Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Եթե մարդու վրա հարձակվում են սրով, վահան է պետք` պաշտպանվելու համար»

«Եթե մարդու վրա հարձակվում են սրով, վահան է պետք` պաշտպանվելու  համար»
14.03.2014 | 12:07

«Իրատես de facto»-ի հյուրն է իմ և շատերի սիրելի երգչուհի ԶԱՌԱ ՏՈՆԻԿՅԱՆԸ:
«Բալենի», «Զուռնա», «Կապույտ երազ», «Պայծառ արեգակ»… Դժվար է թվարկել բոլոր այն երգերը, որոնցով իր հանդիսատեսին գերել և մինչ օրս կարոտախտի զգացումներով է լցնում երգչուհին: ՈՒ կարոտի այդ անդիմադրելի պոռթկումը երկուստեք է:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Կրկին երգում է 70-ականների Երևանը» համերգային երկօրյա ծրագրի ընթացքում նրա ունեցած ելույթները ասվածի լավագույն վկայություններն էին:
Եվս մեկ վկայություն է այս հարցազրույցը` կարճ ժամանակով հայրենիք այցելած երգչուհու հետ:

«ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԼԻՆԻ ԻՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ»


-Զառա, երկար տարիների բացակայությունից հետո եկաք Հայաստան և միանգամից հայտնվեցիք լրատվամիջոցների հետաքրքրության դաշտում, ունեցաք ելույթներ «Երգ երգոց» հեռուստատեսային ծրագրում, «Կրկին երգում է 70-ականների Երևանը» համերգային նախագծում: Այսպե՞ս էիք պատկերացնում Ձեր վերադարձը:
-Ճիշտն ասած` այսպիսի ընդունելության չէի սպասում: Բայց սա իմ վերադարձը չէ` մեծ առումով: Ես ընդամենը մի քանի երգ եմ ներկայացրել, և չէի սպասում նման սիրո դրսևորում ժողովրդի կողմից: Այդ չափի սեր, այդ չափի կարոտ չէի սպասում: Ինձ համար ամենակարևորը ժողովուրդն է, մնացյալն ավելորդ է, անկարևոր: Ես ուղղակի ճախրում եմ օդերի մեջ այդ սիրո շնորհիվ:
-Եթե սա վերադարձ չէր, ուրեմն ո՞րն է վերադարձը` ըստ Զառա Տոնիկյանի:
-Վերադարձը վերադառնալն է` ընդմիշտ այստեղ մնալու պայմանով: Իսկ արվեստի առումով վերադարձը կլինի իմ մենահամերգը:
-Կա՞ն նախադրյալներ այդպիսի վերադարձի համար:
-Հուսով եմ` այո՛: Տագնապով ու հաճույքով սպասում եմ դրան:
-Երաժիշտների ավագ սերունդը չափազանց ջերմ է արտահայտվում Ձեր մասին: Արամ Սաթյանը, որ դեռ Ձեր երիտասարդ տարիներին` 1980-ականներին, մի ելույթի ժամանակ ասաց, թե հայ էստրադայի ապագան Գեորգի Մինասյանն ու Զառա Տոնիկյանն են, այսօր էլ հայտարարում է, թե Դուք ունեք բացառիկ մաքուր երգեցողություն: Երվանդ Երզնկյանը հայտարարում է. «Առանց Զառայի մեր երգային պալիտրան թերի է»: «Կրկին երգում է 70-ականների Երևանը» համերգի ընթացքում Ձեզ հենց վետերանները` Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանն էին նվագակցում: Այս ամենին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Գիտե՞ք, այդ գնահատականները լսելիս ես չեմ կարողանում իմ երջանկության չափը պատկերացնել: Այդ չափը պարզապես չկա:
-Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ էլ ինքներդ Ձեզ հարց տվեցիք. «Դա երջանկությո՞ւն է, թե՞ ավելին»: «Կրկին երգում է 70-ականների Երևանը» համերգից հետո, երբ հանդիսատեսը հոտնկայս էր Ձեզ ծափահարում, և կուլիսներում երկար հերթ էր գոյացել Ձեզ հասնելու համար, գտա՞ք այդ հարցի պատասխանը:
-Այո՛, գտա: Դա ավելին է, քան երջանկությունը, քանի որ ինձ, իմ երգը ոչ միայն ընկերներս, կոլեգաներս, իմ ժամանակի մարդիկ են սիրում, այլև երիտասարդները: Ինչպե՞ս կարող է այդ սերունդը սիրել 70-ականների մի երգչուհու, չեմ պատկերացնում: Չէ՞ որ այսօր ուրիշ ոգի է, ուրիշ մթնոլորտ, ուրիշ երաժշտական ուղղություն: Բայց ինձ սիրում են, ընդունում: Այո՛, սա ավելին է, քան երջանկությունը: Իհարկե, իմ մասին լավ կարծիքների պակաս չի եղել նաև տասնամյակներ առաջ: Ռոբերտ Ամիրխանյանի «Դու իմ երգն ես» երգը, որ մենք անվանում ենք «Զուռնա», ես ձայնագրել եմ առավոտյան ժամը իննին: Այդ ժամին ոչ մի երգչուհու ձայն չի կարող լիարժեք հնչել: Դա արտառոց բան էր: Այդ երգը ձայնագրվել է մեկ անգամից: Հնչյունային ռեժիսորը, որը հրեա էր, Կոնստանտին Օրբելյանին ասաց, որ իր քառասնամյա փորձառության ընթացքում ձայնի այդպիսի մաքրություն առավոտյան ժամին ինքը չի հիշում: Բայց հիմա ես մի քիչ տխուր եմ, որովհետև ինչ-ինչ խնդիրներ ինձ խանգարեցին լիարժեք երգել Ձեր նշած համերգի ժամանակ:
-Բայց հանդիսատեսն անլիարժեքության տպավորություն չի ստացել Ձեր ելույթից:
-ՈՒրախ եմ, որ այդպես է: Բայց հիմա ես շատ խոցելի եմ դարձել: Մի փոքր պատճառը բավական է, որ հոգեպես ընկճվեմ: Իսկ երբ ցավեցնում են բեմ դուրս գալու պահին, արդեն հուզվում եմ այնքան, որ որոշ նոտաներ ճիշտ չեմ վերցնում: Համենայն դեպս, ես աշխատեցի անել այնպես, որ ժողովրդիս գոհացնեմ այն երեք երգով, որոնք երգել էի անցյալում: ՈՒ եթե ես բեմ դուրս գալուց առաջ ինչ-ինչ բացասական էմոցիաներ ունեի ներսումս, ապա բեմից հեռացա անասելի երջանիկ, առավել քան դրական էմոցիաներով:
-Ձեր բացակայությունը մեծ դատարկություն էր գոյացրել հայ էստրադային բեմում, և մարդիկ ցանկանում էին գոնե ինչ-որ լուր առնել Ձեզնից, իմանալ, թե որտեղ եք, ինչով եք զբաղված: Չգիտեմ, թե որքան ապահով է եղել Ձեր կյանքը Բելգիայում, բայց հիշում եմ Արամայիս Սահակյանի մի հեռուստատեսային հաղորդումը, որ նա տարիներ առաջ նկարահանել էր Բելգիայում` այնտեղ ապրող հայերի, այդ թվում՝ Ձեր մասնակցությամբ: Ձեզ առաջարկվեց կատարել Ձեր երգերից մեկը, և Դուք անգամ բառերը չմտաբերեցիք: Ես, որ միշտ եմ եղել Ձեր երկրպագուն, պարզապես կարկամել էի: Ինձ համար դա անասելի մեծ ցավ էր, իսկական ցնցում: Այնպիսի զգացում ունեի, որ Դուք Ձեզ շատ անհարմար եք զգում տեսախցիկի առաջ, կգերադասեիք չլինել այդտեղ: Իրո՞ք այդպես էր:
-Ես հիացած եմ Ձեր հոգեբանական խորաթափանցությամբ: Այո՛, ես անհարմար վիճակում էի: Այնտեղ կար մի հայ կին` փաստաբանի քարտուղարուհի, որն իմ փոխարեն Արամայիսին հայտնել էր, թե ես չեմ ցանկանում մասնակցել իր հաղորդմանը: Ես նման բան չէի ասել, և ստիպված եղա ինքս գտնել Արամայիսին, ինքս հասնել նրա նկարահանման վայրը, որը բավական հեռու էր իմ բնակավայրից: Նախ ես չէի ցանկանում նեղացնել Արամայիսին, ապա և դեմ չէի հանդես գալուն հայ հեռուստադիտողի առաջ: Բայց տեսեք, թե մարդկային չարությունն ինչ դրսևորումներ կարող է ունենալ. իմ փոխարեն, իմ անունից ինչ-որ հայտարարություն անել, որի հետ ես ոչ մի կապ չունեմ: ՈՒ այդ պատմությունը, նաև նկարահանման ընթացքում եղած որոշ տեխնիկական անհարմարություններ ինձ հունից հանեցին, և ես մոռացա երգիս բառերը: Այո՛, ես ինձ շատ անհարմար վիճակում էի զգում: Լինում են պահեր, երբ հոգնում ես կյանքից, մարդկային չարություններից: Եթե առաջ երիտասարդ էի, դիմադրողականություն ունեի, հիմա արդեն դիմադրողականությունս պակասել է: Ինձ թվում է, եթե մի քիչ էլ շարունակվեն իմ դեմ նյութվող դավերը, ես կթողնեմ բեմը:

«Ե՛Վ ԹԹՈՒ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂԸ, Ե՛Վ ԱՆԳԱՄ՝ ՈՐԴՆԱԾ»


-Հիմա ի՞նչ, մեր սիրելի երգչուհի Զառա Տոնիկյանը մնո՞ւմ է Երևանում` ի հեճուկս այլևայլ խոչընդոտների, իր դեմ նյութվող դավերի, թե՞ վայր է դնում զենքերն ու լքում իրեն այդքան սիրող, այդքան երկար սպասած հանդիսատեսին: Ձեր պատասխանն իմանալուց առաջ շտապեմ ասել, որ շատերիս համար են անհնարինության չափ դժվար ապրելն ու չկոտրվելը Հայաստանում, բայց և այնպես դիմանում ենք` թեկուզ և ի հեճուկս նրանց, ովքեր համառորեն ջանում են մեզ կոտրել:
-Ես պատրաստ եմ վերադառնալու: Խնդրում եմ չմոռանալ, որ եթե շատերի համար երկրից դուրս գալու հնարավորությունը բացվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ապա ես այն մարդկանցից եմ եղել, որ շրջել են աշխարհով մեկ դեռ խորհրդային տարիներին: Մեզ համար բաց է եղել աշխարհը, մենք շնչել ենք յուրաքանչյուր երկրի օդը, զգացել նրա ոգին: Ամեն անգամ, երբ մեր ինքնաթիռը մոտենում էր վայրէջքի, և հստակ երևում էր տվյալ երկրի համայնապատկերը, մենք տանիքների տեսքից արդեն կարող էինք դատողություն անել այդտեղ տիրող սոցիալական վիճակի մասին: Բայց ոչ մի երկրով ես չեմ գայթակղվել, չեմ ցանկացել լքել Հայաստանը: Արգելված պտուղը միշտ քաղցր է: Մարդիկ, որ հնարավորություն չունեին լինելու արտասահմանյան երկրներում, մտածում էին, որ դրանք հենց քաղցր պտուղներ են: Բայց մենք, որ լինում էինք դրանց ներսում, տեսնում էինք, որ և՛ թթու կարող է լինել այդ պտուղը, և՛ անգամ` որդնած: Ես, իսկապես, երբեք չեմ ձգտել մնալ արտերկրում: ՈՒ հիմա էլ երազում եմ վերադառնալ: Բայց խանգարող մարդիկ, հանգամանքները, որ ձգտում են ինձ նորից վռնդել իմ երկրից, չափազանց շատ են: Չգիտեմ` կկարողանա՞մ դիմադրել: Եթե մարդու վրա հարձակվում են սրով, նա պետք է վահան ունենա պաշտպանվելու համար: Իսկ իմ ունեցածը միայն ձեռքս է: Ձեռքս չեմ կարող սրի դեմ պահել: Եթե ունենամ այդ վահանը, այդ պաշտպանությունը, անպայման կվերադառնամ:


«ՄԻՏՔԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ՀՈԳԻՆ»


-Բելգիայում ապրելով էլ Դուք չեք հեռացել երգից: Պատմեք, խնդրեմ, այնտեղ ծավալած Ձեր ստեղծագործական գործունեության մասին:
-Միայն Բելգիայում չէ, որ երգում եմ: Իմ համերգային գործունեությունն ընդգրկում է ամբողջ Եվրոպան: Վերջին 4-5 տարում երևի թե երկու ելույթ եմ ունեցել, որովհետև հիվանդ մայրիկիս էի խնամում այնպես, ինչպես մայրը կխնամեր իր բարուրի երեխային: Մոտ երկու տարի է, ինչ բաժանվել եմ մայրիկիցս, և կարծում էի, որ ընդհանրապես չպիտի երգեի դրանից հետո: Ցավն այնքան մեծ էր, չերգելու ընթացքն այնքան երկար, որ չէի պատկերացնում իմ վերադարձը երգին: Մինչև մայրիկիցս բաժանվելը կորցրել էի նաև եղբորս, որը երկար տարիներ հիվանդ էր, և նրա խնամքը նույնպես ինձ թույլ չէր տալիս հաճախ լինել բեմում: Եղբայրս տասը տարի առաջ մեզ լքեց, բարձրացավ երկինք, և դա էլ դարձավ մորս ծանր հիվանդության պատճառը: Ես այդ պայմաններում ընդամենը ժամանակ առ ժամանակ, «պրոֆիլակտիկայի» համար էի երգում, որպեսզի հասկանամ` ձայնս պահպանվե՞լ է, թե՞ ոչ: Բայց վերջին չորս տարում ընդհանրապես չէի երգել: ՈՒ լռությունը խախտվեց այստեղ` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Միտքը չի մեռնում, ինչպես և հոգին: Երբ մարդը մահանում է, նրա միտքը մնում է ինչ-որ տեղ` մթնոլորտային ինչ-որ շերտում: Մայրս աղոթում էր Աստծուն, որ իրեն շուտ տանի, որ իր աղջիկը նորից բեմ բարձրանա: Այդ միտքը մնաց մթնոլորտային ինչ-որ շերտում և իր գործողությունը կատարեց: Ես երգեցի, թեև չէի պատկերացնում, թե նորից կերգեմ, բեմ կբարձրանամ:
-Դուք երգում էիք բելգիացիների հե՞տ:
-Այո: Դա երաժշտախումբ էր, որի հետ ես հանդես էի գալիս որպես սոլիստ: ՈՒ ապշած եմ. մարդիկ իմ երգերի ազդեցության տակ արտասվում էին: Ոչ մի բառ հայերեն չիմացող, Հայաստանի մասին առանձնապես պատկերացում չունեցող մարդիկ արտասվում էին իմ երգը լսելիս: Երբ մի անգամ հարցրի մեծահարուստ մի բելգիացի տիկնոջ, թե ինչու է նա արտասվում իմ երգը լսելիս, ասաց, որ փոքր ժամանակ, լսելով «Բիթլզի» երգերը և ոչ մի բառ չհասկանալով, ինքը արտասվել է, նույն զգացողությունն է ապրում, երբ իմ երգն է լսում: Այսինքն` ես մարդկանց կարողանում եմ հուզել: ՈՒ երբ ես դադարել էի երգելուց, խումբը կարծես կորցրել էր իր պահանջարկը: ՈՒ հենց իրենք էին ստիպում ինձ երգել: Եվ մորս ու եղբորս ուրախությունն էր ինձ ոգևորում, որ բեմ բարձրանայի: Նրանք շատ էին ուրախանում, որ ես երգում եմ, որ չեմ թողել բեմը: Իհարկե, դա նաև նյութական խնդիր էր լուծում, մենք դրանով ապրում էինք:
-Ինչպե՞ս Ձեզ հայտնաբերեցին Բելգիայում` որպես երգչուհու:
-Ես, Բելգիայում հայտնվելով, խնդրեցի ինձ տեղավորել մի խուլ վայրում: Չէի ցանկանում հանդիպել հայերի: Բայց ինձ այնտեղ էլ գտան: Մի հայ տղա` Մաքսիմ անունով, ինձ ճանաչեց, ու ես ստիպված էի խոստովանել, որ ես ես եմ: Մաքսիմը լուրը տարածեց ամբողջ քաղաքում, և հաջորդ օրն իսկ բոլորը գիտեին իմ` այնտեղ գտնվելու մասին: Ես երկու անգամ ամերիկյան վիզայից եմ հրաժարվել: Կարող էի գնալ, իսկույն աշխատանքի անցնել, որովհետև ճանաչված և սիրված էի Ամերիկայում` որպես երգչուհի: Ամիսներ անց կդառնայի քաղաքացի և հարազատներիս ինձ մոտ կտանեի: Բայց եղբայրս շատ ծանր վիճակում էր, ես չէի կարող նրան մորս հետ այստեղ թողնել, որովհետև վստահ չէի, որ նրանք կկարողանան գոյատևել իմ բացակայության ընթացքում, դիմանալ ցրտին, քաղցին, հիվանդությանը: Ինձ պետք էր եղբորս կյանքը փրկել: Այդ պատճառով էլ ես ընտրեցի այն երկիրը, ուր կարող էինք գնալ երեքով: Ընդամենը սա է եղել իմ հեռացումի պատճառը: Եվ հիմա մեծ ուրախությամբ պատրաստ եմ վերադառնալու, եթե կարողանամ հաղթահարել եղած դժվարությունները:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ