Եկեղեցու և պետության գործառութային տարանջատումը կարևոր նախադրյալ է եղել, որպեսզի պետությունը չմիջամտի հոգևոր դասի գործերին և վերջինս էլ չծանրաբեռնի աշխարհիկ իշխանությունը կրոնական խնդիրներով։
Սա այն հաշվեկշիռն էր, որի շնորհիվ կարելի էր հասնել ինչպես կառավարման արդյունավետության, այնպես էլ հանրային հոգևոր պահանջմունքների բավարարման։ Ինչպես ասում են՝ Աստծուն Աստծուն` Կեսարինը Կեսարին։
Իրենց գործառութային անկախության մեջ Պետությունը և Եկեղեցին՝ որպես Աստծո կողմից հաստատված կառույցներ, ԱՆԲԱԺԱՆ ԵՆ և պետք է ծառայեն համընդհանուր բարիքին, որի իրականացման համար ունեն տարբեր գործառույթներ․ պետությունը տնօրինում է մարմինը իսկ եկեղեցին՝ հոգին։
Եվ, քանի որ ծառայական մարմինը պետք է ենթարկվի իշխանական հոգուն, հետևաբար աշխարհիկ իշխանությունը պետք է ենթարկվի հոգևորին։
Հետևաբար, Եկեղեցուն, այսինքն Հոգուն ենթարկեցնելու ձգտումները հանգեցնում են Պետության, այսինքն` Մարմնի թուլացման և վերացման։ Սա անխուսափելի դատավճիռն է։
Եկեղեցու դեմ պայքարը դա նաև Ժողովրդի և ժողովրդավարության դեմ պայքար է, քանի որ Եկեղեցի (ecclesia) պարզապես նշանակում է ԺՈՂՈՎ, ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։
ՀՀ սահմանադրությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ, այն ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ Է, որի բացառիկ առաքելությունը Սահմանադրությամբ արտահայտվում է՝ հիմք ընդունելով՝
ա) ազգային մշակույթի զարգացումը,
բ) ազգային ինքնության պահպանումը (Սահմ․ հոդ. 18, մաս 1-ին)։
Սահմանադիրը «բացառիկ առաքելության» ներքո նկատի է առել եկեղեցու կողմից հայ ժողովրդին մատուցած հոգևոր, բարոյական, նյութական ծառայություների այնպիսի ծավալ և որակ, որը պատմության ընթացքում որևէ այլ կազմակերպություն կամ կառույց երբևէ չի ստանձնել։
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ
Հ.Գ.
Հայաստանի Առաջին Հանրապետության և Եկեղեցու միջև դաշնագրից մի հատված.
«Հայ Առաքելական Մայր Եկեղեցին օրհնում է Հայաստանի Հանրապետության օրինական վեհապետական իշխանությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Մայր Աթոռի և Նորին Վեհափառության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախամեծար ու գերիշխան իրավունքները ազգային-եկեղեցական և կրոնաբարոյական խնդիրներում»։