Շնորհալի նկարչուհի Սոնա Համբարձումյանի ընծան հոգեկան մեծ ուրախություն պարգևեց: Անսահման ուրախություն է, այո, որ երիտասարդ արվեստագետուհին կամեցել է վրձնել Մայր Տաճարը, մեր համբուրելի Սրբություն Սրբոցը: Պատկերվել է Մայր Տաճարի ՀՈԳԻՆ ու ՈԳԻՆ, պատկերվել է անտեսանելին ու անշոշափելին, որն արտահայտվել է հանձինս Տաճարում ի մի եկած աղոթարար հայորդյաց:
Ովքեր ընդմիշտ Մայր Տաճարում են, ովքեր հավետ կապված են աստվածակերտ Սուրբ Էջմիածնին:
Աղոթք, խաղաղություն, հույս, լույս և զորություն է ճառագում կտավից. վստահ, նկարչուհու հոգևոր ապրումների ու զգացմունքների, նրա մեջ թևածող աստվածային շնորհի ծնունդն է այս նկարը:
Երանի՜ այս պատկերը մարմնանար մեր կյանքում, որտեղ ամեն ոք սիրո սուրբ ողջույնով կկերտեր միասնություն, լույսի, հույսի, հզոր Հայրենիք:
Մեր Ազգն ու մեր Հայրենի երկիրը կապրեն և կհարատևեն միմիայն սուրբ միությամբ, որի աստվածահաստատ վեմը անհաղթելի և մեծ,
շնորհաբաշխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:
Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ