«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հնարավոր պետականացումը առավել քան հակասում է այս իշխանությունների կողմից որդեգրված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը։
Ավելին` ազատականացմանն է հակասում նույնիսկ պետականացման մասին որևէ հիշատակում, առավել ևս` քաղաքական համատեքստում։
Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարումը իրականացվում է հակահամակարգային` «ручной режим»-ով։
Ինչպես և ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ընկերություն, ՀԷՑ-ը ևս առանձնանում է բազմաթիվ խնդիրներով, որոնց ինքս բազմիցս հրապարակավ անդրադարձել եմ։
Սակայն, նախ անթույլատրելի եմ համարում երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկը քաղաքական-կոնյունտուարային նպատակներով օգտագործելը։
Միաժամանակ, ակնհայտ է, որ ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։
Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։
Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։
Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։
Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում, երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալու եկամտաբերության այնպիսի մակարդակի, որպեսզի սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը։
Այսպիսով, տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում։
Վահե ԴԱՎԹՅԱՆ