Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Պետությունը կործանման վտանգի առաջ է, իսկ պետական ինստիտուտները գործում են դավադրաբար

Պետությունը կործանման վտանգի առաջ է, իսկ պետական ինստիտուտները գործում են դավադրաբար
30.07.2025 | 15:20

Երբեմն ամենաանկեղծ և նույնիսկ աննկատ վարքային փոփոխություններն առավել բարձրաձայն են, քան բազմաժանր քաղաքական ճառերը։ Վարքագծի այն փոփոխությունը, երբ մարդ դադարում է շնորհավորել, սպասել շնորհավորանքների, մասնակցել ուրախ հանդիսություններին կամ անգամ փողկապ կապել՝ մերկ ու խորքային արտահայտությունն է այն գոյաբանական ճգնաժամի, որը հաղթահարված չէ, այլ միայն խորացել է 2020-ի պարտությունից հետո։

Այո, ժամանակին մենք սովորություն ունեինք գրեթե մեխանիկորեն շնորհավորել միմյանց ծննդյան օրերը՝ որպես սոցիալական արարողակարգի բաղադրիչ։ Մենք միմյանց համար կաղապարային լավ խոսքեր էինք գրում, սպասում էինք, որ մեզ էլ շնորհավորեն, մի խոսքով՝ շարժվում էինք կենցաղային կյանքի սովորական տրամաբանությամբ։ Բայց կա մի սահման, երբ կենցաղը դադարում է լինել նորմալության նշան։ Այդ սահմանը մեր հասարակության համար աներկբա հատվեց պատերազմով, նահատակներով, ազգային արժանապատվության կորստով։

Այդ պահից ի վեր ուրախության մղումն այլևս չի ընկալվում որպես հոգեվիճակ, այլ՝ որպես բարոյական դավաճանություն։ Դադարել եմ շնորհավորել, դադարել եմ սպասել շնորհավորանքի, հեռացրել եմ ծննդյանս օրը նույնիսկ սոցցանցային իմ էջից՝ ոչ թե հպարտ կամ ճգնավոր հոգեվիճակից ելնելով, այլ խորքային ներքին համոզմունքից, որ ունենք անպատասխան մնացած ավելի կարևոր հարցեր, քան բարեմաղթանքն է։ Ցավի զգացողությունը չի հանգչում, երբ ազգային կորուստը շարունակվում է։

Խուսափում եմ մեծ հանդիսություններից։ Չեմ կապում փողկապ՝ ոչ այն պատճառով, որ արհեստական արտաքին շքեղությունը հակասում է իմ ճաշակին, այլ որովհետև այն այսօր խորհրդանշում է մի բան, որի մեջ այլևս չկա ճշմարտություն։ Երբ երկիրը կորցնում է իր հողը, իր ինքնությունը, երբ հոգևոր ամրոցներն են վտանգված, իսկ հանրությունը՝ լուռ, ապա հանդիսությունը, սեղանի շուրջ խրախճանքն ու կենացները նմանվում են նրան, երբ ընտանիքը՝ թաղումից հետո, հոգեհացի սեղանի շուրջ սկսում է թեթև թռվռալ։

Սա ոչ թե անձնական ապրում է, այլ քաղաքացիական մերժում։ Մերժում՝ առ հասարակական այն անտարբերության, այն կեղծ «նորմալացման», որը փորձում է ծածկել իրականությունը, նրա ամբողջ ողբերգությամբ։ Այդ մերժումը գործնականում դառնում է քաղաքական վերաբերմունք, որը հակադրվում է ազգի վերապրումը ժխտող, պարտությունը «խաղաղության օրակարգի» անվան տակ լեգիտիմացնող մոտեցմանը։

Ոչ մի շնորհավորանք, երբ հայրենիքի մի մասը օկուպացված է։ Ոչ մի փողկապ, երբ պետությունը կործանման վտանգի առաջ է, իսկ պետական ինստիտուտները գործում են դավադրաբար` առանց ազգային օրակարգի ու արժանապատվության։ Եվ ոչ մի խրախճանք, երբ ազգը կանգնած է ոչ թե դիմագրավումների ու ընտրությունների, այլ իր իսկ գոյության եզրին։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ