Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ռուսաստանում հասկացել են, որ լիբերալ-ժողովրդավարական եվրոպական մոդելը Ռուսական ուժեղ պետության գոյության հետ անհամատեղելի է

Ռուսաստանում հասկացել են, որ լիբերալ-ժողովրդավարական եվրոպական մոդելը Ռուսական ուժեղ պետության գոյության հետ անհամատեղելի է
20.08.2025 | 15:30

Ինչպես էլ ավարտվի պատերազմն ՈՒկրաինայում, այն, միևնույնն է, լինելու է Ռուսաստանի օգտին։ Խոսքը չի վերաբերում տարածքային ընդլայնմանը, խոսքը չի վերաբերում նրան, որ ծայրագույն պատժամիջոցների պայմաններում կարողացավ վերախմբավորվել ու դիմագրավել։ Խոսքը վերաբերում է նախ և առաջ Ռուսական պետության ռազմավարական վերաիմաստավորմանը։

Ժամանակակից Ռուսաստանի հիմնական խնդիրը հետխորհրդային առաջին տարիներից ձևավորված գաղափարա-քաղաքական ծայրահեղ հոսանքների դիմակայությունն է եղել` լիբերալ-ժողովրդավարական, որը կուրորեն կարծում էր, որ Արևմուտքը և առաջին հերթին` Եվրոպան պատրաստ է Ռուսաստանին ընդունել իր ընտանիքի կազմ և, այսպես կոչված, սլավոնաֆիլների կամ եվրասիական գաղափարա-քաղաքական կոնցեպտը, որը տափաստանային շատ արհեստական քաղաքակրթական միջավայրում Ռուսաստանի համար առանձնացնում էր կենտրոնական դիրք։ Դեռ նախորդ դարի 20-30-ականներին ձևավորված այս հոսանքը (Ստալինն այն համարում էր «»սիրողական ահեթեթություն) նույնիսկ կարծում էր, որ ուղղափառ հավատը իսլամի հետ ավելի շատ ընդհանրություններ ունի, քան՝ արևմտյան քրիստոնեության։ Ստալինի բնորոշումն իսկապես ճիշտ էր, որովհետև եթե շիականության հետ որոշ ընդհանրություններ կարելի է գտնել, ապա սունիականության, սուֆիզմի և վահաբիզմի հետ դրանք շատ ավելի քիչ են կամ ընդհանրապես չկան։

Ռուսաստանի զարգացման ուղին երկու ծայրահեղությունների միջակայքում կարող է լինել, որովհետև երբևէ և որևէ պարագայում Եվրոպան Ռուսաստանը չի ընկալելու որպես իր կառուցակարգի լիիրավ բաղադրիչ (նույնը վերաբերում է նաև Ուկրաինային ու Բելառուսին), որևէ պարագայում տափաստանը չի կարող դառնալ ռուսական կայսերական հավակնությունների բավարար իրագործման միջավայր։

Հատուկ ռազմական գործողություններն Ուկրաինայում ցույց տվեցին, որ գաղափարա-քաղաքական երկու հոսանքներն էլ անարդյունավետ էին։ Սա Ռուսաստանում հասկացել են, և դա նշմարվում էր նրանց որոշ գործողություններից։ Հասկացել են, որ եվրասիական կոնցեպտի շրջանակներում կայացված պայմանավորվածություններն ունեն հուսալիության նվազ աստիճան, ինչպես, օրինակ, Ադրբեջանի և Ղազախստանի պարագայում։ Այս առումով, ի դեպ, Դուգինի վերջին մեղադրանքը ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությանը ավելի շատ արդարանալու խղճուկ փորձ էր և համարձակության բացակայության ընդգծում, որ եվրասիական ուռճացված գաղափարա-քաղաքական կոնցեպտը սիրողական անհեթեթության դրսևորում էր։

Բացի այդ, Ռուսաստանում հասկացել են, որ լիբերալ-ժողովրդավարական եվրոպական մոդելը Ռուսական ուժեղ պետության գոյությանը անհամատեղելի է, և որ Եվրոպան Ռուսաստանի հետ պատրաստ է գործել իռացիոնալ, միայն թե Ռուսաստանի համար հարաբերություններից բխող շահավետությունը նվազեցնի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3420

Մեկնաբանություններ