(Պողոսյանների մասին)
Այս նկարում հայրիկիս հորեղբոր տղաներն են՝ իրենց տիկնանց հետ։
Նրանց երբեք չենք տեսել՝ ո՛չ պապիս, ո՛չ հայրս, ո՛չ էլ մենք, բայց ես հույս եմ փայփայում, որ Պողոսյանների գերդաստանը միավորվելու է։ Պապիկս իր ընտանիքին կորցրել է Մեծ Եղեռնի կոտարածի ժամանակ։
Հայրս, ցավոք, չի տեսել անգամ իր հայրիկին, նա մահացել է Հայրենական պատերազմի ժամանակ։ Պողոսյանների ընտանիքի մասին լսել է միայն տատիկիցս և պապիկիս ընկերներից և ծանոթներից։ Փորձեմ պատմել այն, ինչ պատմել է ինձ հայրս։
Պապս՝ Արամ Պողոսյանը (ցավոք, հայրանունը չենք հիշում), ապրել է Ղարս քաղաքում (որոշ տեղեկություններով՝ Ալաշկերտ), հարուստ ընտանիքում։
Նա տան ամենփոքրն է եղել և, հետևաբար, հիշել է տեղի ունեցածը շատ մշուշոտ։ Նրան փրկող մարդուց է իմացել կատարվածը։
Երբ 1915 թ. սկսվել է հայերի ջարդը, այդ սասափելի լուրը հասել է նաև Կարս քաղաք։ Մեծ խուճապ է սկսվել քաղաքում, մարդիկ սկսել են վազվզել, աղաղակել, որ թուրքերը մոտ են և ահա կմտնեն քաղաք և բոլորին կկոտորեն, ինչպես մյուս բնակավայրերում։ Սայլեր են լծել և շտապել լքել քաղաքը. դա փրկության միակ հույսն էր։
Հենց այդ խուճապի մեջ էլ պապիս վախից վազել և թաքնվել է հարևանի սայլի մեջ։ Ինչպես հետո այդ մարդը (հարևանը) պատմել է, տեսել է, թե ինչպես է պապիկիս ընտանիքը փորձում գտնել իրենց փոքր որդուն։ Երկար փնտրտուքից հետո խեղճ մայրը ուշագնաց է եղել՝ որդու անունը շուրթերին, լսելի են եղել արդեն մարդկանց աղեկտուր լացն ու ճիչերը և ուշագնաց մորը դնելով սայլը՝ Պողոսյանների ընտանիքը լացով հեռացել է տնից, որպեսզի փրկվեն մոտեցող թուրքերից։ Իսկ հարևանը, որի սայլի մեջ է եղել պապիս, այլ ուղղությամբ է շարժվել։ Եվ միայն բավականին ժամանակ անց է հանկարծ հարևանի կինը տեսնում սայլի մեջ դրած շորերի կույտերի տակ պապիկիս՝ կուչ եկած և վախից կարկամած։
Հետ դառնալն իմաստ չուներ, նախ դժվար գտնեին Պողոսյաններին, բացի այդ էլ, դա ահավոր վտանգավոր էր` թուրքերն արդեն ամենուր էին։
Եվ այսպես, պապիս՝ Արամ Պողոսյանը, հասնում է Ալեքսանդրապոլ։
Այդ ընտանիքը պապիկիս տվել է որբանոց, քանզի որբանոցում ավելի ապահով է եղել, երեխաներին գոնե կերակրել և օթևան են տվել, ինչից զրկված էին մազապուրծ եղած խեղճ գաղթականները։
Բայց կապը նրա հետ պահպանել են, հույս ունենալով՝ գտնել ծնողներին և երեխային վերադարձնել նրանց։ Բայց, ցավոք, ոչ մի տեղեկություն չեն կարողացել ստանալ, բայց միշտ պատմել են ծնողների մասին և ենթադրել, որ երևի թուրքերի յաթաղանին զոհ են գնացել:
Արամ Պողոսյանը մեծացել է, շատ հարգել է այդ ընտանիքին՝ նրանց համարելով իրեն հարազատներ։ Սովորել է գերազանց՝ լավ գործի անցել, ամուսնացել է, ունեցել երեխաներ, ապրել է երջանիկ, բայց միշտ երազել է գտնել իր ընտանիքին և միշտ և ամենուր փնտրել նրանց։ Բայց, ցավոք, ապրադյուն…
Սակայն խեղճ մարդուն վիճակված չէր ապրել և լինել իր ընտանիքի հետ երջանիկ։ Երեխաները տակավին փոքր էին՝ հինգ և մեկ տարեկան, երբ սկսվում է Հայրենական պատերազմը։ Նա մեկնում է պատերազմ, որտեղից էլ տուն չի վերադառնում…
(շարունակելի)
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ