես էլ գտնի՝ Բեգլարյաննների ընտանիքի դժբախտության նկատմամբ Ֆրանսիայի և Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը բնորոշելու համար։ Օտարերկրյա պետության տարածքում սպանվել է Հայաստանի քաղաքացի՝ քրեական որևէ գործի մեջ չներգրավված, բացարձակ անմեղ մտավորական, որի ողջ «մեղքն» այն էր, որ նա շատ էր սիրում Ֆրանսիան և անզգուշություն է ունեցել պարզապես այցելել այդ երկիր: ՀՀ իրավապահ մարմիններին հանցագործության հետաքննություն սկսելու և Ֆրանսիայի իշխանություններից բացատրություն պահանջելու փոխարեն ամենայն հայոց եվրաինտեգրատոր Նիկոլ Փաշինյանը նամակը վերահասցեագրեց, ի՞նչ եք կարծում, ու՞մ: Ճիշտ է... ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությանը: Ոչ թե ոստիկանությանը, ոչ թե դատախազությանը կամ քննչական կոմիտեին և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, այլ... ՀՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությանը: Նույն հաջողությամբ կարելի էր նամակը վերահասցեագրել գյուղատնտեսության նախարարությանը կամ ՀՀ կինեմատոգրաֆիստների միությանը, եթե այդպիսիք լինեին ՀՀ-ում։ Ահա այսպիսին է Հայաստանի այսօրվա իշխանությունների «կոմպետենտության» աստիճանը։

Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Ֆրանսիայի նախագահի, նույնիսկ ցավակցություն չի հայտնել ՀՀ զոհված քաղաքացու ընտանիքին: Ֆրանսիայի իշխանությունների անօրինականությունը քողարկելու համար Մակրոնը, թեկուզ և ձևականորեն, կարեկցանքի ինչ-որ խոսքեր է ասել տիկին Կարինե Ղազարյանին, իսկ ՀՀ կառավարության ղեկավարը, ով զօրուգիշեր սեր է խոստովանում ՀՀ քաղաքացիների հանդեպ, ցավակցության և սփոփանքի երկու բառ անգամ չգտավ ՀՀ հպարտ քաղաքացու ընտանիքի համար։

Թեպետ Փաշինյանին կարելի է «հասկանալ». հայազգի շատ դիտորդների կարծիքով, նրան հանձնարարված է նախ հին հայկական Արցախը խցկել Ադրբեջանի կազմ, իսկ հետո արդեն Հայաստանը խցկել ատլանտյան կառույցներ՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ պայքարում Արևմուտքին օգնելու համար։ Այս կրկնակի օպերացիայում Փաշինյանի գլխավոր կուրատոր, ըստ ամենայնի, նշանակվել է հենց Էմանուել Մակրոնը, որն արդեն օգնել է Փաշինյանին հայաթափել Ղարաբաղը, իսկ հիմա, հավանաբար, պետք է հայ ժողովրդին թնդանոթի մսի վերածի Ռուսաստանի և Իրանի հետ պատերազմում։ Ուստի Փաշինյանը մտադիր չէ անհանգստացնել պարոն Մակրոնի վսեմաշուք և օգոստափառ ականջները այնպիսի «մանրուքներով», ինչպիսիք են ՀՀ քաղաքացիների կյանքն ու մահը։

Դրանում համոզվելու համար կարդացեք ՀՀ մահացած քաղաքացու մորը ուղարկված ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանի նամակը: Ահա այն. «Հարգելի տիկին Ղազարյան, տեղեկացնում ենք, որ Ձեր դիմումը ՀՀ վարչապետին վերահասցեագրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Ի պատասխան Ձեր դիմումի հայտնում ենք հետևյալը․ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ քաղաքացի Հուրհեր Բեգլարյանի մահվան մասին ծանուցում գլխավոր հյուպատոսության արխիվում չի հայտնաբերվել: Միաժամանակ, Ձեր դիմումի հիման վրա, Մարսելի քաղաքապետարան է ուղարկվել համապատասխան գրություն՝ Հուրհեր Բեգլարյանի մահվան վկայականի պատճենը ստանալու նպատակով: Կից ներկայացնում ենք ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով ստացված Հուրհեր Բեգլարյանի մահվան վկայականի պատճենը և դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:

Ինչ վերաբերում է գործի նոր հետաքննություն իրականացնելուն և Հուրհեր Բեգլարյանի մահվան մեջ հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, հայտնում ենք, որ նշված հարցերը դուրս են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործառութային իրավասության շրջանակներից: Հ. Բեգլարյանի աճյունը Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և վերահուղարկավորելու մասով հայտում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտության դեպքում և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կարող է աջակցել աճյունի տեղափոխման վերաբերյալ առարկություն չունենալու մասին տեղեկանք (No-objection letter) տրամադրելու հարցում: Նշված փաստաթուղթը, որպես կանոն, պահանջվում է նստավայր պետության (տվյալ դեպքում ՝ Ֆրանսիայի Հանրապետության) իրավասու մարմինների կողմից՝ աճյունի տեղափոխման թույլտվության գործընթացում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աճյունի տեղափոխման և վերահուղարկավորման կազմակերպումը իրականացվում է շահագրգիռ անձանց կողմից՝ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների (հուղարկավորման ծառայություն մատուցող կամ այլ ընկերությունների) ներգրավմամբ և նստավայր պետության իրավասու մարմինների սահմանած կարգով:

Հարգանքով՝ Վարչության պետի պաշտոնակատար

Արթուր Պետրոսյան

18.04.2026»։

Կարինե Ղազարյանը, որպես օրինապահ քաղաքացի, կատարել է ՀՀ ԱԳՆ բոլոր պահանջներն ու հանձնարարականները՝ իշխանություններին ուղարկելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատճենները, սակայն ապարդյուն: ՀՀ իշխանությունները խաբել են ՀՀ զոհված քաղաքացու ընտանիքին ճիշտ այնպես, ինչպես խաբել են Ֆրանսիայի իշխանությունները։ Ահա այսպես, ՀՀ հարգելի քաղաքացիներ, բարի գալուստ Եվրոպական Միություն և բրյուսելյան եվրարժեքների կախարդական աշխարհ՝ օրենքի գերակայության և Ժողովրդավարական առաջնահերթությունների, անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների հարգման ու պաշտպանության և այլ սենտիմենտալ մանրուքների մասին իր հիստերիկ մանտրաներով։ Հաշվի առեք այս իրողությունները ինչ-որ տեղ ինտեգրվելուց առաջ: Ու մի բարի խորհուրդ ևս. «հայամետ» Ֆրանսիա մեկնելու տոմս գնելուց հետո մի մոռացեք սաղավարտ և զրահաբաճկոն կրել․ ինչպես ասում են՝ շառից փորձանքից հեռու։ Որովհետև Ֆրանսիայի «հայամետ» իշխանությունները կարող են ձեզ զրկել ոչ միայն կյանքից, այլև քրիստոնեական հայկական ավանդույթներով հայրենիքում հուղարկավորվելու իրավունքից: Ճիշտ այնպես, ինչպես այդ իրավունքից զրկեցին ՀՀ քաղաքացի Հուրհեր Բեգլարյանին։

Պատրաստեց «Երրորդ Ուժ Պլյուս» անկախ

թերթի գլխավոր խմբագիր

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

Լուսանկարում ՝ բանակային ծառայությունն ավարտած Հուրհեր Բեգլարյանը մոր և տատիկի հետ:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ