Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Այդպիսի ընթացակարգերը» և ընտրությունները

«Այդպիսի ընթացակարգերը» և ընտրությունները
21.07.2012 | 15:07

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայացած նախագահական հինգերորդ ընտրությունները, ինչպես և նախորդ չորսը, միջազգային հանրությունը գերադասեց չճանաչել` ԼՂՀ-ի չճանաչված լինելու պատճառով: Այնուամենայնիվ, այս չճանաչումի մեջ կային որոշակի տարբերություններ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արձանագրում է.«Համանախագահները ընդունում են ԼՂ դե ֆակտո ղեկավարության կողմից տեղի բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական կերպով կազմակերպելու անհրաժեշտությունը այդպիսի ընթացակարգերով: Այնուամենայնիվ, համանախագահները նշում են, որ իրենց 3 պետություններից ոչ մեկը, ինչպես նաև ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համանախագահները ընդգծում են, որ հուլիսի 19-ի գործընթացները չեն կանխորոշի ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կամ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացիկ բանակցային գործընթացի արդյունքը»: 2007 թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրություններից հետո արված հայտարարությունը ևս արձանագրում էր ԼՂՀ-ի ճանաչված չլինելը, բայց չէր անդրադառնում «ժողովրդավարական եղանակով հանրային կյանքը կազմակերպելու անհրաժեշտության ընդունմանը»:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը դեռ ընտրություններից առաջ էր հայտարարել, որ ԵՄ-ն չի ճանաչում այն սահմանադրական և օրինական շրջանակները, որում անցկացվում են ընտրությունները: Այս «ընտրությունները» չեն կանխորոշի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի փոփոխություն` հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում: «Ես վերահաստատում եմ ԵՄ-ի սերտ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել` գտնելու հակամարտության խաղաղ բանակցային կարգավորում` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան ստատուս քվոյի հարցում առաջընթաց գրանցել: Ես վերահաստատում եմ ԵՄ-ի պատրաստակամությունը` աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ»:
«Россия 24» հեռուստաալիքը հաղորդել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի գնահատականը. «Մենք, ինչպես և աշխարհի մյուս երկրները, Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում որպես անկախ պետություն և չենք կարծում, թե խաղաղության գործընթացի արդյունքները կախված են այնտեղ, այսպես կոչված, «ընտրությունների» անցկացումից: Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին` հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի այլ հիմնարար փաստաթղթերի հիման վրա. ուժի չկիրառում, ուժային սպառնալիքների չգործադրում, իրավահավասարություն, ազգերի ինքնորոշում ու տարածքային ամբողջականություն: Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ հետևողական աշխատել կողմերի հետ` համանախագահող մյուս երկրների փոխգործակցությամբ ու 2009-2012 թթ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում շարադրված դրույթների հիման վրա»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը գտնում է, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: «Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, նրանց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան: Չեմ կարծում, որ ժողովրդավար որևէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելևս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով: Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Իսլամական համագործակցության կազմակերպության, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի արձագանքները, հասկանալի պատճառներով, մնում են նույնը: Նրանք չեն ճանաչում ընտրությունները: Բայց այդ փաստը ոչինչ չի փոխում, միայն վկայում է սեփական շահերի պաշտպանությունը: Ի վերջո` որևէ հայտարարություն, որևէ գնահատական, որ արձանագրում է Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները չճանաչելու փաստը, չի առաջարկում այլընտրանք` չի ներկայացնում համարժեք առաջարկ` իսկ ի՞նչ պետք է անի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Վիճակահանությա՞մբ կառավարվի, թագավորությու՞ն վերականգնի, կազմաքանդի պետությունը և միջազգային հանրությանն ասի` դուք ճիշտ եք, հիմա ասեք` ինչ անե՞մ:
Նախնական տվյալներով գործող նախագահ Բակո Սահակյանը ստացել է ընտրողների ձակների 66,7 տոկոսը: Պաշտպանության նախկին փոխնախարար, Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանը ստացել է ընտրողների ձայների 32,5 տոկոսը: Եթե նկատի ունենանք, որ նախորդ ընտրություններում նախագահները 85 տոկոսից պակաս ձայներ չեն հավաքել, այս ընտրությունները իսկապես մրցակցային են եղել: Նախորդ ընտրություններից հետո ԼՂՀ իշխանություններին մեղադրում էին ընդդիմության բացակայության մեջ: Ղարաբաղցիներն էլ ընդդիմության բացակայությունը պատճառաբանում էին պատերազմական վիճակով և իրենց միասնականությամբ: ոնե ձևականորեն այժմ այդ մեղադրանքի հիմքերը վերացել են: Լեռնային Ղարաբաղում քաղաքական կյանք է հայտնվում: Դրական է դա, թե բացասական, իրականություն է դառնում: Հուսանք, որ քաղաքական կյանքի կամ քաղաքական կուսակցությունների ի հայտ գալը ԼՂՀ-ում չի ստեղծի այն վիճակը, երբ հինգ հոգով վեց երգ կերգեն: Բոլոր դեպքերում` և պարտադրված միասնականությունն է վտանգավոր, և պարտադրված կուսակցականությունը:
Միջազգային հանրությունը կարող է ևս մի տասնյակ տարի հետևել «գործընթացներին», որ իշխանություն են ձևավորում, կարող է ավելի մեղմ կամ ավելի կոշտ հայտարարություններ անել: Հարևաններն էլ կարող են իրենց շահերից ելնելով` գնահատել: Մենք չենք շտապում` մենք ապրում ենք մեր տանը` դե ֆակտո, դե յուրե և նվազագույնը տարօրինակ կլիներ, որ սկսեինք ապրել նրանց պատկերացումներով, ովքեր առաջնորդվում են իրենց շահերով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ