Կան թվեր, որոնք պատմության մեջ դրոշմվում են ոչ թե որպես սովորական օրացուցային էջեր, այլ որպես ազգային ճակատագրի բեկումնային սահմանագծեր։
6 տարի առաջ այս օրը ստորագրվեց այն փաստաթուղթը, որը դարձավ մեր ժամանակակից պատմության ամենածանր հարվածը: նիկոլ փաշինյանի գլխավորած իշխանությունը ստորագրեց կապիտուլյացիան՝ ճանապարհ հարթելով Արցախի հետագա հայաթափման և մեր պետականության հիմքերի էրոզիայի համար։
Այդ օրվանից ի վեր հայ ժողովուրդը ներքաշվեց բարոյական, հոգեբանական ու արժեքային խոր ճգնաժամի մեջ։
Վերջին տարիներին մենք ականատես եղանք հոգեբանական ամենանենգ գործընթացին: Պարտված իշխանությունը, սեփական մեղքն ու պատասխանատվությունը փոշիացնելու համար, հասարակությանը ներարկեց ապատիա և վախ։
Մեզ ներշնչեցին «զիջիր, որ ապրես» կեղծիքը, թե արժանապատվությունը վտանգավոր է, իսկ գոյատևման միակ ճանապարհը անվերջանալի նվաստացումն է։
Սակայն պատմությունը ծաղրում է թույլերին, և ամեն մի զիջում ոչ թե խաղաղություն է բերել, այլ նոր վերջնագիր։
Երբ պարտության պատասխանատուն հայտարարում է, թե «ժողովուրդն է մեղավոր» կամ «բանակն էր թույլ», դա ոչ թե վերլուծություն է, այլ ազգային ողնաշարը վերջնականապես ջարդելու փորձ, որպեսզի ոչ ոք այլևս գլուխը բարձրացնելու իրավունք չունենա:
Պարտության բեռը սեփական ժողովրդի և բանակի վրա բարդելու փորձերը դարձան բարոյական այն անդունդը, որտեղից հասարակությունը պետք է դուրս գա հստակ քաղաքական ու բարոյական գնահատականով։
Մեր առաջնահերթ խնդիրն է կոտրել անտարբերությունը և վերանայել մեր հավաքական ընթացքը:
Միասնություն՝ հանուն պետականության: Հաղթահարել «սևերի» և «սպիտակների» արհեստածին բաժանումը։ Մեր միասնությունը պետք է ձևավորվի ոչ թե անձերի, այլ ազգային իդեալների, ուժեղ պետության և արժանապատիվ ապագայի շուրջ։
Վերջ տալ զոհի հոգեբանությանը և անվերջանալի զիջումների տանող կործանարար քաղաքականությանը։
Նոյեմբերի 9-ը պետք է դառնա ոչ թե հավերժական սգո, այլ սթափեցման և ազգային արթնացման օր։ Պատմությունը ցույց է տվել, որ ամենախոր անկումներից հետո հնարավոր է վերելքը, եթե հասարակությունը գտնում է ներքին ուժ՝ դատապարտելու սխալները և քաշելու իր վերջնական կարմիր գիծը։
Մենք պարտավոր ենք մեր նախնիների հիշատակի և ապագա սերունդների առջև վերականգնել մեր պետականության պատիվը։
Ժամանակն է թոթափելու պարտվողականության բեռը, միավորվելու և կերտելու նոր, ինքնիշխան ու հզոր Հայաստան։
Փա՜ռք նահատակներին և կեցցե այն հաղթանակած Հայաստանը, որ վաղն է գալու:
Հայկ Մովսիսյան