Ավարայրի ճակատամարտը հայ ժողովրդին շնորհեց ազգային ինքնագիտակցություն, որ մտավ հայության մտածելակերպի խորքերը, հոգու ու արյան մեջ,- ժողովրդի ներսում ձևավորեց ազգը՝ հավերժին ուղղված իր կենսահայացությամբ ու երազանքներով:
Արցախյան շարժումը հայ ժողովրդին շնորհեց ազգային միասնության վսեմ գաղափարը, միաբանության ոգին, որ հայությանը ներառեց հավաքական ուժի ու երթի մեջ, և կոչված է երկիրը անխորտակելի պահել գալիք մարտահրավերներին դեմ-հանդիման: Շարժման սկզբնավորումը վավերացվեց 1988-ի փետրվարի 20-ին՝ Արցախը Հայաստանին միավորելու որոշմամբ: Դա, ըստ էության, հայ ժողովրդի ամենապայծառ թվագիրն է վերջին հազարամյակում՝ իր պատմականությամբ ու հեռանկարայնությամբ:
Ավարայր, Արցախյան շարժում… Հայկական մի նոր ու հզոր ալիք պետք է հաջորդի նրանց, Վերածննդի պես, որ աննախադեպ փայլ ու կարողություն պիտի շնորհի մեր երկրին: Եվ հիմքում ունենա նախընթաց բոլոր կարևորագույն ազգաշարժերի ավյունն ու գաղափարները:
Աստված պահապան արցախակիրներին, նոր Վերածննդի ջահակիրներին, անկոտրում հայ ազգին:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ