Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

«Ո՞վ է սա մարդը՝ հիմարանոցեն փախած խե՞նդ է, թե հիմարանոց երթալու հիմար»

«Ո՞վ է սա մարդը՝ հիմարանոցեն փախած խե՞նդ է, թե հիմարանոց երթալու հիմար»
27.08.2025 | 20:22

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ (19 նոյեմբեր, 1843 թ., Ադրիանապոլիս - 27 մայիս, 1891 թ.,Կ.Պոլիս) մահից անցել է ուղիղ 134 տարի:

Ով ինչպես, չգիտեմ, բայց ինքս, օրինակ, չեմ հավատում:

Անհավատությանս պատճառը ոչ թե 134 թիվն է, այլ այն փաստը, թե իբր երգիծաբանն արդեն դարից ավելի է, ինչ ապրում է մեկ այլ՝ արդար աշխարհում:

Որոշեցի կրկին ապացուցել, որ հակառակ բնության օրենքներին, անհրաժեշտ պահերին իր անցյալից նա զրուցում է ներկայում ապրողներիս հետ, խորհրդածում մեր ժամանակների ու մեր օրերի Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին:

Չե՞ք հավատում:

Իզու՜ր:

Աշխատանքային գործունեությանս ընթացքում այս էլ երրորդ հանդիպումն է՝ Եղիա Տեմիրճիպաշյանի բնութագրմամբ՝ «թանձր խավարում փայլող հանճարի» հետ:

Ասել է՝ երեք անգամ նա «եղել» է իմ հյուրը և երկա՜ր զրուցել ենք տարբեր թեմաներով:

- Պարոն Հակոբ, շնորհակալություն «հրավերքիս» արձագանքելու համար:

- Ես եմ շնորհակալ Ձեզմե: Յուսամ, որ այս անգամ էլ ընթերցողը ներողամիտ ոգով պիտի նայի խոսքերնիս թերութիւններուն՝ մենք ինքզինքնիս վարձատրուած պիտի համարինք, երբ տեսնենք, որ սա զրույցն իւր նպատակին հասած է:

- Հուսանք: Մեր նախորդ հանդիպումից անցել է շուրջ 23 տարի: Այդ ընթացքում, ավելի ստույգ՝ 2018-ից մինչ օրս, տեղի են ունեցել կործանարար փոփոխություններ ու համազգային ողբերգություններ: Խախտվել են իրավական, քաղաքական, բարոյական բազում նորմեր ու սահմանադրական հոդվածներ: Երկրում տոտալ ռեպրեսիաներ են: Հընթացս շագրենի կաշվի նման կծկվել են ոչ միայն Հայաստանի սահմանները, այլև ավերվել-կորսվել են հայի ինքնությունն ու ազգային արժանապատվությունը:

- Միտքս բան մը կայ, չմոռցած հարցունեմ՝

ու՞մ մեղքով:

- Նրա, որ իրեն կոչում է Հայաստանի եկած ապագա, իրականում, սակայն, քայլող մահասփյուռ մեղք է, չարիք:

Նա Ձեր գրական հանրահայտ կերպարներից մեկի՝ նորօրյա եղծված պատճենն է: Փոքրիկ տարբերությամբ միայն, եթե «Ազգային ջոջերի» սրա նախատիպ երևելին պնդում էր.

«Լաւ է սրբազան պապին ոտները համբուրել, քան Էջմիածնայ եպիսկոպոսներուն ձեռները», ապա նրա խոտան կրկնօրինակն առավել գործնական է: Ոչ միայն համոզում է, թե ավելի լավ է Թուրքիո քաղաքական ու հոգևոր առաջնորդների ոտքերը լիզել, քան համբուրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մյուս սրբազանների աջերը, այլև որպես աներեր անձնավորություն, որը երբեք չի դրժում խոստումը, իրագործում է մտածածը և օրինակ ծառայում համայն հայությանը:

- Իրա՞վ: Մենք մինչև մարդու երիկամունքը չքննենք և անոր չարագործ, անխիղճ, ազգակործան ըլլալուն խղճովնիս չհամոզվինք, անոնց վրա ո՛չ թե բառ մը, տառ մը անգամ չենք կրնար գրել: Հետևաբար՝ ապացույցներ:

- Փաստերի օվկիանոս է: Վկայակոչեմ ամենաթարմը:

2025-ի մայիսի 27-ից սկսած, ամենօրյա ռեժիմով հայհոյախոսեց, բամբասեց, զրպարտեց Առաքելական եկեղեցուն, հոգևոր առաջնորդներին:

Հետո սև-սպիտակ «ոչխարավորների» արյան կանչին հարազատ ավազակային հարձակում կազմակերպեց Մայր Աթոռի վրա:

- Անիկա օսմա՞ն է:

- Արյան բաղադրության, կամ ինչպես մեր օրերում են ասում՝ ԴՆԹ անալիզի արդյունքներին ծանոթ չեմ: Բայց բոլոր քայլերն այդ են վկայում:

Ի վերջո, բանսարկություններով ապօրինի կալանավորեց երկու եպիսկոպոսների:

Իսկ հունիսի 20-ին, իբր աշխատանքային այցի շրջանակներում, ինչ-որ մոլլայի ուղեկցությամբ, երջանկությունից հալվելով ու փտած ատամնաշարը ցուցադրելով մերկոտն մտավ Պոլիսի հանրահայտ Կապույտ մզկիթ:

- ՈՒ լիզեց իմամի ոտքե՞րը:

- Ոչ կարող եմ ժխտել, ոչ էլ՝ հաստատել: Այցի սյուրռեալիստական մանրամասները հույժ գաղտնի գրիֆով են:

- Բայց ինչու՞ համեմատեցիր դրան Տերոյենցի հետ: Յովհաննէս պատուելին, որ օգնականն էր Պետրոս Առաքեալին, նաև աստուածաբան էր, մատենագիր, փաստաբան դեւերու, լեզուագէտ, մաթեմաթիկոս, խմբագիր, դասատու, կրիտիկոս:

Չնայած՝ իւր ծննդեան հետեւեալ գիշերը ծնան դեւերը, որոնց գոյութիւնն այն թուականէն ի վեր հաստատուած ճշմարտութիւն մ՚է:

- Թվարկված շնորհներին զուգահեռ մերօրյա նմանակերպը, նաև էթիկայի հմուտ «գիտակ» է, սաղմոսերգու , բանաստեղծ, սցենարիստ, մեծ հավատաքննիչ, խոհարար, դերասան:

Ըստ անհրաժեշտության, նույն հաջողությամբ դեմքին կարող է քաշել թե ողբերգակի, թե կատակերգակի դիմակ:

- Աշխարհիս սանձերը բռնող քաղաքագէտներն ալ երեսնուն դիմակ կ՚անցունեն (ամէն օր): Բայց անոնք մեզմէ որոշուելու համար մարդու պատկեր չեն դներ, այլ կենդանիի պատկեր կը դնեն երեսնուն վրայ. օրինակի համար մին` արջու պատկեր, ուրիշ մը` աղուէսի պատկեր, ուրիշ մը` գայլի պատկեր եւ այլն, եւ այս պատկերներով իրարու ներկայանալով` քատրիլ կը խաղան ու մեր բախտը կ՚որոշեն…

Աշխարհիս վրայ առաքինութիւնն իր նշանակութիւնը կորուս. անբարոյականութիւնը բարոյականութեան դիմակով արձակ համարձակ կը պտտի կոր:

- ՈՒ այդ խառնիճաղանջում ազատ-անպատիժ շարունակում է ծլել-ծաղկել Ձեր հանրահայտ հերոսի ճմռթած այս արտապատճենը:

ՈՒ եթե իրական Չամուռճյանը «ինք ամէն ճիգ կը թափէր դեւերու գոյութիւնն հաստատել իւր գոյութեամբը», սա առանց ճիգերի, վարքի արտառոց դրսևորումներով ու հանրային միտքը ցնցող գործողություններով արդեն հաստատել է, թե դևերի գոյությունը, թե իր ով լինելը:

- Ճշտող հարց մը՝ ան ի՞նչ կուտե կոր:

- Պարոն Հակոբ, չընկալեցի հարցի իմաստը: Ինչո՞վ են զուգահեռվում սննունդը, ազգային արժանապատվությունն ու մյուս խնդիրները:

- Կերակուրները մեծ ազդեցութիւն ունին մարդուս կարծիքներուն վրայ։ Կը ճանաչեմ մէկն, որ տարի մը առաջ իւր կեանքը պանիր հացով կ՚անցնէր, եւ ամէն օր ազգային գործերուն վրայ կը խօսէր, իսկ հիմա որ կովու միսով կ՚ապրի՝ ազգային խնդիրներու վրայ խօսողները կը ծաղրէ։

- Սա խոզի մսով է ապրում: Եվ ոչ միայն ծաղրում է, այլև համատարած բանտարկում: Եվ բոլոր չարագործությունները բարեպաշտության քողի տակ: ՈՒ այնպես է խոսում, որ հաճախ թարգմանչի կարիք է զգացվում:

- Հայերենի՞ց:

- Որպես Ձեր հարցի պատասխան` մեջբերում նրա կենդանի խոսքից.

«Երբ մենք քաղաքացուն ասում ենք՝ երթևեկության կանոնը խախտի, փողը տու, քշի, երթևեկության կանոնը խախտի, փողը տու, քշի, երթևեկության կանոնը խախտի, փողը տու, էլի քշի, երթևեկության կանոնը խախտի, էլի փողը տու, էլի խախտի, էլի փող տու, էլի խախտի, էլի փող տու, էլի խախտի, էլի փող տու, էլի խախտի, խախտի, փող տու, խախտի, փող տու, փող տու, խախտի․․․»

- Ո՞վ է սա մարդը, հիմարանոցեն փախած խե՞նդ է, թե հիմարանոց երթալու հիմար։

- Ինչպես ասում են՝ երկուսը մեկում: Եվ այդ պերսոնը ՀՀ վարչապետ է աշխատում: Մի մեջբերում էլ նրա մտքի գոհարներից.

«Այսինքն դուք մտածում էիք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի Ռուսաստանի համանախագահության և Մինսկի խմբի տասնը քանի անդամ, թե երկրների շահերը ընենց են համընկնում, հեսա իրանք գալու են էն նենց են անելու, էն նենց են անելու, էս սենց են անելու, էն նենց են անելու՞: Եթե էս տրամաբանությունից նայենք, մենք ընդհակառակը, ասըմ ա դու ուրեմը ոչ թե բան ես աշխարհաքաղաքական ինչ ե՞ս… քաղաքականության սուբյեկտ ես, այլ չգիտեմ լարից քցել են մեշոկի մեջ և այլն, և այլն: Կներեք, լավ էլ չի ասելը, բայց մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից շպրտել են էն կողմ: Էդ չեք նկատե՞լ: Բա էս ի՞նչ էր, եթե ոչ աշխարհա-քաղաքական մրցակցություն»:

Կարողացա՞ք ինչ-որ բան հասկանալ:

- Թարգմանե՞մ:

- Եթե կարելի է:

- Մոտավորապես՝ «կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջա¬րեղենին դեմ․ իսկ հիմա անցան այն ժամանակները․ անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք՝ լույս, անոնք տգետ են, և մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք՝ գրիչ, անոնք ատելություն են, մենք՝ սեր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ․ անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը ասդին, մեյմը անդին կերթար, կուգար․․․

Այո՛, մարդկությունը կը չարչարվեր, կը նախատվեր անգութ բռնավորներու ձեռքեն և չէր գիտեր, որու երթալ և որու բողոքել»։

Շատ կարևոր հարց մը՝ որտե՞ղ ըսել էր յուր «ճառը»

- Ազգային Ժողովում:

- ՈՒ ոչ մեկ երեսփոխան չըսա՞վ՝ «պապանձվիր հիմար»:

- Ոչ:

- Անգամ չգտնվեց երեսփոխան մը, որ ամոթից կարմրե՞ր:

- Փառասիրությունը թույլ չտվեց: Պատգամավորների փոխարեն ամոթից առավել կարմրատակեցին դահլիճի կարմիր աթոռները, որոնք տարբեր գումարումներում բազում ու բազմազան անկապությունների մարմիններ էին կրել իրենց նստատեղերին, բայց ո՛չ երբեք նման ստորաքարշ ընդոծինների:

- Ո՜վ փառասիրություն, իրավ է, որ դուն երբեմն խելացիները հիմար և հիմարները խելացի կընես:

- Մի ամբողջ երկիր ծանրության ուժի ազդեցության փոխարեն աննորմալ մեկի կամքին հանձնված ազատ անկման օրենքներով առանց որևէ հակազդեցության ուղիղ դեպի կործանում է ընթանում ու չկա թեկուզ և մեկը, որ փորձի խոչընդոտել ամենակուլ այդ ընթացքը:

- Հառաջիմություն կը պոռանք և ետ ետ կերթանք, լույս կը պոռանք և դեպի խավար կերթանք, աջ կը կոչենք և դեպի ձախ կերթանք, ապագա կըսենք և դեպի անցյալը կը վազենք:

- Ներկայացրիք կեղծ բարեպաշտի քաղաքականության իրական դեմքը:

- Տէրոյենցի բարեպաշտութիւնը, սակայն, առած դարձած է: Վկայութիւններու կա¬րօտութիւն էլ չունի: Ծնած օրէն սկսաւ պահեցողութեան. չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, երբ մայրը ծիծն անոր բերանը կը դնէր, Տէրոյենց կը մերժէր, նետե¬լով իւր մօրը վրայ այնպիսի նայուածք մը` որ կը թարգմանուէր, ինչու կը ստի¬պես զիս պահքս աւրել, մայրիկ:

Ծոմապահութեամբ ալ ոչ նուազ նշանաւոր է Պատուելին. եթէ այսօր դասատու մը կամ խմբագիր մը դրամ չունենայ հաց առնելու եւ մինչեւ իրիկուն անօթի մնալ ստիպուի` Տէրոյենցի պէս բարեպաշտ է, կ՚ըսեն:

- Հա՜: Մեր հերոսը, որքան էլ խոսքով հավատացնում է, թե օրերով սոված է մնացել՝ պաս է պահել, իրողությունն այլ բան է վկայում:

- Պահքն աւրե՞լ է:

- Ես վկայակոչեմ փաստը՝ հետևությունը թողնելով Ձեզ:

- Հետաքրքիր է:

- Մեր նախորդ հանդիպումներից մեկի ընթացքում բացատրել եմ, թե ինչ են հեռուստաեթերն ու հեռատեսիլը:

- Կը հիշեմ, անշուշտ:

- Եվ ուրեմն՝ այս տարի ամենախորհրդավոր` Սուրբ Ծննդյան տոնի առավոտյան, սրա տիկինը, հանրության աչքի առաջ իրոնիկ ժպիտը դեմքին, հետևում էր, թե մորուքը սափրած ու նոր դերի մեջ մտած անկողնակիցը, ամանորյա սեղանից մնացած հին մսամթերքի կռճոններով, ոնց է բերանի ջրերը շաղ տալով, «լիցքավորում» տապակած սոխը և գոլորշիա-ճենճախառն տժժոց-թշշոցը զուգակցում 30-40 հարած հավկիթի հետ:

- Չամուրճեան ավելի էսթետ էր:

Պրուսա անցուց իւր մանկութեան եւ պատանեկութեան օրե¬րը: Ամէն առաւօտ կանուխ եկեղեցի կ՚երթար: Իւր աղօթքին մէջ երկնից արքայութիւնը կը խնդրէր:

- Սա էլ ամեն առավոտ ծաղրում է՝ իրեն անվերապահորեն ընդունող, այն է՝ տիրասեր հանրությանը: Պիղծ բերանով սաղմոսներ է կարդում ու խաբում ժողջանին:

- Տիրասէր բառը, որ հայոց համար յաճախ կը գործածեն, սահմանադրութեան եւ ազատութեան դարու մէջ խիստ անախորժ կը հնչէ կոր ականջիս, որովհետեւ գերիներու, ստրուկներու եւ շուներու համար կը գործածուի ընդհանրապէս այդ բառը:

Ներեցէք համարձակութեանս, բայց կը խնդրեմ, որ եթէ կարելի է, պզտիկ զոհողութիւն մը ընելով` այդ բառը չգործածէք այսուհետեւ հայոց ազգին համար:

Գանք մեր հիմնական թեմային. Քրիստոսի հրաշափառ հայտնության տոնը հայու համար հոգևոր այլ խորհուրդ ունի, և սեղանին դրվող կերակրատեսակներն էլ խորհրդանշական պետք է ըլլան:

- Այր ու կին, սակայն. հեռատեսիլով ի ցույց դրեցին, որ կապ չունեն հայի` դարերի կնիքով զմռսված և գոյության իրավունք ստացած ավանդույթների ու առաքելական հավատքի հետ:

Սա հաստատված արարողակարգային ավանդույթի համաձայն՝ Էջմիածնում Կաթողիկոսի մատուցած Հայրապետական պատարագին ներկա գտնվելու փոխարեն, աշխարհի ամենատես աչքի առաջ, յուր տիկնոջ լպիրշ խրխնջոցի ուղեկցությամբ ձվածեղ էր խժռում` hսկայական լագան, ժողովրդի ասած «лоханка» հիշեցնող թավայից:

- Ըստ իս՝ ասանկ կիներու ականջները կտրելու է։

- Պարոն Հակոբ, Ձեր ասածն աբսուրդի ժանրից է՝ այդ կինն ինքն է հայտնի «ականջկտրող»:

- …

- Ինչևէ, հիշյալ տիկինն առանց կարմրելու հետևում էր, թե էթիկայի մեծ գիտակ զուգընկերը, երշիկա-խոզապուխտախառն մի մեծ դեզով բեռնավորած պատառաքաղն օդում պարացնելով, ինչ հեքիաթ էր պատմում.

«Սրա ամբողջ իմաստն էն ա, որ պտի դնես ու միանգամից ուտես: Առանց ափսեի, բանի… Ճիշտ ա, լիքը կքննադատեն մեզ դրա համար, որ ապաշնորհ ձևով ենք ուտում, բայց է՛ս ա…»:

- Իսկապես էլ՝ երբեմն այնպիսի պարագաներ կ՚ըլլան, ուր մարդս երանի՜ կը կարդայ անասուններուն։

(շարունակելի)

Զրուցեց՝ Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Գծանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ