Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-7

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-7
05.07.2026 | 18:47

Սկիզբը՝ այստեղ

(կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները)

«TurkDizi» կոչված համակարգը ընդամենը մեկ-երկու տասնամյակում աշխարհին պարտադրեց էկրանային նվաճողականության այնպիսի մոդել, որտեղ չկան ոչ միայն հզոր դրամատուրգիա, այլև բարդ կամ բազմաշերտ մարդկային կերպարներ։ Ժամանակակից այս հրաշապատում հեքիաթներում գլխավոր հերոսների ողջ դինամիկան ու տրանսֆորմացիան կուրորեն ենթարկվում են հստակ, պետական-քաղաքական պատվերին։

TRT պետական հեռուստաընկերության, «Ay Yapım»-ի, «Bozdağ Film»-ի կամ մյուս հսկաների գրեթե բոլոր նախագծերը «հանճարեղորեն» կառուցված են նույն պրիմիտիվ մեխանիզմով.

Թուրքը բացարձակ բարի է, մեծ մտածող, ասպետական, անսահման հումանիստ ու հայրենիքի սուրբ նվիրյալ։

Ոչ թուրքը (լինի հայ, հույն, արաբ կամ հրեա) անդեմ, դավաճան, նենգ ու բնազդային մակարդակի դաժան թշնամի է։

Այս էկրանային խայծը, որը մատուցվում է շլացուցիչ էսթետիկայով ու սիրային զեղումներով, հեշտությամբ ջնջում է միջին սպառողի քննադատական մտածողությունը։ Պատմական բարդ իրողությունները վերածվում են պարզունակ, բայց աշխարհաքաղաքական տեսանկյունից ծայրահեղ վտանգավոր քարոզչության, որի հիմնական նպատակը մեկն է՝ սեփական դահճի կերպարի ռոմանտիզացումն ու զոհի հոգեբանական կազմալուծումը։

Ասվածի թարմ ու ցայտուն օրինակն է TRT-ի հանրահայտ «Կազմակերպություն» (Teşkilat) ժամանակակից քաղաքական սերիալը, որտեղ թուրքական հատուկ ծառայությունների սպաները պատկերված են որպես անթերի, գրեթե սրբացված հերոսներ, ովքեր առանց երկմտելու զոհասեղանին են դնում իրենց անձնական կյանքն ու ընտանիքը՝ հանուն վեհ հայրենիքի։

Սակայն ամենաուշագրավն այս պատումում թշնամու կերպարների դինամիկան է, որը տրանսֆորմացվում ու փոփոխվում է Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսին խիստ համահունչ։ Էկրանային թշնամիների աշխարհագրությունը ճշգրտորեն կրկնում է Անկարայի դիվանագիտական սրացումների օրակարգը.

Երբ Անկարայի հարաբերությունները լարվում են Արևմուտքի հետ, սերիալի հիմնական կոնֆլիկտը դառնում է պայքարը արևմտյան նենգ լրտեսների, «գաղտնի կոմիտեների» և ՆԱՏՕ-ական դաշնակիցների դեմ։

Իսկ երբ անհրաժեշտ է լինում սրել հարաբերությունները հարևանների հետ, էկրանին անմիջապես հայտնվում են ընդգծված հայկական կամ քրդական արմատներով «ահաբեկիչները», որոնք, ըստ սցենարի, սեփական կամք չունեցող խամաճիկներ են և գործում են արտաքին մութ ուժերի անմիջական ղեկավարության ներքո։

Մեդիա-արտադրության այս տեսակը վաղուց դադարել է սովորական կինո լինելուց. այն Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության քարոզչական դեպարտամենտի ուղղակի էկրանավորումն է, որը հայ սպառողին հրամցնում է իր իսկ ինքնությունը թիրախավորող թույնը։

Այդուհանդերձ, «TurkDizi»-ի պատմական նախագծերի ծավալապաշտական վտանգներն աշխարհում առաջիններից հասկացան արաբական երկրներն ու Հունաստանը, որոնք անմիջապես անցան տեղեկատվական կատաղի հակահարձակման՝ զենքին՝ զենքով, էկրանին՝ էկրանով։

Արաբներն ու հույները որդեգրեցին միակ ճիշտ ու աշխատող ռազմավարությունը՝ թշնամական պրոպագանդային հակադրել միլիոնավոր դոլարներ արժեցող սեփական մեդիա-արտադրանքը և միջազգային լսարանին պարտադրել պատմության սեփական վավերագրությունը։

Այսպես՝ իրական կյանքից ծնվեցին իսկական «սերիալային պատերազմներ», որոնք էկրաններին մղում էին կենաց ու մահու աշխարհաքաղաքական ճակատամարտեր։

Արաբական աշխարհի միասնական ու շանթահարող պատասխանը դարձավ «Արյան թագավորություններ» (Kingdoms of Fire) մոնումենտալ նախագիծը՝ ավելի քան 40 միլիոն դոլար բյուջեով։

Սա արաբական մեդիաինդուստրիայի պատմության ամենաթանկ արտադրանքն է, որի ֆինանսավորումն իրականացրեց արաբական աշխարհի գեոքաղաքական կորիզը՝ Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները։

Նպատակը հստակ էր ու բացահայտ՝ կոշտ դիմադարձ հակահարված TRT-ի նեոօսմանյան քարոզչամեքենային։

Սերիալը պատմում է 16-րդ դարի ողբերգական իրադարձությունների մասին, երբ Օսմանյան կայսրությունը՝ սուլթան Սելիմ Ահեղի գլխավորությամբ, արյան ու հրի միջով նվաճում էր Մերձավոր Արևելքն ու Եգիպտոսը։ Պատումի կենտրոնում մամլուքների վերջին սուլթան Թուման-բեյն է, որը հերոսաբար պայքարում է թուրքական դաժան լծի դեմ։

Ի տարբերություն TRT-ի կեղծարարների, որոնց ֆիլմերում օսմանցիները պատկերված են որպես «մեսիաներ ու փրկիչներ», այս սերիալում նրանք ներկայացված են իրենց իրական կերպարով՝ որպես արյունարբու բարբարոսներ, մշակույթ ոչնչացնողներ, մարդասպաններ ու նվաճողներ։

Էկրանային պատմական ճշմարտությունը ցնցող է. սուլթան Սելիմը պատկերված է որպես հոգեկան ծանր շեղումներով բռնապետ, որը գահին հասնելու մոլուցքով սպանում է հորն ու հարազատ եղբայրներին։

«Արյան թագավորություններ»-ը ջրհեղեղի պես քանդեց ու ոչնչացրեց TRT-ի և ATV-ի՝ տարիներով ու միլիարդներով կերտած «բարի, արդարամիտ օսմանցու» էկրանային միֆը։

Զարմանալի չէ, որ Անկարայի պաշտոնական շրջանակներն ու թուրքական մեդիան կատաղի, հիստերիկ հարձակումներ գործեցին նախագծի դեմ՝ այն որակելով որպես «թուրքատյացության» և պատմության խմբագրման դավադիր դրսևորում։

Թուրքն իսկապես կատաղել էր, որովհետև առաջին անգամ հայտնվել էր զոհի ու պարտվողի դերում։

Թուրքական մեդիա-արշավանքին դիմագրավողների շարքում առանձնահատուկ տեղ ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետության «զուսպ», բայց գաղափարապես ծանրակշիռ հակազդեցությունը։

Իրանը, որն ունի սեփական, աշխարհում ընդունված և ավանդույթներով հարուստ կինոարտադրություն, TRT-ի սելջուկյան և օսմանյան «ասք»-երին պատասխանում է մոնումենտալ պատմական նախագծերով, ինչպիսիք են «Սալման Ֆարսի» կամ «Շահ Աբաս» սպասվող բազմասերիանոց ֆիլմերը։

Թեհրանի էկրանային հակահարվածի հիմքում ընկած է այնպիսի անհերքելի փաստարկ, որը Թուրքիային զրկում է իր պատմական լեգիտիմությունից. իրանական կողմը շեշտը դնում է այն իրողության վրա, որ նույն Սելջուկյան կայսրության մշակույթը, պետական-գրագրության լեզուն, գրականությունն ու վարչական ողջ համակարգը եղել են բացառապես պարսկական, այլ ոչ թե թյուրքական, ինչպես փորձում է աշխարհին համոզել TRT-ի քարոզչամեքենան։

Ցուցադրելով պատմական Իրանի քաղաքակրթական ազդեցությունը՝ իրանական կինոարվեստը հիշեցնում է միջազգային լսարանին. այն, ինչ այսօր Անկարան ներկայացնում է որպես «թյուրքական հնամենի փառք», իրականում եղել է պարսկական մշակութային տիրույթի և քաղաքական համակարգի արգասիքը, որը թյուրք քոչվոր ցեղերը սոսկ յուրացրել են։

Այսպիսով, Թեհրանը մտնում է մեդիա-պատերազմի մեջ ոչ թե կոպիտ ու ագրեսիվ լոզունգներով, այլ քաղաքակրթական գերակայության ցուցադրությամբ՝ էկրանից ջնջելով թուրքական սերիալների ստեղծած «մեծ թյուրքական քաղաքակրթության» փուչիկը։

Արաբական աշխարհի կոշտ հակահարվածին զուգահեռ՝ թուրքական էկրանային նվաճողականության դեմ տեղեկատվական խրամատ փորեց նաև Աթենքը։ Հունական կողմի ռազմավարական գլխավոր պատասխանը դարձավ «Սմիրնա, իմ սիրելի» (Smyrna, My Beloved) մոնումենտալ պատմական դրաման՝ թողարկված ինչպես լիամետրաժ ֆիլմի, այնպես էլ մինի-սերիալի ձևաչափով։

2021 թվականի դեկտեմբերին կայացած համաշխարհային պրեմիերայով հույները միջազգային հանրության սեղանին դրեցին Թուրքիայի՝ խնամքով թաքցվող ու ժխտվող արյունոտ վավերագրությունը։

Ֆիլմը պատմում է Սմիրնայի (Զմյուռնիայի) ողբերգական ճակատագրի՝ 1922 թվականի սեպտեմբերին քեմալականների ձեռամբ քաղաքի հրկիզման և հույն ու հայ բնակչության զանգվածային սարսափելի կոտորածների ու տեղահանության մասին։

Իրադարձությունները հանճարեղորեն կառուցված են հունական հարուստ Բալտաձիս ընտանիքի հուշագրության հիման վրա։ Պատմական բացառիկ ճշգրտությամբ է էկրանավորված Զմյուռնիայի երբեմնի կոսմոպոլիտ ու բազմամշակութային շունչը, որտեղ առանձնակի ու ցավոտ ուշադրություն է դարձվում քաղաքի հայկական և հունական համայնքների ընդհանուր ողբերգությանը։ Ռեժիսորական փայլուն հնարքով՝ ֆիլմի սկզբում և վերջում զուգահեռներ են անցկացվում 1922 թվականի քեմալական յաթաղանից փրկվողների և Լեսբոս կղզի հասնող ժամանակակից սիրիացի փախստականների ճակատագրերի միջև՝ ցույց տալով, որ թուրքական վայրագության ձեռագիրը դարերի ընթացքում չի փոխվել։

Ֆիլմը, որի բյուջեն շուրջ 5 միլիոն եվրո է (հունական կինոարտադրության պատմության ամենաթանկ և մասշտաբային նախագիծը), հիմնահատակ կործանում է թուրքական պաշտոնական այն կեղծ թեզը, թե Մուստաֆա Քեմալն «ազատագրեց» Իզմիրը։

Պատմական այս դրաման աշխարհին ցույց տվեց թուրքական նացիոնալիզմի իրական՝ վայրագ ու մարդակեր դեմքը։

Զմյուռնիայի աղետի և հույների ու հայերի կոտորածների 100-րդ տարելիցին ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ Կոնգրեսում, Վաշինգտոնի քաղաքական հարթակներում, Ջորջթաունի համալսարանում և Եվրոպական խորհրդարանում։

Սա սոսկ կինո չէր, այլ հունական պետության մանրակրկիտ նախապատրաստած և ճիշտ ժամանակին արձակած մեդիա-հարված էր, որը միջազգային ամենաբարձր քաղաքական ամբիոններից շանթահարեց Թուրքիայի միլիարդավոր դոլարներ արժեցող ժխտողական մեքենան։ Հույներն աշխարհին հիշեցրին ճշմարտությունը՝ օգտագործելով հենց այն զենքը, որով Թուրքիան փորձում էր նվաճել մարդկանց ուղեղները։

Ինչպես և ակնկալվում էր, Թուրքիայի պաշտոնական ու մեդիա արձագանքն ընդգծված հիստերիկ էր, կտրուկ և մերժողական։ Ֆիլմի միջազգային հաջողությունը, իսկ ավելի ստույգ՝ ԱՄՆ Կոնգրեսի ու Եվրախորհրդարանի պատերից ներս կազմակերպված ցուցադրությունները, իսկական կատաղություն առաջացրին Անկարայի քաղաքական վերնախավում և լրատվական տիրույթում։

Թուրքական առաջատար քարոզչամիջոցները, հանձինս հանրահայտ «Hürriyet» օրաթերթի, նախագիծն անմիջապես որակեցին որպես «հունական բացահայտ պրոպագանդա»՝ պնդելով, թե ֆիլմը խեղաթյուրում է պատմական իրականությունը։

Տեղական ԶԼՄ-ները հեղեղվեցին «Ներխուժողի ծրագիրը» ոճի ռազմատենչ վերտառությամբ հրապարակումներով։ Նրանք հույներին անվանում էին «ագրեսորներ ու զավթիչներ», ովքեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո օկուպացրել էին Անատոլիան, իսկ 1922-ի սոսկալի սպանդն ու քաղաքակրթության կործանումը անամոթաբար ներկայացնում էին որպես «Անատոլիայի հերոսական ազատագրում»։

Անկարայի առանձնակի կատաղությունն ու դժգոհությունն առաջացրել էր այն փաստը, որ ֆիլմում թուրքական զորքերը բացահայտ, առանց ակնարկների մեղադրվում են հայերի և հույների նկատմամբ իրականացրած ցեղասպանության, մարդկության դեմ գործած ոճիրների ու էթնիկ զտումների մեջ։

Հակադրվելու համար թուրքական քարոզչամեքենան առաջ քաշեց իր ավանդական, կեղծ պաշտոնական թեզը, թե իբր ծաղկուն քաղաքը հրդեհել են հենց նահանջող հույներն ու հայերը, այլ ոչ թե Զմյուռնիա մտած քեմալական բանակը։

Ինչու՞ էր պաշտոնական Անկարան այդքան սարսափած։

Որովհետև բարձր բյուջեով, հոլիվուդյան մասշտաբներով և արևմտյան հայտնի դերասանների մասնակցությամբ նկարահանված այս պատմական դրաման ունակ էր մեկընդմիշտ փոխել ԱՄՆ-ի և Եվրոպայի հանրային կարծիքը՝ աշխարհին ցույց տալով 1922 թվականի ողբերգության ողջ ճշմարտությունը։

Սա ապացուցեց, որ Թուրքիան ամենից շատ վախենում է էկրանային բարձրորակ վավերագրությունից, որը քանդում է իր պատմական ստի կայսրությունը։

Ստացվում է կատարյալ ցինիզմի պատկեր. երբ Թուրքիան հսկայական պետական միջոցներ է ներդնում պատմական կեղծարարության վրա հիմնված սերիալների մեջ (ինչպիսիք են «Հարություն. Էրթուղրուլ»-ը կամ «Արթնացում. Մեծ Սելջուկներ»-ը), երբ բացահայտ խեղաթյուրում է փաստերը, սրբագրում ու արդարացնում օսմանյան արյունոտ նվաճումները՝ դա համարվում է «ազգային հպարտություն» և մշակութային դիվանագիտություն։

Անկարային կարելի՛ է կինոն օգտագործել որպես ագրեսիվ «փափուկ ուժ» և սեփական պատմությունը միջազգային լսարանին հրամցնել իրեն ձեռնտու, սրբագրված լույսի ներքո։ Բայց ուրիշների ճշմարտությունը Թուրքիան անմիջապես որակում է որպես «սադրանք»։

Ստացվում է․

«Ինձ կարելի է ստել ու նվաճել, քեզ չի կարելի նույնիսկ սեփական ցավի մասին ճշմարտությունն ասել»։

Հենց որևէ այլ երկիր, տվյալ դեպքում՝ Հունաստանը, փորձում է էկրանավորել պատմական իրականությունը, որն առնչվում է քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանն ու հայրենազրկմանը, Անկարայի ժխտողական մեքենան անմիջապես միացնում է հիստերիայի կոճակը։ Դա իսկույն կնքվում է որպես «հակաթուրքական քարոզչություն», «պատմության կեղծում» կամ «քաղաքական դավադրություն»։

Թուրքական պաշտոնական թեզն արգելում է ընդունել 1915-1922 թվականների էթնիկ զտումները։

«Սմիրնա, իմ սիրելի» ֆիլմի նման բարձրարժեք նախագծերը հարվածում են հենց այդ արգելքին և կոտրում տասնամյակների լռությունը։ Հենց սա՛ է առաջացնում Անկարայի կոշտ ու ագրեսիվ պետական վախը։

Այս ամենը ցայտուն կերպով փաստում է, որ պատմական կինոն վաղուց դադարել է սոսկ արվեստ լինելուց։ Այն դարձել է գաղափարական պատերազմի առաջնագիծ ու ճակատամարտ, որտեղ էկրանի միջոցով վերականգնվում է պատմական արդարությունը, և որին պետական ամենաբարձր մակարդակով, ատամներով դիմադրում է թուրքական ժխտողական մեքենան։

Այս պատերազմում հաղթում է նա, ով նկարահանում է, իսկ նա, ով լռում է՝ դատապարտված է էկրանային մոռացության։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․1 Լուսանկարում՝ դրվագներ ԱՄՆ Կոնգրեսում և ԵԽ-ում ցուցադրված ֆիլմից։

Հ․Գ․2

Ինչպե՞ս հունական կինոարվեստը հաղթեց թուրքական միֆին։

Համացանցից հավաքված ուշագրավ փաստերը ցույց են տալիս, թե ինչպես է ծախսվել «Սմիրնա, իմ սիրելի» ֆիլմի 4,5-5 միլիոն եվրո ռեկորդային բյուջեն, և ինչու է այն ստացվել այդքան համոզիչ.

1 միլիոն եվրո՝ միայն մեկ դեկորացիայի համար.

Ֆիլմի նկարահանումների համար Աթենքի մոտակայքում գտնվող Ֆալիրոյի ափամերձ գոտում զրոյից կառուցվել է Զմյուռնիայի նավահանգստի և հարակից թաղամասերի հսկայական դեկորացիան։

2,5 ամիս նախապատրաստություն՝ մեկ տեսարանի համար.

Միայն նավահանգստի ահռելի հրդեհի և քաղաքի կործանման տեսարանների բեմադրումն ու բարդ նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երկուսուկես ամիս։

Հոլիվուդյան էֆեկտներ (CGI).

Բյուջեի զգալի մասն ուղղվել է պատմական հագուստների ճշգրիտ վերարտադրմանը, բարձրորակ համակարգչային էֆեկտներին (քաղաքի հրկիզման սարսափը էկրանին ստեղծելու համար) և միջազգային աստղերի ներգրավմանը։

Հայկական հետքը ֆիլմի կորիզում․

Ամենացավոտ ու կարևոր փաստն այն է, որ ֆիլմում հայկական համայնքի ողբերգությունը մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկը՝ Թագուհին (Takoui)։ Սցենարի համաձայն՝ այս հայուհին հրաշքով վերապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և փորձում է նոր կյանք սկսել Զմյուռնիայում՝ աշխատելով հունական ընտանիքում, որտեղ նրան կրկին հասնում է թուրքական յաթաղանը:

Ովքե՞ր են կերտել Թագուհու կերպարը.

Էկրանին Թագուհու դերը հանճարեղորեն մարմնավորել է հունաբնակ հայտնի դերասանուհի Թամիլա Կուլիևան (Tamilla Koulieva)։

Իսկ բեմում, նախքան ֆիլմ դառնալը, երբ այս պատմությունը տարիներ շարունակ անշլագներով բեմադրվում էր Աթենքի թատրոնում, Թագուհու դերը կերտում էր հանրաճանաչ հունահայ դերասանուհի Քրիստինա Ալեքսանյանը (Christina Alexanian)։

Ֆիլմի զանգվածային տեսարաններում (փախստականների աղերսալի տեսարաններում և կոտորածների դրվագներում) ներգրավված հարյուրավոր էպիզոդիկ դերասանների թվում եղել են նաև Հունաստանի տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր էկրանին խաղում էին իրենց սեփական պապերի ու տատերի իրական ողբերգությունը։

Դիտվել է՝ 588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ